Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները երեկ լրացուցիչ պարզաբանումներ են ներկայացրել հրապարակված տվյալներն ու տնտեսական ցուցանիշներն անուշադիր ընթերցող առանձին «մեկնաբաններին»:
Այսպես. «Օրերս երեւանյան մամուլի օրգաններից նշված էր. «Եթե անցած տարի լավագույն ծիրանի 1 կգ արժեր 300 դրամ, ապա ըստ վիճակագիրների այն արժի 275 դրամ»: Չնայած այս տարվա ծիրանի բերքը, մեղմ ասած, սակավ էր, իսկ գուցե նաեւ այդ պատճառով մրգերից ամենահայկականի բարձր գինը բոլորս ենք մտապահել: Ուստի, նախ, տարակուսեցինք, որ ԱՎԾ-ն նման «տվյալ» է նշել, ապա դիմեցինք ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանին, թեՙ այդ թերթի նշած տվյալն արդյոք համապատասխանում է իրականությանը:
«Այդ տեղեկությունը չի՛ համապատասխանում իրականությանը: Սպառողական գների վերաբերյալ մեր վերջին հրապարակումը վերաբերում է հունիս ամսին (տես` «Սպառողական գների ինդեքսը (գները) ՀՀ-ում 2010թ. հունվար-հունիսին» էջ 45, տող 70), որտեղ մասնավորապես Երեւանում ծիրանի միջին գինը նշված է 1249.3 դրամՙ 1 կգ համար»,-պատասխանեց Գ. Մարտիրոսյանը:
Նրա «հուշելուց» հետո, թերեւս, «մեկնաբաններին» կհաջողվի գտնել եւ ընթերցել ու ճշգրիտ վերարտադրել հրապարակված տեղեկությունը:
Մյուս կողմից, օրերս, մամուլի ասուլիսում, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը , որը նաեւ «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենն է, հայտարարել է, թե գյուղատնտեսության ոլորտում «հինգ ամիս շարունակ աճ էր արձանագրվում, մինչդեռ մեծից մինչեւ փոքր դեռ տարեսկզբից գիտեր, որ գյուղատնտեսության վիճակը վատ է»:
Վիճակագրական ծառայության գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Ասատրյանի այդ հայտարարությանը, մասնավորապես ասել է. «Հարկ է նշել, որ գյուղատնտեսությունը միայն բուսաբուծությունը չէ, որի զանգվածային բերքահավաքի (թողարկման) ժամանակաշրջանը, սեզոնայնությամբ պայմանավորված, համընկնում է հունիս-նոյեմբեր ժամանակաշրջանին, այլ նաեւ կենդանաբուծությունը (անասնաբուծությունն) է: Բուսաբուծության տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ, որպես կանոն, հունվար ամսվա 1%-ից հունվար-հունիսին հասնում է մոտ 1/3-ին: Ակնհայտ է, որ տարեսկզբի վատ բնակլիմայական պայմանների ազդեցության հետեւանքները բուսաբուծության ոլորտում պետք է դրսեւորվեին զանգվածային բերքահավաքի առաջին ամսից, այսինքնՙ հունիսից սկսած»:
«Հասկանալի է, անշուշտ, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում հունիսին արձանագրված որոշ անկումը, ինչը եւ արտացոլվել է վիճակագրական տվյալներում», իր հերթին եզրակացրել է Panorama.am-ը: