Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են անում որոշ հղումներով, պարզ է, թե ում են ուղղված այդ ուղերձները: «Ռուսերեն մի լավ ասացվածք կա "и ежу понятно": Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները միտումնավոր ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել, ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը», «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այսօր ադրբեջանցիները, նախարարի խոսքերով, մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարեւորությունը: «Հարց է առաջանում` ինչու էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարեւորություն չունեն»:
Թե Հայաստանը, թե Ղարաբաղը միշտ էլ կողմնակից են եղել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը: Այդ մասին 2005 թ. մարտին պաշտպանության նախարարի հայտարարությամբ Հայաստանը նորից վերահաստատեց իր պատրաստակամությունը: Նույնը արվեց Ղարաբաղի կողմից: «Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտմանը համարժեք արձագանքի բացակայությունը միջազգային հանրության կողմից, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է մերժել որեւէ առաջարկ այս ուղղությամբ, ինչպես դա արեց 2008 թ. Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում համանախագահ երկրների արտգործնախարարների հնչեցված կոչին `քայլեր կատարելու զինադադարը ամրապնդելու համար, դուրս բերելու դիպուկահարներին շփման գծից», երիտասարդների հետ հանդիպմանը պարզաբանել է նախարարը:
Նալբանդյանի ներկայացմամբ, դեռ սպասում են, թե ադրբեջանցիները ինչպես կարձագանքեն Ալմաթիում արված կոչերին, ինչ քայլեր կձեռնարկեն, կփոխեն արդյոք իրենց ապակառուցողական գործելաոճը, որը չի տանում խնդրի կարգավորմանը:
Ա. Հ.