ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա
Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-ին ժամը19.30-ին հանդիպում ունեցավ Քյոլնի Ս. Սահակ- Մեսրոպ եկեղեցու սրահում հավաքված հայ համայնքի հետ: Մոտ երկու ժամ տեւած հանդիպումը սկսվեց հոտնկայս ծափերով, ապա ամբիոնին մոտեցած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ողջունեց առաջին անգամ Գերմանիայում, հայոց առաջնորդարանում հյուրընկալված Հայաստանի պաշտպանության նախարարինՙ լիակատար հաջողություն մաղթելով նրա առաքելությանը: «Առանց չափազանցության առաջին դեպքն է, երբ հայ հաղթանակած բանակի ղեկավարը, զինվորականներ, հայոց բանակի համազգեստով հյուր են լինում առաջնորդարանում», իր խոսքը սկսեց Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը ՙ հակիրճ ներկայացնելով նախարարի կենսագրականը:
«Իմ աշխատանքային սկզբունքների մեջ մշտապես եղել է հանդիպել հայ համայնքի հետ, ասաց այնուհետեւ ամբիոնին մոտեցած նախարարըՙ համառոտ անդրադառնալով հայոց բանակին: «Բանակը ոչ միայն Հայաստանինն է, այլեւ հայ ժողովրդինը: Հայոց բանակի կազմավորման մեջ մեծ է եղել միասնականության դերը, մեզ պարտադրված պատերազմում մարտական գործողություններին զուգահեռ կարողացել ենք ստեղծել կանոնավոր բանակ», ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը: Հայ ժողովուրդը միշտ մոտ է եղել ռազմական գիտությանը:
Զինադադարից հետո մեր բանակը կարողացել է վերականգնել կորուստները, մարդկային կորուստների մասին չէ անշուշտ խոսքը, նրանց հոգիների հետ մշտական հաղորդակցությունն օգնում է պահել ոգեղենությունը: Եվրոպական բոլոր բանակները բարեփոխումներ են ապրում: Հայոց բանակը վերագնահատում, վերարժեւորում է իր անցած ճանապարհը եւ առաջընթաց ապահովելու ուղիներ փնտրում: Բանակի զարգացման հետագա հիմքում նպատակ ունենք հաստատել ազգային եւ միջազգային գերակայությունները: Բանակի հետ բոլոր գերատեսչությունները մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Մեր պատմության անցած ճանապարհը, հերոսությունը կուտակվել եւ պոռթկում է ստացել Ղարաբաղյան պայքարում: Թեպետ մեզ ագրեսոր են անվանում, ոչինչ, մենք գիտենք, որ մենք ագրեսոր չենք էլ եղել, ասաց նախարարըՙ անցում կատարելով երկրորդ խնդրինՙ միջազգային երաշխիքների ապահովմանը:
Անդրադառնալով երկրագնդի մեծածավալ հակամարտություններինՙ Կոսովոյին, Իրաքին, Աֆղանստանին, պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հայաստանն է նախաձեռնություն հանդես բերել անվտանգության սպառող լինելու փոխարեն ներդրում ունենալ տվյալ տարածաշրջաններումՙ խաղաղապահ առաքելության մաս կազմել: Մեր տարածաշրջանը միակն է, որտեղ ղարաբաղյան բանակը հայոց բանակի աջակցությամբ առանց ուրիշների ներկայության կարողանում է պահպանել զինադադարը: Նախարար Օհանյանն ընդգծեց, թե մեր բանակի մարտունակությունը, մարտական ոգին, ինժեներական կառույցներն են զերծ պահում հակառակորդին մարտական գործողություններ կատարելուց: 1994-ի զինադադարից հետո էստաֆետը փոխանցեցինք դիվանագետներինՙ պայմանովՙ չտա Աստված, որ այդ էստաֆետը նորից մեզ փոխանցեք: Բանակի հիմնական խնդիրը խաղաղության ապահովումն է: Մեր առաջընթացներից մեկը ստատուս քվոյի պահպանումն է: ԼՂՀ հարցի լուծման մեջ Ղարաբաղի ինքնորոշումը սակարկելի չէ: Մենք ուժի կիրառումից չենք վախենում: Թեպետ Ադրբեջանն սպառազինությունների առումով ավելի մեծ հնարավորություն ունի, բայց դրան դիմագրավում ենք մարտական ոգով, ինչպես նախկինում, այդ ոգին այսօր էլ շարունակվում է: Առաջին գծում մերթընդմերթ լինում են խախտումներ, սա ցույց չի տալիս նրանց առավելությունը մեր նկատմամբ: Մենք պատժել եւ պատժում ենք մինչեւ վերջ, բայց այդ մասին չենք խոսում: Մեզ համար ցավալի են մարդկային այն կորուստները, որ ունեցանք, բայց հակառակորդը մի քանի անգամ ավելի շատ կորուստ է կրել, ասաց նախարարը:
Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ առաքելությանը Աֆղանստանումՙ նախարարը տեղեկացրեց, թե ինքը 2 օրից մեկնելու է Կունդուզՙ հանդիպելու հայկական զորախմբին, իսկ պատվիրակությանն ուղեկցող Վրթանես սրբազանը օրհնելու է տեղում հայ զինվորականներիՙ ամիսներ առաջ քրիստոնյաների համար կառուցած փոքրիկ մատուռը: Նախարար Օհանյանը ներկայացրեց նաեւ նախագահ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը: Որպես գերագույն հրամանատար նա առավելագույնս ուզում է այնպես անել, որ խնդիրները լուծի, ասաց նախարարըՙ ակնարկելով Թուրքիայի հետ հարաբերությունները: Ցավոք, թուրքերը սկսեցին նախապայմաններ դնել, ղարաբաղյան հարցի մեջ նախաձեռնություն ցույց տալ, ինչը պատճառ դարձավ, որ սառեցնենք սկսվածը: Միջազգային ուժերը դա լավ ընդունեցին:
Նախաձեռնողական քաղաքականության մեջ է մտնում բանակցային քաղաքականությունըՙ անվտանգության առումով համագործակցում ենք ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում, երկկողմ համագործակցություն կա Ռուսաստանի, Իրանի, եվրոպական մի շարք երկրների հետ: Այսօր Գերմանիայի հետ 2001-ից սկսված հարաբերությունների գագաթնակետն է, երբ ՀՀ պաշտպանության նախարարն առաջին անգամ պաշտոնական այցով ԳԴՀ-ում է: Մեր բանակի առաջընթացն ապահովելու համար փորձի փոխանակում ենք իրականացնում, երախտապարտ ենք ԳԴՀ պաշտպանության նախարարությանըՙ նրանց փորձագետներին մշտական խորհրդատվության համար:
Այնուհետեւ նախարարը խոսքն ուղղեց Սփյուռքինՙ մեջբերելով այն տողերը, որ գրել էր առաջնորդարանի հյուրերի մատյանումՙ երախտապարտ եմ հայության այն հատվածին, ովքեր փոքրիկ Հայաստան են ստեղծել: «Այս տարի ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանին վերաբերող կոնֆերանսի առիթով եղել եմ Պոլսում: Թուրք զինվորականներըՙ մեր անվտանգությունը պաշտպանելու նպատակով ուղեկցում էին մեզ: Երբ նրանց էլ հրավիրեցի ճաշի սեղանի, զարմացան: «Մեր հայրենիքում ես Ձեզ պատիվ եմ տալիս», նախարարի մեկնաբանությունը ծափերի արժանացավ:
Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց ներկաների հարցերին: Ղարաբաղյան հակամարտության մասին Գերմանիայի կառավարության կեցվածքի վերաբերյալ արքեպիսկոպոս Բեկչյանի հարցին, որն իր մեջ կրում էր գերմանա-թուրքական ավանդական դաշնակցության ենթատեքստը, նախարար Օհանյանը ծանուցեց, թե Գերմանիան հավասարակշռված քաղաքականություն է վարում, կողմ է բանակցային գործընթացին, դեմ է ուժի կիրառմանը: Ընդհանուր անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերում համագործակցություն կաՙ Աֆղանստանում հայկական ստորաբաժանումը գերմանական զինամիավորման կազմում է գործում, ադրբեջանականըՙ թուրքականի: Հաջորդ հարցը, որ նախարարին ուղղեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը , լսարանում մեծ հետաքրքրություն ուներ: ՀՀ-ից տարբեր տարիների Գերմանիա եւ հարեւան երկրներ շատ անչափահասներ են արտագաղթել իրենց ծնողների հետ, հիմա ուզում են Հայաստան այցելել, ամուսնանալ, բայց վախենում են, որ բանակում ծառայած չլինելու պատճառով օդանավակայանում կարող են ձերբակալվել: Ինչպե՞ս անել, որ հազարավոր այսպիսի խնդիրներ ունեցող երիտասարդները չօտարվեն հայրենիքից: «Նախ եւ առաջ, եթե 27 տարին լրացել է, համապատասխան գումար են մուծում, ազատվում ծառայությունից, եթե կա քրեական հետապնդում, վերանում է», ասաց նախարարըՙ հավելելով, թե 2 տարին քիչ ծառայություն է, եւ խոստացավ հարցն առանձին ուսումնասիրել, խորհուրդ տալով նաեւ Գերմանիայի քաղաքացիություն ստանալ:
«Մամուլում կարծիք էիք հայտնել, թե պատերազմական վտանգը մեծ է», Սերովբե վարդապետ Իսախանյանի դիտարկմանը Սեյրան Օհանյանն այսպես պայտասխանեց. «ՀՀ պաշտպանության նախարարը միշտ պիտի մտածի, որ հենց վաղը կարող է պատերազմ սկսվել: Լուրջ ուսումնասիրություն ենք կատարում, այն իրադրությունը, որ այսօր ձեւավորվել է, առիթ է տալիս ասելու, թե այս տարի մարտական գործողություններ սկսելու հավանականությունը շատ փոքր է»:
Բանակը բազմաթիվ կարիքներ ունի, առաջնահերթ ինչի՞ մասին մտածենք Սփյուռքում, ԳԿԽ ատենապետի մտահոգությանը նախարարը պատասխանեց, թե բանակը բարոյական աջակցության կարիք ունի, լուրջ սատարումՙ հատկապես տեղեկատվական ոլորտում: Հայ համայնքը դեսպանության հետ միջազգային հանրությանը նվազագույն ճիշտ տեղեկատվությունը պիտի տրամադրի իրադրության, իրավիճակի մասին: Նաեւՙ Հայաստանում ներդրումներ կատարի, ասաց նախարար Օհանյանը: «Ի՞նչ պայմաններում Արեւմուտքն այլեւս հավասարության նշան չի դնի հրադադարը խախտողի, ուժ կիրառողի եւ սեփական անվտանգությունը պաշտպանողի միջեւ»ՙ մեր հարցին պատասխանելուց առաջ նախարարը նախ հիշեցրեց հունիսի 18-ի միջադեպըՙ խախտման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ հավասարության նշան էր դրվածՙ կոչ անելով կողմերին զերծ մնալ խախտումներից: Այդ խախտումները չեն շարունակվի, եթե ճիշտ գնահատական տան, ճիշտ պահին մոնիտորինգ անցկացնեն: Հունիսի 18-ի պարագայում շատ հեշտ էր արձանագրել, թե ով է եղել խախտողը, ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Նա անդրադարձավ Ղարաբաղի զարգացմանըՙ մասնավորապես շեշտելով, թե միջազգային փորձագետները լինելով այնտեղ նկատում են ժողովրդավարության ամրապնդումը: Բակո Սահակյանիՙ կոռոուպցիայի դեմ պայքարի արդյունքում արմատախիլ է արվել կաշառակերությունը, ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարարը: «Հայաստանը ե՞րբ կդառնա ժողովրդավարական, կոռուպցիան մերժող երկիր», մեր հարցին նախարարը նկատել տվեց, թե օրենքին մերձ ավելի կատարողական են այն տարածաշրջանները, որտեղ ուսերի վրա ավելի շատ են զգացել ծանրությունը: Ավելի զգույշ են, զգոն Հայաստանի սահմանամերձ մարզերում: Ժողովրդի հետ զրույցն էլ այլ է, ասաց նախարար Օհանյանը: Այսօր ՀՀ նախագահի ծրագրերում, կառավարության ուշադրության կենտրոնում է տարածքների համաչափ զարգացումը: Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ես տեսնում եմ այն քայլերը, որ նախագահի անմիջական ներգործությամբ դրական ընթացք են ստանում, ասաց նախարարը: «Ալմաթիիում վերջին հայտարարության մեջ Հայաստան եւ Ադրբեջան բառերի փոխարեն հայ եւ ադրբեջանցի ձեակերպումը հույս տալի՞ս է, թե Ղարաբաղը շուտով մասնակցելու է բանակցային գործընթացին», մեր հաջորդ հարցին նախարարն ասաց, թե բանակցային գործընթացում ավելի է ամրապնդվում ժողվրդի ինքնորոշման սկզբունքըՙ հիշեցնելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի: Ժամանակին ԼՂՀ պաշտպանության նախարար լինելով միշտ ասել եմՙ կգա պահը, երբ ստիպված կլինեք Ղարաբաղի հետ զրույցի նստել:
Նախարարին այլ հարցեր էլ ուղղվեցին, դրանցից մեկին ի պատասխան լսարանը իրազեկ դարձավ , թե հիմնական զինամթերքի մեծ մասը Հայաստանը գնում է դրսիցՙ եվրոպական արտադրանք է: Բայց տեղում էլ կարողացել են արտադրել: Կարեւորվում է բարեփոխումների ծրագրում ռազմական արդյունաբերության կայացումն ու զարգացումը, պարզաբանեց Սեյրան Օհանյանըՙ ծանուցելով, որ օրեր առաջ Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկություն են հիմնել: «Պլանավորել եմ աշխարհի հայ զինվորականների հասարակական կազմակերպություն ստեղծել», իր առաջիկա ծրագրերին հաղորդակից դարձրեց նախարարը: Պոլսում ծնված գերմանահայ բժիշկ Պարթեւյանը նախարարին պատմեց, թե պատանության տարիներին հայկական երգը միշտ ուղեկից էր: «Կռունկեն միշտ խաբրիկ մը կսպասեինք Հայաստանեն: Այսօր կռունկի փոխարեն Հայաստանի արծիվը մեզ հյուր եկավ», ասացՙ նկատելի հուզված:
Նախարարը, ի թիվս այլ հուշանվերների, առաջնորդարանին նվիրեց զինված ուժերի խորհրդանիշ արծիվը, նաեւՙ իր հեղինակած գրքերից: Հետո մոտեցավ հավաքվածներին, մտերմիկ զրույցի բռնվեց: Սրահում ընտրյալ հյուրերին էր սպասում ընթրիքի սեղանը: Բոլոր նրանց, ովքեր ստիպված էին 20 րոպե ուշ ճաշելՙ նախարարին սպասելով, այսօր փոխհատուցում ենքՙ մեր առանձնազրույցը որպես ըմպելիք հրամցնելով:
- Պարոն նախարար, նախՙ Ձեր հրաշալի հայոց լեզվի մասին: Ծնվել եք Շուշիում, միջնակարգ դպրոցն ավարտել Հայաստանում, զինվորական կրթություն ստացել Բաքվում: 1983-88 ծառայության եք անցել Գերմանիայումՙ Մագդեբուրգում: Խորհրդային դպրոց անցած զինվորականները սովորաբար հայոց լեզվով վատ են արտահայտում իրենց մտքերը: Ինչպե՞ս է, որ հայոց լեզուն այդքան ամուր է մնացել:
- Դա նշանակում է, որ նախ եւ առաջ դպրոցում լավ եմ սովորել, հայերեն եմ սովորել, ծնողներս ուսուցիչներ են, հայոց լեզվի հիմքը թույլ է տվել Խորհրդային Միության ծառայությունից հետո հայոց լեզուն անմիջապես վերականգնել: Նաեւՙ շատ եմ ընթերցում, գրականություն եմ կարդում:
- Ես ռազմական պատմության չեմ տիրապետում, բայց կարծիք կա նաեւ, թե մեր որոշ պարտությունների պատճառը հայ բարձրաստիճան զինվորականության օտար, ռուսամոլ լինելն է: Մեր բանակում հայոց լեզվին ուշադրություն դարձնո՞ւմ են, ազգայի՞ն մտածողությամբ անհատներ են ձեւավորվում:
- Նման կարծիք երբեւիցե չկա, թե պարտությունների պատճառը ռուսամոլությունն է, ընդհակառակըՙ խորհրդային բանակում ծառայած կադրային սպաները բավականին մեծ նպաստ են ունեցել, կազմակերպված եւ ռազմական գիտության տարրերին համաձայն կազմակերպել մեր ամբողջ պաշտպանությունը եւ այն օպերացիաները, որտեղ հաղթանակներ ենք ունեցել: Այսօր ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում եւ հայոց բանակում պետական լեզուն հայերենն է, եւ ողջ գործընթացը հայերեն լեզվով է ընթանում, չնայած մենք ռազմական կրթության ենք ուղարկում շատ-շատ երկրներ, ամենաշատըՙ Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան, եվրոպական շատ երկրներ, Չինաստան, բայց մեր զինծառայողները կարողանում են արագ վերականգնվել եւ այդ գիտության, կրթության մեջ ստացած ձեռքբերումները արագ համադրել եւ տեղայնացնելՙ մեր պահանջների եւ հնարավորությունների համաձայն:
- Նախատեղակայման վարժանքների ժամանակ գերմանական կողմն իր հիացմունքն էր արտահայտել անգլերենին տիրապետող հայ խաղաղապահներիՙ դժվար առաջադրանքները գրագետ եւ արագ կատարելու առիթով: Խոսեցինք հայոց լեզվի մասին, իսկ ուրիշ ի՞նչ լեզուներ են տիրապետում բարձրաստիճան զինվորականները:
- Այսօր մանավանդ խաղաղապահ առաքելություն իրականացնելու մեջ փոխգործունակ լինելը ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Եվ դրա հիմքում ընկած է լեզուն: Այսօր թե՛ խաղաղապահ ստորաբաժանումներում, թե՛ հայոց զինված ուժերի բարձրաստիճան բոլոր օղակներում սովորում են արտասահմանյան լեզուներ, կան լեզվի կենտրոններ մեր ռազմական ինստիտուտներում, կադրերի եւ ռազմական կրթության վարչությունում, սովորում ենք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, կսովորենք նաեւ պարսկերեն, մեր հարեւանների լեզուները պետք է իմանանք, սովորում ենք նաեւ մեր հակառակորդների լեզուները:
- Պարոն նախարար, խորհրդային բանակի կազմում Գերմանիայում անցած ծառայությունն օգնո՞ւմ է Ձեզ այսօր Ձեր պաշտոնակիցների հետ հարաբերություններում:
- Ես հանդիպումներ տարբեր մակարդակներում եմ ունենում: Սա պաշտոնական առաջին այցն է, բայց տարբեր ձեւաչափերով մշտապես այցելել եմ Գերմանիա: Այնքանով է օգնում, որ խոսակցությունների մեջ որոշակի պահերի կարողանում եմ գերմաներենը գործածել:
- Ո՞րն է պաշտոնական այցի առիթը: Գերմանական կողմի հետ որեւէ փաստաթուղթ պիտի ստորագրվի՞:
- Առիթը Գերմանիայի պաշտպանության նախարարի հրավերն էՙ եւ նաեւ այցելել խաղաղապահ մեր ստորաբաժանում, որ Աֆղանստանում է: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ամեն տարի ստորագրվում է երկկողմ համաձայնության հուշագիրը: Այս այցին կրթական ոլորտի փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու, որ վերաբերելու է հայկական կողմիՙ ԳԴՀ-ում ուսումնառություն ստանալուն:
- Պարոն նախարար, հուլիս 17-18-ին Իրան կատարած Ձեր այցին Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, որի մասին մամուլը սակավ տեղեկություններ հաղորդեց: Նշվում էր, թե խոսվել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մասին: Կմանրամասնեի՞քՙ ինչ ասել է բազմակողմ:
- Բազմակողմ համագործակցության մասին այնտեղ մենք ընդհանուր առմամբ խոսակցություն չենք ունեցել: Խոսակցության հիմքում ընկած է եղել երկկողմ հարաբերությունների համապատասխան ընթացքավորումը, որովհետեւ կարելի է ասել, թե պաշտպանության ոլորտում Իրանի հետ համագործակցություն համարյա չենք ունեցել: Իսկ համագործակցության ոլորտները սոցիալական, հումանիտար, բժշկական ուղղություններն են:
- Այս տարի նախատեսո՞ւմ եք այց Վրաստան:
- Այս տարի նախատեսվում է Վրաստանի պաշտպանության նախարարի այց, որովհետեւ անցած տարի ինքս եմ այցելել:
- Պարոն նախարար, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների անվան հետ ինչ-որ պատմություններ են կապվում: Ձեր անվան հետ դեռեւս որեւէ բացասական պատմություն չենք լսել, եւ այդ իմաստով Ձեր անունը շատ քիչ է շրջանառվում: Ձեզ ինչպե՞ս է հաջողվումՙ այդքան պաշտպանված մնալ:
- Պետք է հարցնել ժողովրդինՙ ո՞րն է պատճառը: Իմ մասին կարծիք հայտնել դժվարանում եմ, ավելի շուտ իմ կոլեգաները, իմ ենթակաները, իմ զինվորները կամ ժողովուրդը կարող են կարծիք հայտնել: Բայց կարող եմ ասել, որ իմ կյանքում միշտ ձգտել եմ լինել օրինապաշտՙ իմ գործունեության մեջ հիմք ընդունելով արդարության սկզբունքները, լինել մարդամոտ, զրուցելու, առնչվելու ժամանակ հավասարը հավասարին սկզբունքն ունենալ:
- Երկու տարի հետո 50 տարեկան եք դառնում: Ո՞րը կլինի Ձեզ համար լավագույն նվերը:
- 50 տարեկանում ինձ համար լավագույն նվերը կլինի այն, որ այն բոլոր խնդիրները, որ կան Հայաստանի Հանրապետության համար, իրենց դրական ընթացքն ունենան, հայ ժողովրդի համար ստեղծվեն, ամրապնդվեն այն պայմանները, որ նա անվտանգ միջավայրում լինի: Երկու տարի հետո մենք նաեւ բանակի 20-ամյակն ենք տոնելու եւ լավագույն նվերը կլինի այն, որ մեր բանակն է՛լ ավելի հզորանա եւ մենք վստահ, ժողովրդի առջեւ բացճակատ դուրս գանք:
- Ես էլ հույս ունեի, թե կասեքՙ Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվեր:
- Մենք լուծել ենք այն: