Կոսովոյի կարգավիճակի մասին Հաագայի դատարանի որոշմանն անդրադառնալովՙ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը NEWS.am կայքին ասել է, որ որոշման խորհրդակցական նշանակությունը չի կարող նսեմացնել դրա կարեւորությունը, մանավանդ այն կարեոր է եվրոպական հակամարտության վերաբերելու առումով` այլ տարածաշրջանների վերաբերյալ դատարանն անցյալում որոշումներ ունեցել է: Իսկ թե որոշումն առավել քաղաքական դրդապատճառներ ունի, քան թե քաղաքական` Տիգրան Թորոսյանը դիտարկել է, թե ցանկացած հարց, առավել եւս հակամարտությունների կարգավորումը ունի մի շարք բաղադրիչներ` քաղաքական, իրավական, պատմական, հոգեբանական եւ այլն: Նրա կարծիքով Հայաստանում մշտապես թերագնահատվել է իրավական բաղադրիչի նշանակությունը, մինչդեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում դա հայերի ամենաուժեղ կռվանն է` ԼՂ ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումն անթերի է: Իսկ թե ինչպե՞ս կարող է սա ազդել ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:
Նախադեպը կարեւոր գործոն է, սակայն միջազգային իրավունքի շրջանակներում նորմաստեղծ նշանակություն չունի: Անգամ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դեպքում, որտեղ միջազգային իրավունքի տեսակետից ամեն ինչ արվել է անթերի, հաջողություն ակնկալելու համար պահանջվում են հսկայածավալ աշխատանք եւ հայկական կողմի ռազմավարության արմատական վերանայում: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես որեւէ դատարան, որոշումներ է ընդունում ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլեւ կողմերի բերած փաստերի ու փաստարկների հիման վրա... Եթե Հայաստանի Հանրապետությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ապա նախ ինքը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի շահերը բանակցություններում պետք է ներկայացնի ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ-ի ներկայացուցիչ: Հակառակ դեպքում հնարավոր չէ հաջողություն ակնկալել` փաստորեն նպաստելով Ադրբեջանի ամրապնդման ուժեղացմանը, որ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է, այլՙ Ադրբեջանի եւ Հայաստանի: Ավելին, շարունակելով ներկայացնել ԼՂՀ-ն բանակցություններում` Հայաստանի իշխանությունները ամրապնդում են նաեւ Մինսկի խմբի համանախագահների անհեթեթ տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին հիմնական սկզբունքներն ու լուծումները ճշտելուց հետո: Ցավոք, դա միակ սխալը չէ: Մասնավորապես, առանց որեւէ հիմքի հայկական կողմը մի կողմ է դրել 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, մինչդեռ Կոսովոն նոր հանրաքվեի չգնաց: