Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Հուլիսի 17-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:
Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 5 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, եւ դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջեւ, այլեւ կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Կարծում ենք, որ Հայաստանի ոչ միայն մեծ քաղաքներում, այլեւ փոքր բնակավայրերում շնորհալի մարդիկ պիտի ունենան միեւնույն հնարավորությունները: Այս գիտակցությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը, իսկ այս համակարգչային սրահի բացումը մեզ համար հատկապես կարեւոր է, որովհետեւ անմիջապես կապված է մեր հիմնական բիզնես գործունեությանը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի եւ գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատեւությունն ու երկարատեւ հաջողությունը:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր եւ խոցելի համայնքների աջակցության եւ կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել եւ աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ վերջիններիս հնարավորություն տալ օգտվելու բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: