Ինչպես երեկվա համարում նշել է «Միլլիեթ» թերթը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասը ներքին գործերի նախարար Բեյսիմ Աթալային հասցեագրված հարցապնդում է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահություն: Այսպիսով, Կ. Պոլսո պատրիարքի ընդհանուր տեղապահի ընտրության հարցը մտել է Մեջլիսի օրակարգ: Ուրասը Թուրքիայի ներքին գործերի նախարարից պահանջել է պատասխանել հետեւյալ հարցերին. «Որքանո՞վ է երկրի շահերին նպաստում Թուրքիայի հայերին առանց պատրիարքի թողնելը, ինչո՞ւ անպատասխան է մնացել հայերի պատրիարք ընտրելու 14.01.2010 թվագիր դիմումը, ի՞նչ նպատակ է հետապնդում «պատրիարքի ընդհանուր տեղապահի» ինստիտուտի ձեւավորումը երկրում եւ ինչո՞ւ իշխանությունները հրաժարվել են հայոց պատրիարքի ընտրության բազմիցս կիրառված պրակտիկայից»:
Մեր կողմից ավելացնենք, որ Թուրքիայում պատրիարքի ընտրության հարցում ամենաիրավասու մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որի կապը պատրիարքարանի հետ հաստատում է նախարարի անմիջական ենթակայության տակ գտնվող Ստամբուլի նահանգապետը»:
Հ. Չ.