Գոլ խփելը գրեթե անլուծելի խնդիր է դարձել
Ֆուտբոլի եվրոպական գավաթների հերթական խաղարկությունն էլ հայկական ակումբների համար շատ շուտ ավարտվեց: Մրցասպարեզ դուրս եկած մեր 4 թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Եվ ինչպե՞ս հաջողության հասնել, երբ եվրոգավաթների մասնակից 4 թիմերն անցկացրած 8 հանդիպումներում ընդամենը մեկ գնդակ կարողացան խփել: Այո, գոլ խփելը մեր ֆուտբոլիստների համար դարձել է չափազանց դժվարին, գրեթե անլուծելի խնդիր: Դա մեկ անգամ եւս ապացուցվեց երեկ կայացած «Միկա»-«Ռաբոտնիչկի» պատասխան խաղում:
Մեկ շաբաթ առաջ Սկոպիեյում կայացած հանդիպման վերջին րոպեներին բաց թողած միակ գոլի պատճառով պարտություն կրած «Միկան» սեփական հարկի տակ ամեն ջանք գործադրեց ռեւանշի հասնելու ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Ի տարբերություն «Փյունիկի», «Միկայի» ֆուտբոլիստները գրեթե ողջ հանդիպումն անցկացրին գրոհների նշանաբանով, նրանց մոտ մեծ էր հաղթանակի ձգտումը: Սակայն ունենալով խաղային եւ տարածքային բացահայտ առավելություն, ստեղծելով գոլային մի շարք հիանալի պահեր, «Միկայի» ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Գրոհների եզրափակիչ փուլում նրանք աններելիորեն սխալվում էին, կատարողական ոչ բարձր վարպետությունը թույլ չէր տալիս իրացնելու ստեղծած գոլային պահերը: Ինչ-որ տեղ էլ մարզական բախտը կարծես երես էր թեքել դաշտի տերերից: Օրինակ, 33-րդ րոպեին մրցավարը 11մ հարված նշանակեց հյուրերի դարպասին, սակայն հետո խորհրդակցելով եզրային մրցավարի հետ, փոխեց վճիռը:
Եղան նույնիսկ այնպիսի պահեր, երբ նպաստավոր դրությունից վրիպելն ավելի դժվար էր, քան դատարկ դարպասը գրավելը: Այսպես, միայն Արմեն Պետրոսյանն առաջին խաղակեսում երկու անգամ մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն թույլ հարվածեց ու գնդակը չհայտնվեց դարպասում: Խաղավերջում էլ Գրիգալեւիչուսը շրջանցեց դարպասապահին ու թվում էր, թե ուր որ է գնդակը կուղարկի դատարկ դարպասը, սակայն հապաղեց ու կորցրեց գոլային հարյուր տոկոսանոց պահը: Հարմար դիրքերից վրիպեցին նաեւ Բոտի Դեմելն ու Արամ Ոսկանյանը:
Հյուրերն ամբողջ հանդիպման ընթացքում մեծ ուժերով պաշտպանվում էին ու դիմում հազվադեպ հակագրոհների: Նրանք այդպես էլ չկարողացան լրջորեն անհանգստացնել «Միկայի» դարպասապահ Կլեւինսկասին: Ճիշտ է, հանդիպման ավելացված ժամանակում, երբ մրցակցի դարպասի մոտ նշանակված անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Կլեւինսկասը եւս միացել էր խաղընկերներին, «Ռաբոտնիչկիի» ֆուտբոլիստները հետ մղեցին գնդակը ու Ֆաբիո Սիլվան փորձեց հեռահար հարվածով գրավել անպաշտպան դարպասը: Լավ էր, որ հարվածը նպատակին չհասավ:
Որքան խաղը մոտենում էր ավարտին, այնքան մարում էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հույսը: Ցավոք, հերթական անգամ մեր ֆուտբոլիստները չգտան մրցակցի դարպասի բանալին եւ խոշոր հաշվով հաղթանակի փոխարեն գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Դեռ լավ է, որ սեփական դարպասն այս անգամ գոնե հաջողվեց անառիկ պահել: Սակայն դա չնչին սփոփանք է այն հիասթափության դիմաց, որ ապրեցին հայ ֆուտբոլասերները հայկական ակումբների ելույթներին հետեւելիս:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ