Սիրելի՛ ընկերներ
Շուրջ մեկ տարի առաջ մենքՙ ներկա պահին այստեղ գտնվողներից շատերի հետ միասին հիմնադրեցինք Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ոչ այնքան խանդավառությամբՙ որքան պատմական պարտականություն ստանձնելու գիտակցությամբ, եւ ոչ այնքան մեծ հույսերովՙ որքան հուսատու քայլեր անելու նախանձախնդրությամբ: Մեկ տարի առաջ Թեքեյան կենտրոնի այս սրահում հավաքվածներս, գրեթե բոլորս էլ հինՙ 1990-92 թթ.-ի ՌԱԿ անդամներ, հիմնադրի պարտավորությունն էինք մեր վրա վերցրելՙ
ա) Ի տես այն անփառունակ վիճակի, որում հայտնվել էր մեծ պատմություն ու հրաշալի գաղափարախոսություն ունեցող մեր կուսակցությունը Հայաստանում թե Սփյուռքում: Մեր ցանկությունն էր, նաեւ վճռականությունը, կուսակցությունը փրկել ամբողջական կորստից: Այսօր, մեկ տարի անց, կարող ենք փաստել, որ մենք իրավացի էինք մեր առաջադրանքի մեջ: Ռամկավար Ազատական կուսակցությունը, ի դեմս Արմենական-ՌԱԿ-ի, այսօր Հայաստանում ունի որոշակի ներկայություն եւ հանդես է գալիս ոչ միայն որպես այդ կուսակցության, այլեւ դրան նախորդող, ավելի շուտՙ մեր բոլոր ավանդական կուսակցություններին նախորդող կազմակերպությանՙ Արմենական կուսակցության պատմության, ավանդույթների ու գաղափարախոսության ժառանգորդ եւ շարունակող:
բ) Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունը ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին օրվանից իր առաջ խնդիր էր դրել եւ ստեղծեց բոլորովին նոր կառույցՙ Սփյուռքի նախարարությունը, դրանով իսկ մի նոր համակարգում, մի նոր դերակատարություն վերապահելով Սփյուռքին, վերջինիս դուրս բերելով միայն նյութապես ու բարոյապես հայ նոր պետականությանը օժանդակողի կարգավիճակից եւ նրան իբրեւ քաղաքական գործոնիՙ ընդգրկելով իր արտաքին քաղաքականության ծրագրերում: Իսկ մեր կուսակցությունը, որպես ՌԱԿ-ի շարունակությունը Հայաստանում, կոչված է պատմական իր առաքելությունն ստանձնելու այդ գործում եւսՙ որպես Սփյուռքը հավասարակշռողի եւ, որոշ դեպքերում, կազմակերպչի: Եվ այդ էր պատճառը, որ 2009 թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանում գումարված Արմենական-ՌԱԿ միավորիչ համաժողովը, Սփյուռքի ՌԱԿ ավանդապահ շրջանակներին ներկայացնող 56 պատվիրակների մասնակցությամբ, հիմնադրվեց ՌԱԿ համաշխարհային խորհուրդը, որի նպատակներից գլխավորըՙ գործնապես հայաստանակենտրոն եւ հնարավորինս միավորված կազմակերպության ստեղծումն էր եւ է՛, դրանով իսկ իր կարողությունները ի սպաս դնելով Սփյուռք-Հայաստան համակարգված գործունեությանը:
գ) 2009 թ. ապրիլի 22-ին պաշտոնապես հայտարարվել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլ խոսքովՙ Հայաստան-Թուրքիա բանակցությունների սկիզբը, որը ուղենշում էր պատմաքաղաքական ու ռազմամարտավարական մի նոր ուղղություն: Եվ, բնականաբար, մեր կուսակցությունը, որպես թուրքերի հետ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր բնույթի առնչություններ, ինչպես նաեւ քաղաքական ու քարոզչական հակամարտությունների մեջ մտած կազմակերպություն, անհրաժեշտ էր որ իր խոսքն ունենար այդ գործընթացում:
դ) Երկրում ստեղծված ներքաղաքական լարված կացությունը, իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ անհաշտ հակամարտության մթնոլորտը անհրաժեշտ էին դարձրել Հայաստանում ձեւավորելու քաղաքական նոր բեւեռՙ չափավորող եւ հավասարակշռող, երկրում հանգրվանային եւ համակարգային բարեփոխումներ առաջ բերող ուժ:
Բնականաբար, նոր վերականգնված մի կազմակերպության համար, ինչպիսին Արմենական-ՌԱԿ-ն է, նման տարողունակ խնդիրների լուծումը կամ լուծման գործում լուրջ դերակատարություն ունենալը խիստ հավակնոտ ձգտում էր: Մանավանդ որ, առաջին, նման ձգտմամբ հանդես եկող կազմակերպությունների քանակը դեռեւս սակավ է, եւ, երկրորդ, 2003-ից ի վեր անգործության ինքնադատապարտված մեր ներկուսակցական կառույցները տապալված, գրեթե ոչնչացված էին: Հետեւաբար կուսակցության Հանրապետական վարչության առջեւ ծառացած գլխավոր խնդիրը մնում էր եւ մնում է ներկուսակցական ինքնակազմակերպումը: Այսուհանդերձ, մեր կուսակցությունը մնում է իր այդ, ինչքան էլ հավակնոտ, ձգտման մեջ հետեւողական, քանզի պետության ներքին տեւական կայունությունը եւ կայուն զարգացումը Արմենականներիս գլխավոր խնդիրներից է:
Հաշվետու ժամանակաշրջանում Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունը գումարել է 36 նիստ: Դրանցից 3-ը եղել են ընդլայնվածՙ մեր ակումբների վարչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստերի արձանագրությունները, հարակից նյութերով, պատշաճորեն կատարվել են գործավար-քարտուղարի ջանքերով: Բոլոր նիստերի օրակարգի առաջին հարցը նվիրվել է ներքաղաքական կյանքի քննարկմանը, վարչության անդամներից որեւէ մեկի ներկայացմամբ: Ծանոթանալով նիստերի արձանագրություններին կարելի է նկատել, որ հիմնական ուշադրությունը սեւեռվել է նոր ակումբների կազմության վրա: Այս ընթացքում վարչությանը հաջողվել է ստեղծել եւ վերստեղծել 20 ակումբՙ Երեւանի տարբեր համայնքներում (թվով 10), ինչպես նաեւ Մասիսում, Կարբի գյուղում, Եղեգնաձորում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում, Մարտունիում, Ամասիայում: Օրերս ակումբներ կստեղծվեն նաեւ Ղափանում, Տավուշում (Իջեւան), Գորիսում եւ այլուր: Պետք է խոստովանել, որ որոշ մարդիկ, հատկապես շրջաններում, կուսակցության շարքեր ընդունվելու հարցին երբեմն մոտենում են ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ աշխատանքի տեղավորման հեռանկարայնությամբ: Սա խիստ մտահոգիչ երեւույթ է ոչ միայն մեզՙ ռամկավար-արմենականներիս համար, այլեւ ընդհանրապես Հայաստանում կուսակցական ինստիտուտի կայացման ու զարգացման տեսակետից: Այլ խոսքովՙ գործարքային է դարձել շատ բան:
Սա ցույց է տալիս այն հոռի վիճակը, որը տիրում է մեր հանրապետությունումՙ ժողովրդի սոցիալական կացությունը, որը քիչ տեղ է թողնում մեր նման հավասարակշիռ եւ հավասարակշռող կուսակցությունների զարգացման համար: Ինչի մասին այսօր մենք առանձին քննարկում կունենանքՙ վարչության առաջարկած բանաձեւերի ներկայացման ընթացքում:
Համենայնդեպս, մեզ հաջողվել է կուսակցության շուրջ հավաքել գաղափարակիր մարդկանց մի մեծ խումբ, որի ուսերի վրա է այսօր դրված մեր երկրում սոցիալական արդարության եւ ստեղծագործ կարողությունների օգտագործման վրա խարսխված հասարակությանը ու պետականության կառուցմանը նպաստելու գործը:
Մյուս կողմից, մենք կուսակցական կարեւոր ձեռքբերում ենք համարում հաշվետու ժամանակաշրջանում մեր երիտասարդական եւ վերջերս վերաձեւավորված կանանց «Զապել Եսայան» ակումբների հետզհետե աշխուժացող գործունեությունը: Հույս ունենք, որ կուսակցության հաջորդ եւ իրարհաջորդ վարչությունները մեծագույն հոգատարությամբ կվերաբերվեն այս ակումբներին, նկատի ունենալով նրանց ներուժն ու հնարավորությունները: Ուզում եմ հատկապես շեշտել երիտասարդական խնդիրներով զբաղվելու անհրաժեշտությունը: Դրանից է կախված մեր երկրի ու ժողովրդի ոչ միայն ապագան, ինչպես սիրում ենք հաճախ կրկնել, այլեւ ներկան: Գաղտնիք չէ, որ մեր երիտասարդներից շատ-շատերը, հատկապես նրանքՙ ովքեր կարգին կրթություն եւ մասնագիտություն ունեն, մտածում են երկրից հեռանալու, իրենց ապագան այլ երկրներում կառուցելու մասին: Սրա գլխավոր պատճառը անհեռանկարայնությունն է, այն անհուսությունը, թե երբեւիցե մեր երկրում կլուծվեն սոցիալական արդարության, կենսամակարդակի եւ նման հարցերը:
Հաշվետու ժամանակահատվածում Հանրապետական վարչությունը իրականացրել է մի շարք միջոցառումներՙ ընկերային, հրատարակչական, քարոզչական, քաղաքական: Դրանցից պետք է առանձնացնել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովը 2009-ի հոկտեմբերի 10-ին, մասնակցությամբ թուրքագետների եւ տարբեր կուսակցությունների եւ ինստիտուտների ներկայացուցիչների: Այս ընթացքում հրատարակել ենք երկու կարեւոր գիրք, երկուսն էլ Հանրապետական վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանի հեղինակությամբՙ Սահմանադրական Ռամկավար կուսակցության պատմությունը եւ հայ ազատագրական պայքարիՙ արմենական գործիչների գնահատումը: Հանրապետական վարչության հանձնարարությամբ ընկեր Սարգսյանն այժմ լծվել է կուսակցության եւ ընդհանրապես հայկական ավանդական բոլոր կուսակցությունների համար գաղափարախոսական առումով կարեւոր մի աշխատանքիՙ Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» թերթում հրատարակված կարեւոր հոդվածների վերահրատարակության գործին: Մեզ համար խիստ կարեւոր է կուսակցության պատմության գիտական ուսումնասիրման եւ հրատարակության գործը, քանի որ ՌԱԿ-ը, ավանդական մեկ այլ կուսակցության հակառակ, շատ քիչ գրականություն է ստեղծել իր մասին, ինչը լրացնելու համար մենք պետք է տեւականորեն շարունակենք այս գործը, միաժամանակ պետք է աշխատենք Երեւան տեղափոխել ՌԱԿ կենտրոնական արխիվը, որի մեծ մասը գտնվում է Բեյրութում, որպեսզի մեր երիտասարդ պատմաբանները ուսումնասիրեն դրանք:
Մենք կազմակերպել ենք նաեւ Հայ դատի պրոպագանդման տեսակետից կարեւոր մի գրքիՙ հայտնի արեւելագետ պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանի 10-լեզվյան ուսումնասիրության շնորհանդեսը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ Սվազլյան ընտանիքի վերաբերյալ ֆիլմի հրապարակային դիտումը: Նմանապես, Ապրիլի 24-ի կապակցությամբ Հայֆիլհարմոնիայի «Ա. Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում կազմակերպել ենք անվճար համերգՙ Մոցարտի «Ռեքվիեմը», սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ:
Ինչպես հայտնի է, Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը 2010 թ.-ը հայտարարել է Արմենական կուսակցության 125-ամյակի տարի: Այդ ուղղությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է մեր բաստիոններից Կարբի գյուղում, հրաշալի մասնակցությամբ Նորքի Հայորդաց տան սաների: Այդ ձեռնարկների շարքում հիշատակելի է նաեւ «Վան-Վասպուրական» հայրենակցական միության հետ համատեղ Վանի հերոսական ինքնապաշտպանության 95-ամյակին նվիրված դաշտահանդեսը, որը, փաստորեն, մեր առաջին հաջողված միջոցառումն էր որեւէ այլ կազմակերպության համագործակցությամբ, ինչը հետագայում եւս պետք է խրախուսել: 125-ամյակի միջոցառումների շարքին նախատեսել ենք հոկտեմբեր ամսին սփյուռքի մեր ընկերների մասնակցությամբՙ Արմենականների գործունեությանը նվիրված գիտաժողովի եւ հոբելյանական հանդիսության կազմակերպումը, ինչպես նաեւ Վանի ինքնապաշտպանության գլխավոր հերոս Արմենակ Եկարյանի հուշերի հրատարակումըՙ առաջին անգամ Հայաստանում: Խնդրում ենք կուսակցության հաջորդ վարչությանը իրականացնել այդ ծրագրերը:
Զանց պետք չէ առնել նաեւ մեր երիտասարդների աշխույժ մասնակցությունը միջնադարյան եկեղեցական կոթողներ այցելելու, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը Հայերի համաշխարհային խորհրդի նախաձեռնածՙ մինչեւ Ցեղասպանության 100-ամյակ Հայաստանում 1,5 մլն ծառ տնկելու ծրագրին, սկսելով Մարտունու հրապարակից: Լավ սկիզբ ենք համարում կանանց «Զ. Եսայան» ակումբի մանկական խաղալիքների նվիրահավաքը Ուջան գյուղի մանկատան համար:
Ժամանակի սղության պատճառով զանց եմ առնում վարչության իրականացրած մյուս միջոցառումների հիշատակումը, սակայն ցանկանում եմ կարեւորությամբ շեշտել միջկուսակցական հանդիպումներն ու խորհրդակցությունները հատկապես Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ: Այո՛, մենք բաց ենք եղել այլ կուսակցությունների հետ երկխոսության, խորհրդակցությունների համար: Առաջիկայում պետք է առավել ինտենսիվ դարձնել նման հանդիպումները նաեւ այլ կազմակերպությունների հետ, ստեղծելով ավանդույթ միջկուսակցական տեւակա՛ն երկխոսության:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչությունս հանդես է եկել հրապարակային մի շարք հայտարարություններովՙ հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության եւ այլ հարցերի վերաբերյալ: Քաղաքական շրջանակները հետաքրքրությամբ են ծանոթացել այդ հայտարարություններին, սակայն խորհրդարանական ամբիոնի բացակայության պայմաններում դրանք հասու չեն եղել ժողովրդի լայն զանգվածներին: Այստեղ պետք է խոստովանեմ, որ վարչությունս չի կարողացել լավ աշխատել զանգվածային տեղեկատվական միջոցների հետ: Հեռուստատեսությունը գրեթե անմատչելի է եղել մեզ համար, իսկ տպագիր մամուլը ինտրիգային որեւէ բան չի գտել «հանգիստ ուժի» մեր կուսակցության գործունեության մեջ: Սույն բացը որոշ չափով լրացնելու համար առաջիկա օրերին բացումը կկատարվի եւ կսկսի աշխատել կուսակցության կայքէջըՙ իր պատմական, արդիական եւ համահայկական էջերով, ֆորումներով ու բլոգներով:
Հարգելի՛ ընկերներ,
Ձեզ տրամադրված թղթածրարներում կգտնեք մի շարք բանաձեւերի նախագծեր, որոնք վարչությունս առաջարկում է քիչ հետո քննարկել եւ, ի հարկին լրամշակումից հետո հաստատել եւ հրապարակել: Հետեւաբար չեմ ուզում երկար անդրադառնալ Ղարաբաղյան հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների, արտաքին քաղաքականության, ներքին լրջագույն խնդիրների, սոցիալական վիճակի, տնտեսության, կաշառակերության եւ կաշառասունության, առողջապահության, կրթության հարցերի նկատմամբ կուսակցությանս վերաբերմունքին ու դիրքորոշմանը, սակայն չեմ զլանում գեթ հակիրճ չանդրադառնալ այդ հիմնահարցերից մի քանիսին, ավելի շուտՙ դրանց վերաբերյալ վարչության դիրքորոշմանը:
Ղարաբաղյան հակամարտություն
Մենք դույզն չափով իսկ չենք կասկածում մեր երկրի ղեկավարության հայրենասիրությանը եւ բարձր ենք գնահատում նրա ջանքերը հարցի խաղաղ կարգավորման համար, պայմանով որ ապահովվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքըՙ երաշխավորված ու տեւական անվտանգության պայմաններում: Այսուհանդերձ, գտնում ենք, որ այն պահից սկսած, երբ, 1994-ին, հարցը անտեղի կերպով միջազգայնացվեց եւ դուռը լայն բացվեց շահագրգիռ տարբեր կողմերի միջամտությունների առաջ, հայկական կողմը, մեր կարծիքով, թույլ տվեց մարտավարական մի շարք սխալներ, որոնք դեռեւս շարունակվում են: Առաջինՙ հարցը իր բուն էությունից շեղվեց ու վերածվեց տարածքների վերադարձման խնդրի: Երկրորդՙ Ադրբեջանին թույլ տրվեց իր փախստականների խնդիրը ուռճացնել եւ առաջ մղել դրանց վերադարձի պահանջը, մինչդեռ հայ բռնագաղթվածների վերադարձի ու հատուցման խնդիրը մնաց ստվերում: Երրորդՙ ձեռքից բաց թողնվեց Ղարաբաղի ժողովրդի դեմ առնվազն երկու պատերազմ շղթայազերծելու հանցագործության համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու, պատճառած մարդկային զոհերի եւ ավերածությունների համար հատուցում վճարելու գործը: Չորրորդՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց բանակցությունների անմիջական մասնակցի կարգավիճակը: Հինգերորդՙ ո՛չ Երեւանը եւ ո՛չ էլ Ստեփանակերտը անհրաժեշտ ծավալներով ու կարեւորությամբ չլծվեցին ԼՂՀ-ն վերաբնակեցնելու ծրագրերին, ինչը իրականացնելու դեպքում կդառնար ամենահամոզիչ երաշխիքը անվտանգության: Նշված եւ այլ հանգամանքները նկատի ունենալով, մենք առաջարկում ենք արագորեն վերադասավորել մեր դիվանագիտական, քաղաքական ու ռազմական դիրքերը եւ առավել ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականություն սկսելՙ օգտագործելով նաեւ սփյուռքի գործոնը, վերջինիս մղելով քարոզչական եւ լոբբիստական լայնածավալ գործունեությանՙ նաեւ այս խնդրով:
Հայ-թուրքական հարաբերություններ
Կարիք չկա ծանրանալու այս հարցի վրա, քանզի, ինչպես ասվեց, Հանրապետական վարչությունը առնվազն 4 հայտարարություն է տարածել այդ մասին եւ քիչ հետո առանձին քննարկման նյութ է դառնալու հարցի վերաբերյալ մեր ընդունելիք բանաձեւը: Միայն ասեմ, որ Հանրապետական վարչությունս կողմ է ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններիՙ դիվանագիտական ներկայացուցչություններ հաստատելու եւ սահմանները բացելու, այլեւ Անկարայի հետ խորքային խոսակցություններ վարելու եւ առկա խնդիրները լուծելու առաջադրանքով, ընդհուպ Ցեղասպանության հետեւանքնեը վերացնելու, համապատասխան հատուցումներ կատարելու, Պոլսո հայոց պատրիարքությունը հայկական եկեղեցական կառույցների եւ հուշարձանների նկատմամբ վերահսկողական լիազորություններով օժտելու, ներկա հանգրվանում սահմանների հայանպաստ փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ թուրքերի հետ երկխոսություն սկսելու նախագահ Սերժ Սարգսյանի փորձը օգտակար էր միջազգային կարծիքը մեր կողմը շահելու տեսակետից: Թեեւ Անկարան վիժեցրեց այդ նախաձեռնությունը, սակայն, կարծում ենք, որ հայկական իշխանությունները պետք է միշտ պատրաստ լինեն կառուցողական երկխոսության համար: «Ֆուտբոլային դիվանագիտության» փորձը մեզ սովորեցրեց, որ հայկական կողմը այլեւս պետք չէ համաձայնվի փաթեթային ընդգրկում ունեցող որեւէ համաձայնագրի տակ ստորագրել, խուսափելու համար շահարկումների եւ նախապայմաններիՙ թուրքական գործելաձեւից:
Այստեղ չեմ կարող չանդրադառնալ մի իրողության, որ հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ ՀՀ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը Սփյուռքի տարածքում եւ ՀՅԴ-ի հրահրմամբ որոշ վայրերում դիմավորվում ստահակների ամոթալի արարքներով, ՌԱԿ-ի ներկայացուցիչները հատկապես Բեյրութում եւ Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալի վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, իսկ ՌԱԿ մամուլի 8 օրգաններից 7-ը անվերապահ աջակցություն ցույց տվեցին այդ նախաձեռնությանը եւ ջրեցին այն տպավորությունը, թե Սփյուռքը գտնվում է ՀՅԴ-ի միահեծան ազդեցության տակ: Ափսո՜ս սակայն, որ ռամկավարների նման կեցվածքը ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից:
Կառավարման համակարգ
Թեեւ քննարկվելիք բանաձեւերում առանձին չենք ներառել այս ոլորտը, սակայն այլ բանաձեւերում հիմնական քննադատությունը բնականաբար ուղղված է այս համակարգին: Այսուհանդերձ չեմ կարող մի քանի խոսք չասել գործող համակարգի մեկ-երկու թերությունների մասին:
Մենք բազմիցս ենք բարձրաձայնել կառավարության եւ ընդհանրապես իշխանության տարբեր օղակներում խիստ ուռճացված աշխատակազմերի, դրանց սպասարկող բազմաքանակ անձնակազմերի, ավտոմեքենաների ու սարքավորումների մասին: Ճիշտ է, հակաճգնաժամային պայքարի ժամանակաշրջանում, որն ամենեւին դեռ չի ավարտվել, որոշակի քայլեր առնվել են խնայողությունների ուղղությամբ, սակայն դրանք մնում են խիստ անբավարար: Կրճատումներ, կրճատումներ, կրճատումներ: Պետք է կրճատել կառավարական ապարատը: Ահա թե որտեղից պետք էր սկսել օպտիմալացումը: Պետք է հրաժարվել կոալիցիոն ներքին կվոտաների սկզբունքից: Առանց այդ էլ պետական ներկայությունը մեր ամեն ինչում խիստ մեծ է:
Մեզ բոլորովին անհասկանալի է թվում ներկայիս կիրառվող կոալիցիոն մեկ այլ սկզբունքը գործադիր իշխանությունում: Կոալիցիոն ուժերից մեկը, փաստորեն, կարող է կառավարության կազմից ցանկացած պահին հետ կանչել իր ներկայացուցչին եւ, ընդհակառակը, հանրապետության նախագահը իր հարմար գտած պահին կարող է տվյալ կուսակցության ներկայացուցչին փոխարինել մեկ ուրիշովՙ պարզապես վերջին պահին լուծելով վերջինիս կուսակցականության հարցը: Սա, գումարվելով հանրապետությունում ի սկզբանե հաստատված այն հոռի սովորության վրա, որով հասարակությանը ոչ մի բացատրություն չի տրվում տվյալ պաշտոնյայի հրաժարեցման կամ նշանակման նպատակահարմարության եւ պատճառների մասին, բնականաբար թուլացնում են կառավարման ողջ համակարգըՙ թե՛ նախագահական, թե՛ վարչապետի եւ թե՛ նախարարական ինստիտուտները: Այս խոցելի դությունը, մյուս կողմից, առիթ է տալիս կոալիցիային մաս կազմող կամ մաս կազմած կուսակցություններին խուսանավելու պատասխանատվության հարցում: Մինչդեռ հստակորեն պետք է ընդգծվիՙ գործադիրի որեւէ թերացման համար պատասխանատու են կառավարության բոլոր անդամները, կոալիցիային մաս կազմող բոլոր կուսակցությունները հավասարապես:
Տնտեսական
Հակառակ պետական եւ միջազգային ֆինանսական կառույցներից պարբերաբար հայտարարվող դրական տվյալներին, որոնց հավատքի չընծայելու որեւէ պատճառ չունենք, Արմենական-ՌԱԿ-ը պնդում է, հիմք ընդունելով ժողովրդի կենսամակարդակի ռեալ տվյալները, որ ազգաբնակչության ստվար մեծամասնության կյանքում հիշյալ տվյալները դրական որեւէ փոփոխություն չեն առաջացրել: Ընդհակառակնՙ օր-օրի ահավոր չափերի հասնող սղաճը, լայն սպառման ապրանքների եւ անհրաժեշտ ծառայությունների գները, այն էլ սպառողական հասարակության ձեւավորմանը զուգընթաց, անտանելի են դարձնում շատ-շատերի կյանքը, տեղիք տալով հասարակական լայն շերտերի արդար դժգոհությանը: Ֆինանսական մարմինների եւ կյանքի իրական տվյալների միջեւ այս հակասությունը, մեր կարծիքով, միայն մեկ բացատրություն կարող է ունենալՙ ընդհանուր եւ համախառն թվերի ու տոկոսների մեջ կորում է մեծամասնության իրական եկամուտների ու ծախսերի հարաբերակցությունը: Այլ խոսքովՙ հասարակության մի փոքր զանգվածի տվյալները տարածվում են ողջ երկրի ու հասարակության վրա, մարդկանց մի փոքր տոկոսի մոտ կենտրոնացած է եկամտի մեծ մասը, այդ եկամուտները հավասարաչափ չեն բաշխված մայրաքաղաքի, մարզերի եւ հեռավոր շրջանների միջեւ:
Այստեղից մեկ քայլ է դեպի օլիգոպոլիա, օլիգարխիկ տնտեսություն, որի դեմ պայքարիՙ հակամենաշնորհային գործողությունների տեսքովՙ օրինակներ մենք տեսնում ենք գործադիր իշխանության ջանքերում: Նշանակում էՙ ֆինանսական հոսքերի վերահսկողությունը իրականացնող մարմիններին քաջ հայտնի է այս բոլորը: Սակայն քաղաքական իսկական կամք է պետք համակարգային փոփոխություններ կատարելու համար, ինչը, քաղաքական նկատառումների ներկա պայմաններում անհնար է թվում: Քանզի օլիգարխները, մենաշնորհյալները միայն նրանք չեն, ովքեր փող ունեն, այլ նրանքՙ ովքեր ունեն նաեւ իշխանություն, այսինքնՙ որոշում կայացնելու կամ օրենքներ ընդունելու իրավունք: Փողՙ իշխանության համար եւ իշխանությունՙ փողի: Սա՛ է մեր հանրապետության զարգացման գլխավոր խոչընդոտըՙ համատարած եւ համակարգված կաշառակերության հետ:
Մենք հաճախ ենք հպարտորեն կրկնում միջազգային ֆինանսական կառույցների գովեստը մեր բանկային համակարգի վերաբերյալ: Իրավացիորեն: Քանզի նրանցից ոչ մեկը փուլ չեկավ, չսնանկացավ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Դա անշուշտ արդյունք էր Կենտրոնական բանկի հակակշիռների եւ ազդու գործիքների կիռարման: Սակայն եկեք մենք մեզ հարց տանքՙ ո՞ւմ են պատկանում եւ ի՞նչն են ֆինանսավորում այդ բանկերը: Արդարեւ, դրանց մեծ մասը ստեղծված է գերազանցապես ինքնասպասարկման համար: Թաքնվելով ռիսկեր չստանձնելու զգուշավորության տակ, նրանց մեծ մասը միայն շինարարությանն են ֆինանսավորում, գրեթե բոլորովին «մոռանալով» արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, միջին եւ մանր ձեռնարկատիրությունը: Ասում ենՙ Հայաստանի բանկերում ավանդների ընդհանուր գումարը տատանվում է 4-4,5 մլրդ դոլարի սահմաններում: Ո՞ւմ են պետք այդ սառեցված գումարները: Ինչո՞ւ չի զարգանում երկրորդային շուկան, արժեթղթերի շուկան:
Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է նախաձեռնի պետական մի շարք ձեռնարկներՙ բաժնետոմսերի բաց վաճառքով, որի դեպքում բանկերում սառած այդ գումարները գործի կդրվեն, մարդկանց շահույթ կապահովեն եւ, միաժամանակ, կստեղծվեն նոր աշխատատեղերՙ մեղմացնելով սոցիալական լարումը:
Սիրելի ընկերներ,
Եվս մեկ անգամ կուզենայի հիշեցնել մեր գաղափարախոսության էությունը: Մենք ազատականներ չենք, ոչ էլ ռամկավարներ: Մենք ռամկավա՛ր-ազատականներ ենք: Ազատականությունՙ տնտեսության եւ այլ ասպարեզներում, եւ ռամկավարությունՙ բոլոր պարագաներում: Զույգ գաղափարախոսությունՙ միասնության մեջ, մեկը մեկին հակակշռող, մեկը մեկին խթանող: Հավասար առիթՙ բոլորի համար, յուրաքանչյուրը իր կարողությունների համեմատ ինքնադրսեւորվելու: Հայաստանը, ուշ կամ կանուխ, հասնելու է դրան: Ուրիշ ելք չկա:
Եվ որպեսզի շուտ գա այդ օրը, Արմենական Ռամկավարներս պետք է մեկտեղենք եւ լարենք մեր ուժը, կազմակերպվենք ու զորանանք, եւ 2012 թ.-ին վերստին մուտք գործենք Ազգային ժողով, մեր նպաստը բերենք մեր պետության հզորացմանը, մեր ժողովրդի բարգավաճմանը, համայն հայության համախմբմանը:
Հաջողություն մեզ: