Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը (16 գծանկար եւ 7 գեղանկար) Գաֆեսճյան արվեստի կենտրոնում («Արծիվ» սրահ) բացվել էր 2009 թ. նոյեմբերին:
«Սա Արշիլ Գորկու, ում ժամանակին մի քննադատ բնորոշել էր որպես «աբստրակտ էքսպրեսիոնիզմի հերոս», բնօրինակ գործերի առաջին ցուցադրությունն է Հայաստանում: Բոլորիս համար դա մեծ մշակութային իրադարձություն էր, եւ այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնը բոլորին հրավիրում է Գորկու ստեղծագործություններին հրաժեշտ տալու», ասաց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար պարոն Վահագն Մարաբյանը :
Արշիլ Գորկին մազապուրծ եղավ Արեւմտյան Հայաստանիցՙ 1915-ի ցեղասպանության օրերին, դառնալով իր մոր սովամահության ականատեսըՙ Երեւանում: Որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետոՙ նա տասնհինգ տարեկանում մեկնեց Միացյալ Նահանգներՙ 1920 թ.:
Գորկին մշտապես խոր սիրով է լցված եղել հայրենիքի նկատմամբ: Իր եղբայր Մուրադին եւ քրոջըՙ Վարդուշին ուղարկած բազմաթիվ նամակներում նա արտահայտում է Արեւմտյան Հայաստան վերադառնալու կարոտըՙ բանաստեղծորեն խոսելով հարազատ երկրի մասին, նրա գյուղերի հինավուրց խաչքարերի, իր հարազատ Վանի աղով լցված օդի, լեռների բույրի, սիրելի Արարատ լեռան մասին, որին Գորկին անվանել է «բնության շարժումները կարգավորող ուղեղ»:
Արշիլ Գորկին դարձավ քսաներորդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը եւ հենց այն ժամանակ, երբ նրա ճանաչումը նվաճում էր նոր բարձունքներ, 1948 թվականին նկարչի կյանքը ողբերգականորեն ընդհատվեց ինքնասպանությամբ:
Գորկու ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացումը նշանավորող բազմաթիվ ցուցահանդեսներից մեկն է եւ արժանի գնահատանքը մի արվեստագետի հիշատակին, որի մահվան 60-րդ տարելիցը նշանավորվում է ընդգրկուն ցուցադրություններով նաեւ աշխարհի այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը, Լոնդոնի Թեյթ Մոդեռնը եւ այլն:
Գաֆեսճյան կենտրոնից հայտնում են նաեւ, որ մինչեւ ցուցահանդեսի ավարտըՙ հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Է. Գաֆեսճյանի հավաքածուից» ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար, իսկ հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին այցելուներին կառաջարկվեն նաեւ անվճար էքսկուրսավարների ծառայություններՙ նախնական գրանցմամբ: