1960 թվականի հունիսին, ուղիղ հինգ տասնամյակ առաջ, լույս տեսավ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի առաջին համարը: Այն, գործնականում, դեռեւս 1956 թվականից լույս տեսնող հայկական արխիվային առաջին պարբերականիՙ «Ինֆորմացիոն բյուլետենի» ուղղակի իրավահաջորդն էրՙ առավել ծավալուն մակարդակով: 20 մամուլ ծավալով, 1000 օրինակ տպաքանակով, ՀԽՍՀ արխիվային վարչության ամենամյա պարբերական «Բանբերը», ինչպես նշված էր հանդեսի առաջին համարի նախաբանում, կոչված էր. «Գիտական շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության վերաբերյալ արխիվային դոկումենտալ նյութերը...»:
«Բանբերի» այսօր արդեն 115 համարներից 21-ը փաստաթղթերի թեմատիկ ժողովածուների հրատարակումներ են: Թվարկենք դրանցից մի քանիսը. «Ռուս-հայկական համագործակցությունը Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու ժամանակաշրջանում (1826-1828 թթ.)», «Նախիջեւան-Շարուրը 1918-1921 թթ.», «Հայոց ազգային համախորհրդակցությունը. Թիֆլիս, 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր», «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Լ. Մ. Սերեբրյակով» եւ այլն:
1986-ին, Հայաստանի երրորդ հանրապետության սոցիալ-տնտեսական դժվարագույն պայմաններում, «Բանբերի» լույս ընծայումը դադարեցվեց: Վեցամյա հարկադիր դադարից հետոՙ 2001-ին «Բանբերը» վերահրատարակվեց: Եվ քանի որ տարին անցնում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանի համաժողովրդական տոնակատարության նշանաբանով, «Բանբերը» լույս տեսավ «Քրիստոնյա Հայաստան-1700» խորագրով:
Այսօր «Բանբեր Հայաստանի արխիվների» գիտատեղեկատու հանդեսն արդի հայագիտության հեղինակավոր պարբերականներից մեկն էՙ միակն իր տեսակի մեջ: Նրա էջերում հրապարակված վավերագրերի ընտրանիներն ու հետազոտական հոդվածները լուրջ ներդրում են հայոց նոր ու նորագույն շրջանի պատմության ուսումնասիրության բնագավառում: Հանդեսի էջերում տպագրվում են ինչպես հանրապետության ճանաչված պատմաբանների, այնպես էլ պատմագիտության մեջ իրենց առաջին քայլերը կատարող երիտասարդ գիտաշխատողների հոդվածները: Նշենք, որ «Բանբերը» ընդգրկված է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) հաստատած «Դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի ամսագրի ցանկում»:
Տարիներ շարունակ հանդեսի էջերում հրապարակվել են նորահայտ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք միտված են եղել պատմության «սպիտակ էջերի» լուսաբանմանը: Պակաս կարեւոր չէ եւ այն, որ հանդեսը մշտապես ունեցել է մի շատ կարեւոր գործառույթՙ արխիվային բազմատեսակ տեղեկատվությամբ, արխիվագիտական նյութերով ուսանել, մասնագիտական գիտելիքներ հաղորդել հատկապես երիտասարդ արխիվագետներին:
«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը գիտահրատարակչական 50-ամյա պատվաբեր ուղի է անցել: Նրա նշանակությունը օրավուր կարեւորվում է:
Մաղթենք ուրեմն հանրապետության միակ արխիվային պարբերականինՙ հետագա բեղուն գործունեություն:
ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի մամուլի քարտուղար