Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հաջող է հանդես գալիս ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Տաթեւը 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Իրինա Կրուշին եւ Աննա Զատոնսկիխին:
Վերջին 2 տուրերում Աբրահամյանը վաստակեց 1,5 միավոր: Նա հաղթեց Ֆրանչեսկա Ֆոյսորին ու հաշտություն կնքեց Աննա Զատոնսկիխի հետ:
Ավարտական տուրում Տաթեւի մրցակցուհին կլինի իր հայրենակից Կատերինա Ռոհոնյանը: Վերջինս 4,5 միավորով 4-րդ տեղում է: Ռոհոնյանը վերջին երկու տուրերում հաղթանակներ տարավՙ առավելության հասնելով Աբի Մարշալի եւ Բեաթրիս Մարինելոյի նկատմամբ:
Թե ով կդառնա ԱՄՆ-ի շախմատի չեմպիոնուհի, կորոշվի ավարտական տուրում: Իհարկե, հաղթելու ավելի մեծ հնարավորություններ է պահպանում Իրինա Կրուշը, որը մրցելու է մրցաշարի հետնապահ Աբի Մարշալի հետ: Վերջինս ընդամենը կես միավոր է վաստակել: Մյուս առաջատարըՙ Աննա Զատոնսկիխը խաղալու է 2,5 միավոր ունեցող Ֆրանչեսկա Ֆոյսորի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ