«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ 200 ՆՈՐ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժիններից բաղկացած նոր ցուցադրությունով. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոցի եւ Դորպատի համալսարանի ուսումնառության տարիներ, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմ, Աբովյանը մանկավարժ, Աբովյանը եւ եվրոպական գրականությունը... մինչ` «Անհայտ բացակայությունը»:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Աբովյանի կողմից գրված դասագրքերի եւ ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռնարկների բնագրերը, աշխատությունները, որոնք ծառայել են որպես ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու ուղեցույցներ: Մեծ հայի կյանքի ու գործունեության այս եւ այլ դրվագներն են ներկայացնում գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները, շուրջ 1500 ցուցանմուշ:

Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արեւ Սամուելյանը, որ հանդես եկավ բացման խոսքով, մտավորականներ, արվեստագետներ, դպրոցականներ:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1938 թ. ապրիլի 25-ին, ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ, համաձայն որի գրողի Քանաքեռի հայրական տունը վերակառուցվել եւ վերածվել է տուն-թանգարանի: 1939 թ. նոյեմբերին թանգարանը իր դռներն է բացել առաջին այցելուների առջեւ:

1978 թ. կառուցված թանգարանի նոր շենքը թանգարանը հիմնանորոգվել է 2005-ին:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4