«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները: Մրցումների 2-րդ օրն ավելի հաջող էր հայ ըմբիշների համար: Մինչեւ 84 կգ քաշայինների մրցավեճում Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եվս երկու հայ ըմբիշներ, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, դարձան մրցանակակիր: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հիանալի հանդես եկավ Ստեփան Մարյանյանըՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Իսկ գերծանրքաշայինների մրցավեճում Դավիթ Հովհաննիսյանն արժանացավ արծաթե մեդալի:

Արթուր Ալեքսանյանն իրեն գերազանց դրսեւորեցՙ հաջորդաբար հաղթելով ավստրիացի Քեւին Ֆրանկին (12-0), շվեդ Յոհան Կվարնմարկին (8-2), ռուսաստանցի Մահմուդ Բասիեւին (10-2) եւ ուկրաինացի Ժան Բելենյուկին (3-0): Եզրափակիչ գոտեմարտում Արթուրի մրցակիցը կորեացի Սե Ել Լին էր: Այստեղ էլ հայ ըմբիշն իրեն հիանալի դրսեւորեցՙ մրցակցին հաղթելով 7-0 հաշվով:

Տպավորիչ ելույթ ունեցավ նաեւ ռուսաստանցի Ստեփան Մարյանյանը, որն անցկացրած 5 գոտեմարտերում մրցակիցներին հաղթեց «չոր» հաշիվներով, նույնիսկ մեկ միավոր չզիջեց նրանց: Հայ ըմբիշից պարտություններ կրեցին վրացի Մինդիա Ծուլուկիձեն (0-7), լիտվացի Ռամունաս Դագիսը (0-4), դանիացի Անդերս Էքստրյոմը (0-4), իրանցի Սաման Աբդուլին (0-8): Եզրափակիչում էլ Ստեփանը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցի Հասիմ Մահամադովին (7-0):

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Նարեկ Խաչատրյանը: Նա առաջին երկու գոտեմարտերում հաղթեց ռումինացի Էմանուել Սերբանին (6-0) ու ղազախստանցի Մադի Չառբոլովին (6-3): Նարեկի հաղթարշավը կանգնեցրեց իրանցի Սաման Աբդուլինՙ քառորդ եզրափակիչում հաղթելով 4-0 հաշվով: Հաջորդ փուլում Ստեփան Մարյանյանը վրեժխնդիր եղավ Նարեկի համարՙ պայքարից դուրս մղելով իրանցուն:

Մինչեւ 66 կգ քաշային կարգում էլ Գեւորգ Սահակյանը կրկնեց Նարեկի արդյունքը: Հաղթելով կորեացի Սենգ Վո Յունին (4-0) եւ բելառուսցի Վլադիմիր Բատուրային (8-0), քառորդ եզրափակիչում Գեւորգը 0-9 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Քաշային այդ կարգում Ֆրանսիան ներկայացնող Արթուր Հովհաննիսյանն անհաջող ելույթ ունեցավՙ պարտվելով ղազախ Ռենատ Նիգմատուլինին առաջին գոտեմարտում:

Գերծանրքաշայինների մրցավեճում էլ անհաջող էր Վաչիկ Եղիազարյանի ելույթը, որն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով զիջեց գերմանացի Էդուարդ Պոպին: Փոխարենը հաջող հանդես եկավ ռուսաստանցի Դավիթ Հովհաննիսյանը: Նա հաջորդաբար հաղթեց խորվաթ Մարկո Կոսցեւիչին (4-0), թուրք Բայրամ Նիգարին (4-0) եւ բելառուս Կիրիլ Խրիսչանկային (3-1): Եզրափակիչում Դավիթը պարտվեց ուկրաինացի Իգոր Դիդիկին (1-4) ու բավարարվեց արծաթե մեդալով:

Այսպիսով, հունահռոմեական ոճի մեր ըմբիշները Բուդապեշտում նվաճեցին մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 32 միավորով 4-5-րդ տեղերը բաժանեց Ուկրաինայի հետ: Առաջին տեղը գրավեց Ռուսաստանը (64 միավոր): 2-րդ տեղում ադրբեջանցիներն են (37), 3-րդն իրանցիներն են (33):

Երեկ իրենց մրցավեճը սկսեցին ազատ ոճային ըմբիշները: Հուսանք, որ այս մրցաձեւում էլ մեր ըմբիշներն անմասն չեն մնա խաղարկվող մեդալներից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4