«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ 30.000 ԲՆԱԿԻՉ ԿՄՆԱՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ

Պատճառը Գայլաձոր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունն է

Թվում է` իշխանությունները մոռացել են, թե 90-ականներին ինչ դեր էր խաղում Սեւանա լիճը ու ինչպես էր շաբաթական 5 անգամ սեղանին դրվում ձկով ճաշատեսակ: Մոռացել են, որ հենց այդ ձկան շնորհիվ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին մարդիկ սովից չմեռան: Բայց մարդիկ հիշում են լավ բաներն այն ժամանակ, երբ դա իրենց ձեռք է տալիս, ու հիմա այն տպավորությունն է, որ կառավարությունն ու հատկապես բնապահպանության նախարարությունը կարծես նպատակադրվել են Սեւանը հիմնովին վերածել ճահճի: Ջերմուկի կոյուղաջրերը լցվում են Կեչուտի ջրամբար, այնուհետեւՙ Սեւանա լիճ, բայց նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում: Լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ շրջակայքի անտառները չեն մաքրվում, ու արմատներն անցնում են ջրի տակ, բայց նախարարությունը կրկին ձեռքերը ծալած նստում է: Լճում ձկնատեսակները վերանում են, որովհետեւ ջուրն անորակ է եւ կեղտոտ:

Արգիճի գետի Գայլաձոր վտակը լիճ լցվող ամենաերկար եւ հորդառատ գետերից է եւ եզակիներից, որ նպաստավոր պայմաններ է ստեղծում անհետացման եզրին գտնվող իշխան եւ կողակ տեսակի ձկների ձվադրման համար:

Սակայն, արդեն մի քանի ամիս Արգիճի թափվող Գայլաձոր վտակի վրա ընթանում է շինարարություն. վտակը Վայոց ձորի մարզ են թեքում ՀԷԿ կառուցելու համար, ինչի հետեւանքովՙ բացի բնապահպանական եւ կենդանական աշխարհին հասցվող վնասից, Գեղարքունիքի մարզի 5 համայնքներ` Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Վաղաշեն, կզրկվեն խմելու եւ ոռոգման ջրից: «Սեւան ազգային պարկ»-ի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանի ներկայացմամբՙ Արփա-Սեւան, Որոտան-Կեչուտ ջրամբարներ ենք կառուցում, միջոցներ ծախսում Սեւանի մակարդակի բարձրացման համար, մյուս կողմիցՙ Սեւանի ջուրը տանում ենք անհայտ նպատակներով օգտագործելու:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանն էլ «Հայելի» մամուլի ակումբում հերքեց տեղեկությունը, թե գետի վտակը թեքվում է ՀԷԿ կառուցելու համար: «Գետի հունը թեքելու մասին խոսք լինել չի կարող», հայտարարեց նա: Նրա ներկայացմամբ խորհրդային ժամանակներում Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը հնարավոր չէր ոռոգել, հետեւաբար կառուցվել է Գայլաձոր վտակից դեպի նշված համայնքը տանող ջրատարը: 2009թ. ջրի կորուստները նվազեցնելու նպատակով համայնքի ավագանին դիմել է «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ին` նշված ջրատարի խողովակները փոխելու համար, քանի որ 50-ականներին անցկացված ազբեստե խողովակներն արդեն քայքայված են: Նախարարության միջամտությամբ ջրատարի խողովակների փոփոխման գործընթացը կասեցվել է: Նրա մեկնաբանությամբՙ վերոնշյալ տարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացնում` մինչեւ հայտնի կդառնան խողովակները փոխելու ուղղությամբ իրականացվող համապատասխան փորձաքննության արդյունքները:

Մինչդեռ «Արմատ» ակումբում Մարտունու վերոնշյալ 5 համայնքի բնակիչներն ու դեպքի վայր այցելած բնապահպաններն այլ բան էին փաստում: Հինգ շրջանի 300 բնակիչ օրերս մի քանի ժամ շարունակ փակել էին Երեւան-Սեւան-Մարտունի մայրուղին` պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Բողոքի ակցիայի մասնակից տիկին Պայծառ Աղաբաբյանը պատմում է, որ մարզպետարանը խնդրել է 10 օր ժամանակ` խնդրին տեղեկանալու եւ հարցերը կարգավորելու համար: «Գեղարքունիքի մարզում շինարարությունն ավարտվել է, կառուցվել է 3 կմ երկարությամբ կամար: Շրջակայքը բետոնապատվել է, խողովակներ են ամրացնում: Այժմ շինարարությունն ընթանում է Վայոց ձորում», ասաց նա:

Մարտունու 5 համայնքների բնակչությունը կազմում է շուրջ 30.000: Հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Տիկին Պայծառի հավաստմամբՙ կոռոզիայի պայմաններում գյուղացին մշակում է հողի ընդամենը 30 տոկոսը: Սակայն եթե ոռոգման եւ խմելու ջուր չլինի, գյուղացին իր կաղամբն ու կարտոֆիլն էլ չի կարողանա մշակել: «Ո՞ւր գնանք, ի՞նչ անենք: Այս ջուրը 30.000 գյուղացու կյանքն է, միակ ապրուստը: Ես վաղը որդի եմ ուղարկելու բանակ, այսօր նրան ինչո՞վ եմ պահելու: Արդյո՞ք մեզ հարկավոր են սոված զինվորներ: Ինչու են մեր հաշվին ուրիշները հարստանում», բարկանում է նա:

ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանի ներկայացմամբՙ ՀԷԿ-ի կառուցումը խախտում է «Սեւանի մասին», «Անապատացման դեմ պայքարի» եւ «Ջրային օրինագծի» մասին օրենքները: «Սեւանը մեր միակ հարստությունն է: Սեւանից են սնվում հանրապետության 60-70 % ջրաղբյուրներ: Տարիներ առաջ, երբ լճի մակարդակն իջել էր, Բջնիի աղբյուրները ցամաքեցին: Ինչ է մտածում այս կապակցությամբ նախագահին առընթեր Սեւանի հարցերով հանձնաժողովը, ի՞նչ է մտածում Վլադիմիր Մովսիսյանը: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ստեղծել այդ հանձնաժողովը, եթե նրանք լռում են», ասաց նա:

Բնապահպանները համոզված ենՙ եթե ՀԷԿ-ը կառուցվի, կասկածի տակ կդրվի 30.000 բնակչի այնտեղ ապրելու հնարավորությունն ու արտագաղթը կդառնա անխուսափելի: Գյուղացիները սպասում են մարզպետի եւ բնապահպանության նախարարի պատասխաններին: Նրանք հավելում են, որ պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի ՀԷԿ-ի ապօրինի շինարարությունը ապամոնտաժվի:

Թե ով է տրամադրել թույլտվություն, կամ որ օլիգարխը կամ պատգամավորն է (թեպետ մեր իրականության մեջ այս երկու բառերն արդեն դարձել են հոմանիշներ-Հ.Հ.) սեփականատերը` հայտնի չէ: Խախտվում է նաեւ հանրային սեփականություն տարածքների վերաբերյալ հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու օրենքը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4