«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԱՆՈԵՎԻՉ. «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄՆԱՆՔ ՄԵՐ ԽԱՂԱՈՃԻՆ»

Այսօր «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման պատասխան խաղում կհյուրընկալի Սերբիայի «Պարտիզանին»: Խաղը կսկսվի ժամը 21-ին: Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր «Պարտիզանի» հաղթանակով (3-1): Այնպես որ այսօրվա խաղում փյունիկցիների առջեւ բավական լուրջ խնդիր է դրված: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Փյունիկը» պետք է առնվազն 2 գոլ խփիՙ սեփական դարպասն էլ պահելով անառիկ:

«Պարտիզանը» երեկ երեկոյան մարզվեց «Հանրապետականում»: Մինչեւ մարզումը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը հանդիպեց լրագրողներին:

«Հայաստանում մեզ շատ լավ ենք զգում: Առաջին խաղում շատ լավ խաղացինք, ֆուտբոլիստներն իրենց լավ դրսեւորեցին: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, սակայն չստացվեց: Կաշխատենք Երեւանում էլ գոլեր խփել: Պատասխան հանդիպմանն էլ լրջորեն ենք նախապատրաստվել: Այստեղ էլ թիմը հարձակողական ֆուտբոլ է ցուցադրելու: Մենք խաղալու ենք կոշտ ֆուտբոլ, մեզ բնորոշ ոճով, չենք մտածելու պաշտպանության մասին, թեեւ մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին», ասուլիսի սկզբում ասաց «Պարտիզանի» գլխավոր մարզիչը: Ալեքսանդր Ստանոեւիչին ու նրա սաներին դուր էր եկել «Հանրապետական» մարզադաշտը: Նրա համոզմամբ որակյալ խաղադաշտում ֆուտբոլասերներն ականատես կլինեն գեղեցիկ ֆուտբոլի:

Թեեւ 2 գնդակի առավելությանը, Ստանոեւիչը մրցակցության ելքը վճռված չի համարում: Ուստի գլխավոր մարզչի եւ «Պարտիզանի» ֆուտբոլիստների ողջ ուշադրությունն առայժմ բեւեռված է առաջիկա հանդիպման վրա: Նրանք լավ ուսումնասիրել էին «Փյունիկին», ուստի առաջին խաղում մրցակիցը չկարողացավ անակնկալ մատուցել: Սակայն Երեւանում ամեն ինչ հնարավոր է սպասել «Փյունիկից»: Հայ լրագրողների այն դիտարկմանը, թե «Պարտիզանը» սեփական հարկի տակ բավական կոպիտ էր խաղում, ինչը համապատասխան վերաբերմունքի չէր արժանանում մրցավարի կողմից, Ստանոեւիչը հետեւյալը պատասխանեց. «Մենք կոշտ պայքար էինք մղում, սակայն կանոնների սահմաններում: Մրցավարի գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել, սակայն նա պարտավոր էր մրցակցի դարպասին 11մ հարված նշանակել»:

Հայկական ֆուտբոլի մասին առաջին պատկերացումը Ստանոեւիչը կազմել է Հայաստանի եւ Սերբիայի հավաքականների մրցախաղերի ժամանակ: Ըստ նրա, հայերը եվրոպականին մոտ ֆուտբոլ են ցուցադրում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4