«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2010-07-17 | #134, 2010-07-20 | #135, 2010-07-21


«ԼԻՎԵՐՊՈՒԼՆ» ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռաբոտնիչկիի» հետ մրցավեճում հաջողության հասնելու դեպքում «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում պետք է մրցի անգլիական «Լիվերպուլի» հետ: Վերջինիս ղեկավարությունը չսպասելով «Միկա»-«Ռաբոտնիչկի» երեւանյան մրցախաղի արդյունքին, արդեն սկսել է տեղեկություններ հավաքել ապագա մրցակիցների վերաբերյալ:

Այդ նպատակով Երեւան են ժամանել «Լիվերպուլի» ներկայացուցիչները: Նրանք այցելել են «Միկա» մարզադաշտ, ծանոթացել են պայմաններին, հանդիպել են հայկական ակումբի ղեկավարության հետ: Բնականաբար, նրանք ներկա կգտնվեն «Միկա»-«Ռաբոտնիչկի» հանդիպմանըՙ պատկերացում կազմելու ապագա մրցակցի խաղային հնարավորությունների մասին:

Տեղեկացնենք, որ «Լիվերպուլի» ղեկը վերջերս ստանձնել է Ռոյ Հոջսոնը: Նա ժամանակին գլխավորել է Ֆինլանդիայի հավաքականը ու իր սաների հետ եղել է Հայաստանում: Այնպես որ Հոջսոնը հայ ֆուտբոլիստների մասին որոշակի պատկերացում ունի:

Ի դեպ, Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումներում ստիպված կլինեն խաղալ առանց Սթիվեն Ջերարդի, Ֆեռնանդո Տորեսի եւ Դիրկ Կայտի, որոնք մասնակցել են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Մարզչական շտաբը գտնում է, որ չպետք է նրանց ծանրաբեռնել, որոնք նոր են սկսել մարզվել: Առայժմ պարզ չէ Ջերարդի եւ Տորեսի հետագա ճակատագիրը: Ակումբի ղեկավարությունը նրանց մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ է տվել վերջնական որոշում կայացնելու: Եթե նրանք մնան թիմում, ապա Հոջսոնը մինչեւ 40 մլն եվրո կարող է ծախսել թիմը համալրելու համար: Հակառակ դեպքում հարկ կլինի ծախսել 100 մլն եվրոյից ավելի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4