19-րդ դարում կարճատեւ, բայց վառ կյանք ապրած երկու հանճարներիՙ Շումանի եւ Շոպենի համար 2010 թվականը 200-ամյակի տարի է: Ժամանակին նորարարական եղած նրանց արվեստը հիմա էլ ներշնչանքի աղբյուր է մնում երաժիշտ-կատարողների եւ կոմպոզիտորների համար:
Նախօրոք ազդարարելով Ռոբերտ Շումանի (1810-1856) հոբելյանը Schott-Music միջազգային հրատարակչության հանդեսը (2009, թ. 4) մեջբերում է 20-21-րդ դդ. մեծ թվով ստեղծագործություններ, որոնք նվիրված են Շումանի երաժշտությանը կամ կապված են դրա հետ: Ահա՛ այդ ստեղծագործությունների հեղինակները. Բեռնդ Ալոիզ Ցիմմերման, Դիտեր Շնեբել, Վիլհելմ Կիլմայեր, Իվան Ռեզաց, Հանս Հոլլիգեր, Թոբիաս Պիկեր, Ալեքսանդր Գյոհր, Արիբերտ Ռայման, Տոշիո Հոսոկավա, Մարկ-Էնտոնի Թըրնիջ, Յորգ Վիդման: Կարելի է վերհիշել նաեւ հունգար խոշորագույն կոմպոզիտոր Դյորդ Կուրտագին, որը Շումանի նուրբ ու տեսիլային երաժշտության մեջ գտավ իրեն հոգեհարազատ քնարական արտահայտչություն: Այս առումով Շումանը հարազատ է նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորներին, մասնավորապեսՙ Տիգրան Մանսուրյանին:
Հուլիսին Կամերային երաժշտության տանը Ա. Խաչատրյանի անվան Դաշնամուրային եռյակը (ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, դաշնակահար Արմինե Գրիգորյան) ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ («բռավո» պարոն Հանս-Յոհեն Շմիդտինՙ ակադեմիական երաժշտությանն օժանդակելու համար) կազմակերպեց Ռոբերտ Շումանի հոբելյանին նվիրված համերգ: Ծրագրում ընդգրկվել էին թավջութակի ու դաշնամուրի Ֆանտաստիկ պիեսները, երկ. 73 (1849 թ.), 1-ին Դաշնամուրային տրիոն ռե մինոր, երկ. 63 (1847 թ.) եւ Դաշնամուրային կվինտետը մի-բեմոլ մաժոր, երկ. 44 (1842 թ.): Վերջին ստեղծագործության կատարման համար հրավիրվել էին Արամ Ասատրյանը (ջութակ) եւ Յանա Դարյանը (ալտ):
Պետք է ասել, որ Դաշնամուրային կվինտետը, ինչպես եւ Շումանի շատ ուրիշ ստեղծագործություններ Երեւանում հաճախ են հնչում: Շումանի պարտիտուրները միշտ բաց գիրք է. դրա յուրաքանչյուր ընթերցում բերում է նոր զգացմունք, իմաստների նոր երանգներ, որոնցով անչափ հարուստ է Շումանի երաժշտությունը: Եվ Ա. Խաչատրյանի անվան Դաշնամուրային եռյակի կողմից Շումանի կատարումը կրում էր նման ընթերցման հետքեր, որի պատճառներից մեկը անսամբլի մեծ պատասխանատվությունն է իր յուրաքանչյուր համերգի համար:
Հիմա, երբ Երեւանում գործում են մի շարք կամերային-գործիքային խմբեր, միայն պրոֆեսիոնալիզմն ու իսկական ստեղծագործական նվիրումն են որոշում գեղարվեստական մակարդակի ապահովումը: Իր կատարողական գործունեության մեջ պահպանելով այս սկզբունքներըՙ Ա. Խաչատրյանի անվան Դաշնամուրային եռյակը առանձնանում է նվագվող երաժշտական նյութի ճշգրիտ գիտակցմամբ: Այստեղ խոսքը միայն ստեղծագործության ոճի մասին չէ. պակաս կարեւոր չէ ոճի բեկումը այսօրվա ընկալման պրիզմայի միջով: Այլ կերպ ասածՙ անցյալի երաժշտության մեջ ժամանակակից տեմպո-ռիթմիկա եւ հնչողության տեմբրային հատկություններ ընկալելու եւ հաղորդելու անկրկնելի կարողությունը:
Ա. Խաչատրյանի անվան Դաշնամուրային եռյակը, որի մրցունակությանը դուրս է գալիս Հայաստանից հեռու, կատարողական մեծ հնարավորությունների տեր խմբի համբավ ունի: Խմբի երաժիշտները նախ եւ առաջ մենակատարներ են, նրանց անհատական արտիստականությունը զգացվում է կատարման ժամանակ գեղարվեստական արտահայտչականության եւ միասնական ստեղծագործական վիճակի մակարդակով: Ահա թե ինչու, նույնիսկ այս կամ այն մեկնաբանմանը համաձայն չլինելու դեպքում, անկարելի է ժխտել երեւանյան համերգների համար հազվագյուտ ստեղծագործական պրոցեսի մթնոլորդը:
Հենց այս առումով կարելի է դատել թավջութակի ու դաշնամուրի Ֆանտաստիկ պիեսների մասին. իմ կարծիքով, այստեղ չէր բավականացնում հատկանշական շումանյան թերասածությունը: Պատահական չէ, որ կոմպոզիտորը մի քանի գործիքային երկ է գրել «Ֆանտաստիկ պիեսներ» անունով: Փոխարենը թավջութակի պիեսներից հետո հնչած 1-ին Դաշնամուրային տրիոն անջնջելի տպավորություն թողեց ամբողջ շարքի եւ առանձին վերցրած յուրաքանչյուր մասի ճշգրիտ դրամատուրգիայի շնորհիվ: Կերպարային բնութագրերի շեշտվածությունը այդ պատկերները անմիանշանակ, խաբուսիկ դարձնող երանգավորման բազմազանության զուգորդությամբ ճիշտ արտացոլում էր շումանյան ինքնության բնույթը: Ընդհանուր առմամբ այդ ծավալուն ստեղծագործությունը ստացավ ինչ-որ ապրվածի մասին քնարական-դրամատիկական պատումի բնույթ, դրանով իսկ ներկայանալով որպես գերմանական ռոմանտիկական ավանդույթի մաքուր նմուշ:
Մյուս կողմից, բազմաթիվ մասնավոր կատարողական լուծումները դիմում են ավելի ուշ դարաշրջանիՙ գործիքային անսամբլում երաժիշտների պարտականությունների ազատ հարաբերակցությամբ: Այսպես, Շումանի Տրիոյի երկրորդ մասում Ա. Գրիգորյանի կատարմամբ դաշնամուրի բաժինը ընդգծված առաջատար դերը ստեղծում էր գործիքային անսամբլի գործիքներիՙ 20-րդ դարին բնորոշ դասավորություն: Իսկ ստեղծագործության խոհական երկրորդ մասում ջութակի ու թավջութակի զուգերգը զուրկ էր սպասվող խլացվածությունից: Ընդհակառակը, Կ. Շահգալդյանը եւ Կ. Քոչարյանը բաց չթողեցին երաժշտական խոսքի արտահայտչականությամբ փայլելու հնարավորությունը: Կապվելով առաջին մասի նյութին, վերջնամասը, այդուհանդերձ, հագեցած էր ուրիշ դինամիկայով: Իսկ վերջում արագացող զարգացումը Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների վիրտուոզ կատարմամբ, հուզականորեն ընկալվում էր որպես գնդաձեւ կայծակի շարժում:
Ռ. Շումանի Դաշնամուրային կվինտետը հատկապես տպավորվեց երկրորդ եւ չորրորդ մասերի մենկաբանությամբ, թեեւ անկարելի է չնշել դաշնակահարուհու «բիսերային» տեխնիկան կվինտետի երրորդ մասում: Ավելի շուտ շուբերտյան, քան զուտ շումանյան քնարականություն հիշեցնող երկրորդ մասը կրում էր ողբերգական դատապարտվածության հետքեր: Իսկ հանդիսավոր-տոնական վերջնամասի կատարման ժամանակ երաժիշտները չզլացան հասնել ձայնային ներկապնակի շլացուցիչ փայլի, ասես վերարտադրելով կոմպոզիտորի եւ նրա սիրեցյալ Կլարա Վիկի հոգեկան ցնծությունը (ինչպես հայտնի է, ստեղծագործությունը հորինվել է բաղձալի ամուսնության առաջին երջանիկ տարիներին):
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր