1980-ական թթ.-ի վերջերից ընդհատված Մ. Նահանգների Հայ եկեղեցու Արեւելյան թեմի վերամիավորման բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին, տեղեկացնում են «Ազգի» աղբյուրները Նյու Յորքից: Ըստ միեւնույն աղբյուրների, հունիսի 17-ին ՀՅԴաշնակցության տեղի կառույցները ներկայացնող մի պատվիրակություն առաջին անգամ քաղաքավարական այց է կատարել Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանինՙ շնորհավորելով նրան վերջերս կայացած վերընտրության առթիվ: Հիշեցնենք, որ 1956 թ.-ից ի վեր, երբ ՀՅԴաշնակցության ջանքերով երկփեղկվեց Հայ եկեղեցին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության (Անթիլիաս) կարգադրությամբ եւ վերջինիս ենթակայության ներքո կազմվեց անթիլիասական թեմՙ նաեւ Մ. Նահանգների երկու հատվածներում, որը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ճանաչմանը բնականաբար չի արժանացել: Անբաղձալի այդ կացությանը վերջ տալու եւ ժողովրդի ցանկությանը ընդառաջելու նպատակով անցյալ դարի 70-ական թթ.-ին վերամիավորման կամ միության խառն հանձնաժողով կազմվեց, որի աշխատանքները բաղձալի ավարտ չունեցան: Ահա նոր փորձ է կատարվելու այդ ուղղությամբ: