«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ՀԱՊԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ կոնսուլտացիաների ընթացքում:

«Հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 6 տասնյակ միջոցառումների իրականացման հարցերով զբաղվում է ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը: Միջոցառումների պլանի իրագործումը Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Կողմերը քննարկել են օգոստոսին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին: Քննարկվել է նաեւ նշված ստորաբաժանումների զորավարժությունները 2011 թվականին Հայաստանում անցկացնելու հարցը:

Կոնսուլտացիաներին հաջորդած մամուլի ասուլիսում Նիկոլայ Բորդյուժան նշել է. «ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները մենք ծրագրում ենք անցկացնել հաջորդ տարի: Առաջարկ կա զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Կարծում եմ` դա միանգամայն իրական է»:

Ամփոփելով եռօրյա այցի արդյունքները` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցությունն առաջնահերթություն է համարվում, ուստի իրականացվելիք պիլոտային ծրագիրը` Հայաստանում համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, թերեւս լավ արդյունքներ է ենթադրում:

«Մեր ձեռնարկությունների ղեկավարները ծանոթացան Հայաստանի ձեռնարկությունների հնարավորություններին, հետաքրքրվածություն կա, հուսով եմ` մոտ ապագայում կունենանք դրական արդյունքներ»,- ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

«Առաջին անգամ ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների` նման ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները: Ռուս ձեռնարկատերերի կողմից համագործակցություն սկսելու տրամադրվածություն կա: Մոտ ապագայում սպասում ենք գործնական արդյունքների»,-ամփոփել է Արթուր Բաղդասարյանը :

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4