«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

Հետհամագումարյան զարգացումները ՀՀՇ-ի շուրջը ցույց են տալիս, որ համագումարն, այնուամենայնիվ ի զորու չի եղել լուծել կուտակված ներքին խնդիրները, որոնք առայժմ դուրս են սպրդում անհատական նախաձեռնությամբ, բայց որ դրանք անվերջ հնարավոր չէ քուրսու տակ պահել, հասկանալի է ինքնին. եթե պեծ կա` կամ քուրսին կայրվի, կամ էլ հարկավոր է այն շատ լավ թրջել: Թրջել ասելով` նկատի ունենք, որ ՀՀՇ-ում դեռ կվերլուծեն ներքին իրավիճակը, եւ սթափ գնահատականներ տվողներ դեռ կլինեն: Ասվածն ապացուցող երկու փաստ արդեն հաջորդել են իրար: Երեկ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը, որին այդպես էլ չընդգրկեցին ՀՀՇ 31 հոգանոց վարչությունում, հրաժարվել է պաշտոնից` իր այդ քայլը բացատրելով նրանով, որ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը պետք է վարչության անդամներից մեկը լինի: Նախորդ օրն ուշ երեկոյան Կարապետ Ռուբինյանն էր էպիստոլյար ժանրից օգտվելով` հրաժեշտի նամակ գրել ՀՀՇ-ին, հայտնելով, որ հեռանում է 20 տարի անդամակցած կուսակցությունից: Պատճառների մեջ մատնանշվել են ՀՀՇ վարչության ընտրության կեղծված արդյունքները (դա ցավալի փաստ է համարում Ռուբինյանը, քանի որ 2008-ի կեղծված նախագահական ընտրություների դեմ պայքարող ուժի հետ է եղել) եւ այն, որ կոնգրեսը պառակտելու իշխանությունների փորձերը «ճղճիմ» անվանած Լեւոն Տեր-Պետրոսյանի վերահսկողության տակ են եղել ե՛ւ նախահամագումարյան, ե՛ւ բունհամագումարյան գործընթացները, ե՛ւ որ` նախապես վարչության «օրինակելի» ցուցակ է կազմված եղել, թաքուն բաժանված պատվիրակներին, իսկ հաշվիչ հանձնաժողովն էլ կազմված է եղել ընտանեկան կապալի մեթոդով (Ռուբինյանը դա ստորություն էր անվանել իր նամակում): Ռուբինյանն էլ, ինչպես անաչառ աչքով է երեւում, նկատում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ եւ խոր դեգրադացիոն պրոցեսները: Իր նամակում նա խոսում է այն մասին, որ համագումարում ոչ բանավեճ է եղել, ոչ ծրագրերի ներկայացում` ժամանակին առաջադեմ ուժ եղած կուսակցության սովորույթների մեջ, ըստ նրա, չի եղել սովետական «ադաբրյամսի» ոճի համագումար անցկացնելը, կամ որ 5-10 րոպե ուշացումով առաջնորդը համագումարի դահլիճ մտնի, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին, սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց հրմշտող «ախռանայով» ման չեն եկել. «Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին` միեւնույնն է, մինչեւ փոխզիջում չլինի, ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջո՞վ էինք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի, ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչեւ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն... Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով` ինչո՞ւ ենք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք»: Եվ «մնաք բարով» է ասել իր 20-ամյա կուսակիցներին:

Այս փլավն, իհարկե, դեռ ջուր կվերցնի, որովհետեւ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ի հարգված գործիչ էր, անցյալ ունեցող մարդ, որի մասին չեմ լսել, որ ինչ-որ մեկը վատ բան ասի, իսկ ՀՀՇ-ում տեղի ունեցող գործընթացները դեռ նոր են դառնալու հասարակության սեփականությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4