«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՈՀ` ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ԴԵՄ

ՀՀՇ 16-րդ համագումարի շուրջը ստեղծված ինտրիգն այնքան մեծ էր, որ համագումարին, անկեղծ ասենք, շատերն էին սպասում. եթե ՀՀՇ ղեկավարությունը փոխվեր այնպես, որ այնտեղ դերակատար դառնային Կարապետ Ռուբինյանը, Վահան Փափազյանը եւ նրանց նման լայնախոհ մի քանի այլ ՀՀՇ-ականներ, ուրեմն կարելի կլիներ ասել, որ մշտապես բարձրաձայնվող սերնդափոխության մասին խոսակցությունը միայն խոսակցություն չէ ՀՀՇ-ում, եւ նոր տիպի մարդկանցով ՀՀՇ-ի մոդեռնացումը կարելի կլիներ կայացած փաստ համարել: Սակայն դա տեղի չունեցավ: Ճիշտ է, ՀՀՇ վարչության նախագահ ընտրված Արամ Մանուկյանը համարվում է ՀՀՇ-ի չարատավորված գործիչներից, որի առաջադրումով փաստորեն ՀՀՇ-ի փաստական առաջնորդը (բոլորը գիտեն, թե ո՞վ է նա) հույս ունի ՀՀՇ-ի անունը մաքրել տարբեր տեսակի բծերից, սակայն Արամ Մանուկյանն էլ հայտնի է նրանով, որ 100 տոկոսով նվիրված է Տեր-Պետրոսյանին, այսինքն հենց վերջինիս կառավարման տակ է լինելու այս ուժը առնվազն մինչեւ խորհրդարանական եւ նախագահականան ընտրությունների վերջը:

ՀՀՇ համագումարի լիքը դահլիճը ցույց տվեց, որ այս այս ուժը թեեւ ոչ մեծ ծավալներով, բայց այնուամենայնիվ, հավատարիմների կայուն թվով (դահլիճում 20 տարի առաջվա նույն դեմքերն էին` նույն ոգեւորությամբ) դեռ գլխացավանք է պատճառելու իշխանություններին եւ իշխանական կուսակցություններին` ոչ շատ ստվար, բայց կայուն ընտրազանգվածի առումով:

«Ավազակապետություն» բառը կարծեմ մեկ անգամ հնչեց, այն եւս` Լեւոն Զուրաբյանի կողմից, արտահերթ ընտրությունների մասին դեռ խոսում էին, ողջունողներից Արամ Զ. Սարգսյանը նույն էմոցիոնալն էր, Ստեփան Դեմիրճյանը էլի դեռ անցյալ ընտրությունների ստվերներից չէր ազատվել, բայց խոսեցին այն, ինչ սովորաբար սպասվում էր նրանցից: Սակայն այն, ինչ խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը , նրա քաղաքակական նկարագրի մեջ թեեւ տարբեր ժամանակներում առկա է եղել, սակայն այս անգամ գոնե ինձ թվաց ոչ իր տեղում եւ ոչ իր ժամանակին:

Փաստորեն` Հայաստանի առաջին նախագահը ինչպես որ 15 տարի առաջ ասում էր` «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել», շաբաթ օրվա համագումարում նույնն ասաց` այլ բառապաշարով եւ այլ տերմինոլոգիայով: Մինչ այդ` կանգ առնենք ՀՀՇ-ի ներկուսակցական խնդիրներին նրա արձագանքին, որն առաջին շարքերում նստած կարկառուն ՀՀՇ-ականների դեմքի արտահայտությունից անգամ կարելի էր նկատել, նորություն ու անսպասելի էր: Նա փաստորեն հաստատեց ՀՀՇ-ում իշխանամետ շաժումների իրողությունը. «Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ ՀԱԿ-ի միջեւ: Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել», ասաց նա, հորդորելով մոտավորապես, թե` գիտակցեք, վերջապես, ՀԱԿ-ը անփոխարինելի դերակատարություն ունեցող գործոն է, ՀՀՇ-ի եւ կոնգրեսի համագործակցությունն անսասան է, այն քայքայել կամ վերացնել հնարավոր չէ: Մի խոսքով` ճեղքերը ծեփեց, իսկ իշխանությունների ՀՀՇ-աներս գործողություններն անվանեց ճղճիմ վնասարարություն:

Բայց վերադառնանք ղարաբաղյան խնդրին, որի վրա բավական տեւական կանգ առավ առաջին նախագահը` լրագրության հնաբնակներիս մեջ արթնացնելով հուշը 1995-ի Տեր-Պետրոսյանի վերաբերյալ:

«Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու», ասաց նա` հավելելով, թե հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս քվոյի պահպանմանը, նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը. «Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի: Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց, քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել»:

Նա ասում էր, որ քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը, պատերազմի վտանգը վերացած չի կարելի համարել, Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը... եւ ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը: Եվ... եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը: Ըստ Տեր-Պետրոսյանի` եթե ոչ ԱՄՆ-ը, ապա Եվրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այն մտքին, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի կենսական շահերի ոլորտն է եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվ միջամտել Անդրկովկասի գործերին. «Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում», ասում էր Տեր-Պետրոսյանը` հետեւեցնելով, որ կենսական այս խնդիրների լուծումը մեր երկրի իշխանությունը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում:

Ամեն ինչ ճիշտ է, տրամաբանութուն այս ողջ վերլուծության մեջ կա, բայց այնպիսի մի տրամաբանություն, որը կարող է ունենալ, ասենք, համագումար հրավիրված եւ Տեր-Պետրոսյանի կողքին նստած Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչը, որը տանը նստած քաղցր սոուսով սագի մսի ռագու ուտելիս` կարող է այդպիսի վերլուծություն անել իր կնոջ համար: Սակայն սա մեր երկիրն է, անգամ եթե 100 տոկոսանոց ճշմարտություններ լինեին Տեր-Պետրոսյանի ասածները, չպիտի լիներ կոտրել հայ մարդկանց մեջքը, եւ մենք էլ ազգովին պիտի ջանայինք այդ իրողությունները տեղաշարժել մեռյալ կետից մեր օգտին: Մինչդեռ բոլոր տեսակի ճշմարտություններն ամեն օր շարժման եւ վերանայման մեջ են, ամեն օր կարող է շեշտադրում ու շահ փոխվել, անգամ Տեր-Պետրոսյանի մատնանշած Ռուսաստանին մի օր կարող է ակտուալ թվալ մադրիդյան սկզբունքների հիմքով փաստաթղթի ստորագրումը, իսկ մյուս օրը տարբեր տնտեսական ու քաղաքական գործոնների կամ նոր հանգամանաց երեւալու պատճառով կարող է որոշ ժամանակով գաղափարը կողքի դրվել: Հենց թեկուզ վերցրեք ու ընթերցեք Ալմաթիի` համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը վառ օրինակ է, թե ինչպես է ցանկալին իրականություն ներկայացնում հենց Տեր-Պետրոսյանը. ՀԱԿ-ին մոտ կանգնած վերլուծաբաններն ասում էին` փաստաթուղթ է ստորագրվելու 5+2 ֆորմատով, տարածքները տալիս են մեր իշխանությունները- որ տալիս են` տվեցի՞ն, փաստաթուղթ ստորագրվե՞ց. համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունն ընթերցելով կարելի է եզրակացնել, որ փոխհամաձայնությունը նույնքան հեռու է, որքան Լ,Աքվիլայում էր, որքան Մադրիդում էր: Իսկ Տեր-Պետրոսյանի կազմալուծող հայտարարությունները հենց նրա ելույթից հետո ընդմիջման ընթացքում խելացի եւ կազմակերպված ՀՀՇ-ականի համբավ ունեցողներից շատերը քննադատում էին: Հայտնի բան է` պատերազմական վիճակում գտնվող երկրներում հակառակորդը միշտ կազմալուծող ապատեղեկատվություն կամ հոգեբանական գրոհ է կազմակերպում. ահա առաջին նախագահի ելույթը կարելի է հոգեբանական գրոհ համարել` սեփակական ազգի դեմ: Ասենք` Տեր-Պետրոսյանի դեպքում սա նորություն չէ, ժամանակին նա ամեն ինչ պայմանավորում էր Ղարաբաղի հարցը փաթեթով լուծելու հետ, ոչինչ չի փոխվել, ուրիշ մարդիկ փոխվում են, Տեր-Պետրոսյանը` ոչ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Նշենք, որ ՀՀՇ վարչությունը 25 հոգուց ընդարձակվեց եւ դաձավ 31, նրա կազմում են նաեւ Վանո Սիրադեղյանը (հեռակա), Արարատ Զուրաբյանը, իսկ ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը ՀՀՇ համագումարին չէր մասնակցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4