Նկատելի աճ տնտեսության իրական հատվածում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-հունիս ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,7 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 1 տրիլիոն 332 մլրդ դրամ: Նախորդՙ հունվար-մայիս ամիսների 8,8 տոկոս աճի նկատմամբ, հունվար-հունիսի աճի ցուցանիշը որոշ չափով ավելի փոքր է եղել, ինչը հիմնականում գյուղատնտեսության ցուցանիշներում արձանագրված անկման հետեւանք է եղել: Մինչդեռ, ինչպես տնտեսության մեջ ընդհանրապես, այնպես էլ մյուս ճյուղերում (գյուղատնտեսությունից բացի) գրանցվել է աճ ե՛ւ հունվար-հունիսինՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ե՛ւ հունիսին` մայիսի նկատմամբ: Մասնավորապես, հունիսին մայիսի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 31,7 տոկոս:
Ըստ տնտեսության ճյուղերի, հետեւյալ ցուցանիշներն են արձանագրվել: Արդյունաբերությունում աճը կազմել է 12,3 տոկոս, 6,6 տոկոս աճ է գրանցվել հունիսին մայիսի նկատմամբ: Էլեկտրաէներգիայի արտադրություն հունվար-հունիսին աճել է 15 տոկոսով, իսկ հունիսին մայիսի նկատմամբ աճը կազմել է 6,5 տոկոս: Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ Էլեկտրաէներգիայի արտադրության աճը ոչ սեզոնային շրջանում կապված է արդյունաբերության ծավալների աճի հետ: Հայտնի է, որ էլեկտրաէերգիայի հիմնական սպառողները բնակչությունը եւ արդյունաբերությունն են: Եթե ամռան սեզոնին էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելանում է, ապա դա նշանակում է, որ այն առավելապես օգտագործվում է արդյունաբերության մեջ: Դրա անուղղակի ապացույցն էլ արդյունաբերության աճի ցուցանիշն էՙ ինչպես տարվա առաջին 6 ամիսներին, այնպես էլ հունիսինՙ մայիսի նկատմամբ:
Շինարարությունում աճը կազմել է 4,1 տոկոս, իսկ հունիսինՙ մայիսի նկատմամբ 47,3 տոկոս: Այստեղ հարկ է նշել, որ շինարարության ծավալների նկատելի աճը վերջին ամիսներին պայմանավորված է այս ոլորտում իրականացվող պետական ծրագրերովՙ ճանապարհաշինություն, ջրագծերի անցկացում եւ այլն: Մասնավոր կառուցապատողները դեռ շատ հեռու են նախաճգնաժամային ակտիվությունից, եթե չասենքՙ սպասողական վիճակում են: Այս առումով, թեեւ ուշացումով, բայց տեղին էր կառավարության վերջերս ընդունած որոշումը անավարտ շինարարություն ունեցող կառուցապատողների նկատմամբ հսկողությունը խստացնելու վերաբերյալ: Եթե նկատի ունենանք, որ մյուս կողմից էլ կառավարությունը պետական երաշխիքներ է պատրաստ տրամադրելու եւ արդեն տրամադրել է մի քանի անավարտ շինարարություն ունեցող ընկերություններին, ապա խրախուսմանը զուգահեռ պահանջների խստացման անհրաժեշտությունն առկա էր:
Ծառայությունների ոլորտում այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 6,1 տոկոս աճ, իսկ հունիսին մայիսի նկատմամբՙ 12 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,7 տոկոս աճ, իսկ հունիսին մայիսի նկատմամբ 6,2 տոկոս աճ: Այս ճյուղերում արձանագրված ցուցանիշները արտացոլում են բնակչության կենսամակարդակի վիճակը: Ծառայություններում աճը մի կողմից վկայում է, որ ավելացել է դրանցից օգտվողների քանակը, բայց մյուս կողմից ծառայություններից օգտվողների մեջ գերակշռում են ունեւոր խավի ներկայացուցիչները: Նկատի ունենալով այս հանգամանքը, ինչպես նաեւ մանրածախ առեւտրում արձանագրված ընդամենը 0,7 տոկոս աճը, կարելի է փաստել, որ բնակչության մնացածՙ գերակշիռ մասի եկամուտների աճը դեռեւս համարժեք չէ տնտեսական աճին:
Վերոնշյալի մասին է խոսում նաեւ պետական միջին աշխատավարձերի աճի ցուցանիշըՙ 4,9 տոկոսով կամ 84,5 հազար դրամ, որը, օրինակՙ անցյալ տարվերջի ցուցանիշից ավելի է ընդամենը 500 դրամով: Ոչ պետական հատվածում, սակայն, միջին աշխատավարձն ավելացել է 9,8 տոկոսով եւ կազմել գրեթե 131 հազար դրամ, ինչը նկատելի ավելացում է:
Ինչպես արդեն նշեցինք, գյուղատնտեսությունն ունեցել է զգալիՙ 13,1 տոկոս անկում, իսկ հունիսին մայիսի նկատմամբ անկումը կազմել է 2,6 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն աշխուժանում է: Այս տարվա 6 ամիսներին այն ավելացել է 29,8 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 166 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 442,8 մլն դոլար, դարձյալ արձանագրելով նկատելի աճՙ 55,9 տոկոսով: Ընդ որում, արտահանումն ավելացել է նաեւ հունիսին մայիսի համեմատՙ 5,9 տոկոսով: Արտահանման ավելացումը նույնպես վկայում է արդյունաբերության աճի մասին: Դա նաեւ արդյունք է մետաղների միջազգային գների աճի, որը կազմում է Հայաստանից արտահանման գերակշիռ մասը, բայց չպետք է մոռանալ, որ հանքարդյուանբերական խոշոր ընկերություններին անցյալ տարի տրամադրվեց ավելի քան 40 մլն դոլար պետական աջակցություն, որը նպաստեց նրանց գործունեության վերականգմանն այս տարի:
Ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 724 մլն դոլար, աճելով 24,4 տոկոսով: Հունիսին մայիսի համեմատ ներմուծման աճը կազմել է 2,8 տոկոս: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, սակայն, շարունակել է խորանալՙ կազմելով մոտ 1 մլրդ 282 մլն դոլար:
Գնաճն անցյալ ամսին մայիսի նկատմամբ նվազել է 0,8 տոկոսով եւ հունվար-հունիսին կազմել 7,3 տոկոս: Այն դեռ հեռու է մնում ԿԲ նախատեսածՙ 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային թիրախից:
Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները թույլ են տալիս ասել, որ մեր երկրի տնտեսությունը հաստատապես դուրս է գալիս ճգնաժամից, եւ ճգնաժամի երկրորդ ալիքի մասին տարածվող լուրերը իրական հիմք չունեն եւ խոսակցությունների մակարդակի են: Եթե, իհարկե, չլինեն համաշխարհային տնտեսական ցնցումներ: Ամենադրական հանգամանքն այն է, որ տնտեսական աճն արձանագրվում է գրեթե բոլոր ճյուղերում եւ հատկապես արդյունաբերությունում եւ էներգետիկայում: Այս տարի նախաժգնաժամային մակարդակին դեռ չենք հասնի, բայց նման տեմպերի դեպքում իրատեսական է թվում, որ այդ մակարդակին կհասնենք արդեն եկող տարվա արդյունքներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ