«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ` «ՄԻՄՅԱՆՑ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ»

Երբ Հայաստանում կամ Վրաստանում բարձրագույն էշելոններում խոսում են հայ-վրացական հարաբերությունների մասին, սեղանակիցների զրույցի տպավորություն են թողնում: Գրեթե միշտ ինչպես ժողովուրդն է ասում, «ջան ասում, ջան լսում են»: Ավելին, հաճախ երկու կողմն էլ հանդգնություն են ունենում հայտարարելու, թե չկա որեւէ հարց, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ լուծելի չլինի, բայց ամենափոքր հարցերն իսկ չլուծված մնում են տասնյակ տարիներ:

Պարզվում է, Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւս կենացային մակարդակում են, ավելին, այստեղ Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց սեր են խոստովանում, հավատարմության երդում տալիս, այն էլ այնպիսի պաթոսով, կարծես վրաց-ադրբեջանականի նման հարաբերություններ որեւէ այլ երկու երկրների միջեւ գոյություն չեն ունեցել ու չեն էլ կարող ունենալ:

Կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գոնե հանրության համար գրեթե հանկարծակի որոշել էր աշխատանքային այցով հայտնվել Վրաստանում: Հայտնվել էր ու հասել միանգամից Բաթում` տիկին Մեհրիբանն էլ հետը, չնայած այցն աշխատանքային էր կոչվել: Հայ-վրացական «եղբայրության» մասին երբեմն հայտարարող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խոսքերով, պարզվում է, Ադրբեջանի հետ էլ հարաբերությունները «ոչ միայն ռազմավարական գործընկերային են, այլեւ իսկական եղբայրական»:

Ինչպես ասում են, այդուհետեւ ավելի ցնցող են հայտարարությունները: Սաակաշվիլին ասել է. «Վրաստանն ու Ադրբեջանը մեկ ընտանիքի մասեր են, եւ հարցերը, որ ցավոտ են Ադրբեջանի համար, ցավոտ են նաեւ Վրաստանի համար»: «Ցավդ էլ տանեմ», ուրիշ կերպ չի լինում ձեւակերպել Սաակաշվիլու` թերեւս Ադրբեջանի առաջին տիկնոջ ներկայությամբ պայմանավորված ոգեւորությունը, որ հաջորդ մտքում արդեն հասնում է գագաթնակետին. «Մենք պետք է համադաշնային հարաբերություններ ձեւավորենք, որոնք ավելի բարձր են սովորական միջպետական հարաբերություններից: Մենք միմյանց սկիզբն ու վերջն ենք»:

Ալիեւ կրտսերի ոգեւորությունը Սաակաշվիլու ոգեւորությունից ակնհայտորեն պակաս է եղել ու առավել գործնական: «Մեզ միավորում են համաշխարհային նշանակության խոշոր, վիթխարի նախագծեր, խողովակաշարերՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուպսա, Բաքու-Թբիլիսի-Էրզրում»:

Ձեռի հետ էլ Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները մի շարք համաձայնությունների են եկել, ըստ վրացական լրատվամիջոցների, այդ թվում նաեւ արագացնելու Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը: Ընդ որում, վրաց վարչապետի մի հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Վրաստանը մտադիր են միավորել էներգետիկ համակարգերը, անուղղակիորեն մատնացույց է անում հյուսիս-հարավ գազատարի վաճառքի առնչությամբ բարձրացած աղմուկում Ադրբեջանի հնարավոր դերակատարությանը:

Սա էլ մեզ` հայերիս համար Սաակաշվիլու ադրբեջանամետության մի նոր ու աչք ծակող ռեւերանս:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4