ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Բնականաբար, աշխարհի առաջնության արդյունքներն իրենց էական ազդեցությունն են թողել նոր ցանկի վրա: Մասնավորապես, ցուցակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի եւ արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականները: Իսկ ահա ցուցակի առաջատար Բրազիլիայի ընտրանին նահանջել է 3-րդ հորիզոնական: 4-րդ տեղում աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Գերմանիայի ընտրանին է, որին հաջորդում են Արգենտիայի, Ուրուգվայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Եգիպտոսի եւ Չիլիի հավաքականները:
Հայաստանի հավաքականը 4 հորիզոնականով բարձրացել է եւ զբաղեցնում է 96-րդ տեղը: Ադրբեջանի հավաքականը 106-րդն է, Վրաստանինըՙ 111-րդը: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն ռուսները, որոնք 6 հորիզոնականով նահանջել են եւ զբաղեցնում են 17-րդ տեղը: Աշխարհի առաջնության մասնակից Սլովակիայի հավաքականը 27-րդ տեղում է: Իռլանդացիները 36-րդն են, մակեդոնացիներըՙ 66-րդը: Անդորրայի ընտրանին 201-րդ տեղում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ