«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՅՈՒՐԻ ՉԵՌՆԻՉԵՆԿՈՆ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ

1991-ի փետրվարին Երեւան թռան մոսկվացի հինգ գրող, որոնք մտադրվել էին այցելել Լեռնային Ղարաբաղ, ապա նաեւ Բաքու: Մի խոսքով, որոշել էին, այսպես ասած, զուգակշռություն պահպանել: Նրանց անուններն ինձ լավ հայտնի էին. Թիմուր Գայդար, Վալենտին Օսկոցկի, Նույկին ամուսիններ (Անդրեյ եւ Գալինա) եւ Յուրի Չեռնիչենկո: Մինչ այդ ես երկար տարիներ հանդիպումներ էի ունեցել Չեռնիչենկոյի հետ: Եվ ոչ միայն «Լիտերատուրնայա գազետայի» էջերում: Քանիցս նա գործերով եկել էր Երեւան եւ ամեն անգամ անպայման այցելել իմ տուն: Հրապարակախոսական թեմաների բազմազանության մեջ մեզ միավորում էր թերեւս ամենասուր եւ ամենամեծ խնդիրըՙ խորհրդային գյուղացու, ավելի ստույգՙ կոլտնտեսականի ճակատագիրը: Քանզի «Լիտգազետայի» էջերում գյուղատնտեսության թեման բացահայտում էին, որպես կանոն, գեղջուկի կերպարի, հողագործի, հողատիրոջ կերպարի միջոցով:

Ձմեռային ցուրտ երեկո էր: Ես սպասում էի օդանավի վայրէջքինՙ վերհիշելով իմ վերջին հանդիպումը Յուրի Չեռնիչենկոյի հետ մոսկովյան բնակարաններից մեկում, որտեղ նշում էինք Սիլվա Կապուտիկյանի յոթանասունամյակը: Ի զարմանս հյուրերի, խոպանի եւ աշորայի հացի, գարնանացան հողատարածության եւ կարտոֆիլի, հերկոդի եւ սերմնացանի վերաբերյալ տասնյակ գրքերի հեղինակը հանկարծ գեղեցիկ եւ բարձրարվեստորեն արտասանեց Սիլվայի բանաստեղծությունըՙ այնպես, որ մենք բոլորս ախ քաշեցինք: Դա 1989-ի հունվարին էր: Հայ ժողովուրդն արդեն ապրել էր Սումգայիթի մղձավանջը եւ Սպիտակի ողբերգությունը: Սիլվայի խնդրանքով սեղանի մոտ երգեր չէին հնչում: Եվ ամբողջ անծայրածիր երկրում շրջած Յուրան պատմում էր միայն Հայաստանում իր ունեցած հանդիպումների մասին, որտեղ այնքան սիրում եւ մեծարում են Սիլվային եւ որտեղ կան սրբազան լիճ եւ աստվածաշնչյան լեռ:

Սիլվայի անվանակոչության տոնից երկու ամիս անց ես եւ Չեռնիչենկոն ընտրվեցինք ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ: Հիշում եմ, այն օրը, երբ մեզ հանձնում էին պատգամավորի վկայականներ, նա ինձ հեգնանքով հարցրեց. «Դե, ի՞նչ ենք անելու այս վկայականները»: Ես անմիջապես պատասխանեցի. «Մենք իրավունք կունենանք անվճար թռչելու ԽՍՀՄ ամբողջ տարածքով: Ես եւ դու ամեն շաբաթ կթռչենք Կամչատկայի Պետրոպավլովսկ եւ հակառակ ուղղությամբ»: Այդ կատակը բնավ մարգարեական չէր: Մենք սկսեցինք զբաղվել միանգամայն ուրիշ գործերով: Եսՙ միայն Ղարաբաղով: Նաՙ հսկայական երկրում լայնորեն հայտնի ռուս գրողը, հրապարակախոսը, հասարակական եւ քաղաքական գործիչը, տարիներ շարունակ «Գյուղական ժամ» հեռուստածրագրի վարողը, շուտով դարձավ վերակառուցմանն աջակցող գրողների համամիութենական «Ապրիլ» ընկերակցության համանախագահը ու նաեւ հիմնեց եւ գլխավորեց գյուղացիական կուսակցությունը: Բայց երբ մեզ համար ամենածանր պահին ծառացավ Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցը, նա թողեց բոլոր գործերը եւ թռավ մեզ մոտ:

«Ապրիլականները» լոկ մեկ գիշեր անցկացրին Երեւանում: Վաղ առավոտյան ես նրանց տարա «Էրեբունի» օդանավակայան, եւ «Յակ-40»-ի թռիչքից առաջ Չեռնիչենկոն ընդգծեց, որ վերադարձից հետո իրենք անպայման կթռչեն նաեւ Բաքու: Նա ավելացրեց. «Այդպես ավելի արդար կլինի»: Ես համաձայնեցի: Հիշեցրի, որ ակադեմիկոս Սախարովը մեզ մոտ գալուց առաջ եղել էր Բաքվում եւ համոզվել, որ այնտեղ ուզում եմ հարցը լուծել միայն արյան գնով: Հայտնեցի իմ կարծիքը. «Դուք ինքներդ կհրաժարվեք Բաքու մեկնելուց, քանի որ արդեն Ղարաբաղի օդանավակայանում ամեն ինչ կհասկանաք»: Նույն օրվա երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Յուրի Չեռնիչենկոն բարձրաձայն ասաց. «Այո, միանգամայն անօգուտ է Բաքու մեկնելը: Դրա կարիքը չկա: Ես չգիտեի, որ Ղարաբաղն այդքան լուրջ հարց է»:

Նույն երեկո ես Երեւանի առաջին հեռուստաալիքով վարում էի հաղորդում մոսկվացի հինգ գրողների մասնակցությամբ: Չեռնիչենկոն պատմեց, թե ինչպես Ադրբեջանի կոմկուսի ԿԿ երկրորդ քարտուղար Պոլյանիչկոն «ապրիլականներից» երեքին արգելել է դուրս գալ Ստեփանակերտի օդանավակայանի սահմաններիցՙ ընդունելով միայն իրեն եւ Գայդարին: Բայց երկուսն էլ կարողացել են այցելել ադրբեջանցիների օկուպացրած Բերդաձոր: Եվ ռուս գրողները ուղիղ եթերում պատմեցին, թե Արցախի գյուղերում եւ հենց օդանավակայանում ինչպես են ծանակում «բնիկ հայ ժողովրդին»:

Մեկ շաբաթ անց Մոսկվայումՙ գրողների կենտրոնական տանը մի խումբ ռուս մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվեց Ղարաբաղի օգնության կոմիտե: Նրանք գերխնդիր էին համարում Արցախի դուրսբերումը տեղեկատվական շրջափակումից: Կազմակերպությունը ստացավ «Ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե» անվանումը:

Ռուսաստանի մտավորականությունը իսկական բարոյական սխրանք գործեց, հնարավոր ամեն ինչ անելով չարագույժ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար: Իսկ վերջերս «Ամարաս» հրատարակչությունում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աջակցությամբ լույս տեսավ Անդրեյ Նույկինի «Ղարաբաղՙ իմ ցավ» ծավալուն հատորը: Այնտեղ պատմվում է «Ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի» ստեղծման մասին, հրապարակված են հեղինակի հոդվածները:

Յուրի Չեռնիչենկոյի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Չկան նաեւ Թիմուր Գայդարը եւ Վալենտին Օսկոցկին, որոնք մինչեւ վերջ մեզ հետ էին: Չարանենգ «Կոլցո» գործողությունից մեկ տարի առաջ Մութալիբովը եւ Պոլյանիչկոն ծրագրել էին հայկական ջարդեր կազմակերպել Շահումյանի շրջանում: Այն ժամանակ մեր խնդրանքով դերծովակալի համազգեստով Շահումյանի շրջան էր թռել Գայդարը եւ կարողացել էր կանգնեցնել արդեն սկսված եղեռնը: Օսկոցկին եւ Նույկին ամուսինները պատերազմի տարիներին քանիցս գնացել են առաջավոր գիծ եւ վիրավորներին դուրս բերել մարտադաշտից: Յուրի Չեռնիչենկոն ԽՍՀՄ ուրիշ ժողպատգամավորների հետ քանիցս մտել է խորհրդային պատասխանատու աշխատողների մոտ եւ կարողացել է կանգնեցնել ադրբեջանցիների հերթական արյունալի սադրանքը, իսկ 1998-ի փետրվարի 20-ին (Ղարաբաղյան շարժման 10-ամյակ) Նույկինների եւ գեներալ Ալեքսանդր Լեբեդի հետ ժամանեց Ստեփանակերտ: Ելույթ ունեցավ հանդիսավոր նիստում: Միասին վերադարձանք Երեւան: Ճանապարհին սքանչանում էր ժայռոտ լեռների գեղեցկություններով: Ասաց, որ սիրում է լեռ-ջուր զուգորդությունը: Ահա թե ինչու իր համար Սեւանը Սրբազան Սեւան է, Արարատըՙ Սրբազան Արարատ:

Հուլիսի 14-ի առավոտյան Յուրիի սիրտը դադարեց բաբախելուց: Երկար ժամանակ նա հիվանդ էր: Ես միանգամայն վստահ եմ, որ մահից առաջ մտածել է ջրի եւ լեռան մասին: Ես զանգահարեցի նրա կնոջըՙ Վալենտինա Իվանովնային: Դժվար էր գտնել սփոփանքի բառեր: Վալյան ասաց, որ Յուրիի կամքով նրան կթաղեն Կարադաղ լեռան վրաՙ Ղրիմում, ծովի մոտ: Եվ ավելացրեց. «Հիշո՞ւմ եք, ինչպես էր նա սիրում Սեւանի համեղ ջուրը»: Ես հիշում եմ:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4