«Վաշինգտոն փոստ» -ում հոդված է հեղինակել Էլին Սուլեյմանովը, որը Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն է: Ըստ ադրբեջանական մամուլիՙ դիվանագետն իր մտորումներում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությանը եւ վերջում ամփոփել, որ ՍՄՆ-ը «պետք է վճռական ընտրություն կատարի ուժի կիրառմամբ հաստատված փխրուն ստատուս քվոյի եւ ապագա ինտեգրացիայի ու բարեկեցության միջեւ»:
Սուլեյմանովն, ընդսմին, տարածաշրջանի գերխնդիր համարել է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը եւ հիշեցրել 2008 թ. դեպքերը Վրաստանում:
Սուլեյմանովին կարելի է հասկանալ: Չէ՞ որ հասնելով հրադադարի պայմանավորվածության, Ադրբեջանն շտապեց կնքել «դարի գործարքը» եւ իր էներգետիկ պաշարները հիմնականում ի սպաս դրեց արեւմտյան ընկերությունների շահերինՙ հետապնդելով մի նպատակՙ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցություն ստանալ Միացյալ Նահանգներից եւ խնդիրը կարգավորել բացառապես իր օգտին:
Անցել է տասնվեց տարի, բայց հարցը ոչ միայն չի լուծված, այլեւ, դատելով վերջին զարգացումներից, ոչ ոք, այդ թվում եւՙ ԱՄՆ-ը, չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին: Հակառակը, միջնորդները խորհուրդ են տալիս չտրվել ավելորդ գայթակղությունների, նպատակադրվել ծանր դիվանագիտական աշխատանքի եւ գտնել բոլորին բավարարող լուծում:
Այս իրավիճակում, բնականաբար, ադրբեջանական հանրությունն իրավունք ունի կասկածելու «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի «հեռատեսությանը», իսկ դա հղի է իշխող խավի հանդեպ անվստահության դրսեւորումներով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ողջ պետական համակարգը կառուցված է Հեյդար Ալիեւի «անսխալականության կանխավարկածի» վրա, ինչը Իլհամ Ալիեւի քաղաքական միակ ռեսուրսն է:
Աշնանն Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Գնալով հավանական է դառնում, որ ընդդիմությունը կարող է միավորվել: Իշխանությունների համար հատկապես վտանգավոր կարող է լինել «Մուսավաթ» եւ Ժողճակատ կուսակցությունների նախընտրական դաշինքը, ինչի շուրջը բանակցում են Իսա Ղամբարն ու Ալի Քերիմլին:
Բացառված չէ, որ ադրբեջանական միացյալ ընդդիմությունը նախընտրական քարոզչությունը կառուցի Հեյդար Ալիեւի մասին առասպելները եւ Իլհամ Ալիեւի «հաջողությունները» պսակազերծելու մարտավարության վրա:
Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում արդեն իսկ տեղ են գտնում ընդդիմությանը վարկաբեկող հրապարակումներ: Մասնավորապես, հայտնի լրագրող, քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւի անվան շուրջը կրկին աղմուկ է բարձրանում, եւ լրագրողներից մեկը «բավական անմեղ» հարց է տալիս. «Զարմանալի է, թե ինչո՞ւ նման մարդուն պաշտպանում է ընդդիմությունը»: Իսկ Ֆաթուլլաեւը մեղադրվել է «Ղարաբաղյան օրագիր» հրապարակումների շարքի համարՙ «խոջալուցիների արժանապատվությունը վիրավորելու հիմնավորմամբ»:
Բնական է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ընդդիմությունը դրսից որեւէ աջակցություն չստանա, ինչպես նաեւՙ որ միջազգային հանրությունը հաշտվի անխուսափելի բռնությունների հեռանկարի հետ: Այդ է պատճառը, որ հոդվածում Սուլեյմանովն իր երկրում ժողովրդավարական ինստիտուտների անկատարությունը «հիմնավորում է» ԼՂ խնդրի չկարգավորվածությամբ եւ անցնելիք «երկար ճանապարհի անհրաժեշտությամբ»:
Այս ամենը զարմանալի չէր լինի, եթե Սուլեյմանովի հոդվածը չհրապարակվեր «Վաշինգտոն փոստ»-ում: Մի՞թե Միացյալ Նահանգներն իրոք չի կարողանում ճշտել սեփական արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, եւ Էլին Սուլեյմանովն է, որ Օբամայի կառավարությանը պետք է խորհուրդ տա, թե Հարավային Կովկասում ինչ ռազմավարական ընտրություն պիտի կատարել:
ԱՄՆ-ն, իհարկե, դրա կարիքը չունի: Այդ ամենը կազմակերպվել է իշխանությունների կողմիցՙ սեփական հանրությանը ցույց տալու, թե «որքան հզոր է Ադրբեջանը, որ կարողանում է Միացյալ Նահանգներին ճիշտ ճանապարհ հուշել»:
Դա նույնն է, ինչ ամեն օր կրկնում է Էլմար Մամեդյարովը ՙ որ «ամբողջ աշխարհը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը»: Բարեբախտաբար, Ադրբեջանում էլ գտնվում են մտածող մարդիկ, որ, ճիշտ է, տողատակերից, այնուամենայնիվ, հարցում են. «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԼՂ հարցը չի լուծվում»: Այնպես որՙ ուրիշներին խորհուրդներ տալու փոխարեն Ադրբեջանի իշխող վերնախավը լավ կաներ, որ մտասեւեռվեր այս եւ այլ հարցերի պատասխանը գտնելու հրամայականի վրա:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ