«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸՙ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ

Հուլիսի 16-ին Բաթումում մեկնարկած Եվրոմիության ու Հարավային Կովկասի երկրների միջեւ ասոցացման համաձայնագրերի բանակցություններին երեկ սկիզբ դրվեց նաեւ Երեւանում: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին նախորդել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՄ կողմից բանակցող պատվիրակության հետ` Եվրոհանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորությամբ:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵՄ հետ համագործակցությունը առավել ծավալուն օրակարգով խորացնելու Հայաստանի կամքը արտահայտվել է մայիսին նախագահ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելությանը: «Հայաստանի անկախությունից ի վեր եվրոպական ուղղությունը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը հեռանկար է բացում ԵՄ-ի հետ նոր որակի պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի միջոցով, որի մեկնարկն ենք նախաձեռնել այսօր», ասել է Նալբանդյանը:

Եվրոմիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999 թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկամյա ժամկետով: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ-ի ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

Նախարարի գնահատմամբ, Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցությունը արտաքին քաղաքականության, քաղաքական երկխոսության, արդարադատության, ազատությունների ու անվտանգության, տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցության եւ շատ այլ ոլորտներում էական առաջընթաց է ապրել: Նրա խոսքերովՙ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, ԵՄ-ի խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում, ԵՄ հետ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության հաստատումը ընդգծել են երկու կողմերի հանձնառությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համագործակցությունը:

Նալբանյանի վկայությամբ, դեռեւս հուլիսի 6-ին Հայաստան-Եվրոպական միություն արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ենթահանձնաժողովը հաջողությամբ ավարտել է իր առաջին հանդիպումը: «Մենք ակնկալում ենք, որ այդ ձեւաչափով կառուցողական քննարկումները ճանապարհ կբացեն հնարավորինս շուտ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի կնքման համար: Կարեւորում ենք նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները` որպես Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս», ասել է Նալբանդյանը:

Եվրոպական միության բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնի ուղերձը բանակցությունների մեկնարկի կապակցությամբ:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4