«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ. «ԴՈՒՔ ՁԵՐ ՏՈՒՆԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՔ»

Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում` ստամբուլահայ 16 պարմանուհիներ Հայաստանում են: Ապագա ուսուցչուհիները հայկական հինգ տարբեր դպրոցների շրջանավարտներ են, այժմ ուսանում են Ստամբուլի «Այդըն» համալսարանում: Այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ հայաստանյան իրականությանը, սերտ շփում հաստատել իրենց հայրենակիցների հետ. նրանք հյուրընկալվել են հայ ընտանիքներում, որտեղ մնալու են երկու շաբաթ: Արդեն եղել են Արտաշատում, Խոր Վիրապում, Մատենադարանում, Սեւանում եւ այլուր:

Հուլիսի 15-ին Վանաձորում նրանց ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը : Մինչ սրբազան հոր հետ հանդիպումը նրանք այցելել էին Սպիտակի Սուրբ Հարություն, Վանաձորի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիներ: Առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սեպուհ սրբազանը ներկայացրեց Գուգարաց թեմի պատմությունը, խոսեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւորության մասին` բարձր գնահատելով այդ ուղղությամբ Սփյուռքի նախարարության եւ անձամբ նախարարի իրականացրած ծրագրերն ու ձեռնարկումները: Սրբազանը առանձնակի կարեւորեց երիտասարդության դերը` շեշտելով ազգային եւ եկեղեցական կառույցներում նրանց ակտիվ գործունեության անհրաժեշտությունը, ինչի կարիքն զգացվում է առավելաբար պոլսահայ իրականության մեջ: Նա երիտասարդներին հորդորեց ամրապնդել կապը իրենց թուրք հասակակիցների հետ, քանզի երիտասարդների կապերն ու բարեկամությունն առավել կնպաստեն երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններին: Կոչ անելով համախմբվել Պոլսո հայ պատրիարքության` իբրեւ միակ ներկայացուցչական կառույցի շուրջը, սրբազանը նրանց հորդորեց սիրո եւ համերաշխության պայմաններում սատար լինել հայ համայնքի խնդիրների լուծմանը: «Մարդու ինքնության պահպանման մեծագույն գրավականը լեզուն է եւ հավատը. այս երկու արժեքները յուրաքանչյուր հայ պետք է կրի իր մեջ,- ասաց Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: -Բնականաբար, շատ էական, պարտադիր է նաեւ մեր հարեւան թուրք ժողովրդի մշակույթն ու պատմությունը լավ իմանալը եւ մեր մշակույթին ու պատմությանը նրանց քաջատեղյակ դարձնելը: Պատմական ճշմարտությունն իմանալը ավելի անկեղծ ու բարդույթներից զերծ կդարձնի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները: Դուք Հայաստանին ավելի լավ ծանոթանալով` այդ մասին կհաղորդեք նաեւ ձեր թուրք սերնդակիցներին:

Մեր լեզուն, մշակույթը, նախնյաց հիշատակը պահելով` ամեն մեկդ կնպաստեք երկու ժողովուրդների բարեկամությանը: Դուք ամեն մեկդ անպաշտպան դեսպաններ եք, որ պիտի ներկայացնեք մեր ժառանգությունները տարբեր ազգերին: Ես աղոթք եմ հղում առ Աստված, որ հայ եւ թուրք ժողովուրդները խաղաղությամբ ու փոխադարձ հարգանքով, անշահախնդիր բարեկամությամբ ապրեն կողք կողքի` չմթագնած ճշմարտությունը որպես անբեկանելի արժեք կրելով իրենց հոգիներում»:

Ապագա ուսուցչուհիներն այցելեցին նաեւ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար` ծանոթանալով այնտեղ հանգստացող պարմանիների առօրյային, զրուցելով նրանց հետ: Հետաքրքրական եւ բովանդակալից հանդիպումըՙ Սեպուհ սրբազանի, թեմի հոգեւոր հայրերի եւ «Ծիծեռնակ» ճամբարի երիտասարդների հետ, տպավորել էր նրանց: Իսկ սրբազան հոր խոսքն անմոռանալի էր. «Այս երկիրը ձերն է, ձեր տունն է, եւ դուք նույնպես այն շենացնելու պարտավորությունն ունեք»:

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4