Հուլիսի 14-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած «Մարտեր առանց կանոնների» մրցաշարում մրցեց նաեւ Հայաստանը ներկայացնող 22-ամյա էջմիածնեցի մարզիկ Դավիթ Խաչատրյանը, որի մրցակիցը Ադրբեջանի բազմակի չեմպիոն, 2009-ի սամբոյի աշխարհի չեմպիոն Մուհամետռասուլ Խասբուլաեւն էր, ով մարտի երկրորդ ռաունդում հանձնվեց Դավիթի խեղդող հնարքից: Այժմ Դավիթը տքնաջանորեն պատրաստվում է հաջորդ մենամարտին:
Նրա անձնական կյանքից էլ հաջողվեց պարզել միայն, որ ընկերուհի ունի, սակայն ամուսնության մտադրություն դեռ չկա: Իսկ այն հարցին, թե սպորտից դուրս ինչով է զբաղվում, պատասխանեց. «Ամեն օր մարզումների եմ լինում եւ սպորտից դուրս ուրիշ զբաղմունք եւ հետաքրքրություն չունեմ»:
Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Դավիթ Խաչատրյանի հետ:
- Քանի՞ տարի է, ինչ զբաղվում ես սպորտով եւ ի՞նչ հաջողություններ ունես:
- Սպորտով զբաղվում եմ յոթ տարեկանից: Զբաղվել եմ կարատեդոյի շոդոկան եւ ձյոսինմոն սյորինրյու ոճերով, միջազգային մրցաշարերի հաղթող եմ, 2007-ին էլ դարձել եմ շոդոկան կարատեի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տիրապետում եմ նաեւ այլ մարտարվեստների:
- Ինչպե՞ս հայտնվեցիր «Արմֆայթինգ» ֆեդերացիայում:
- 2005-ին Երեւանում բացվեց «Արմֆայթինգ» ֆեդերացիան: Հենց ֆեդերացիայի գործունեության սկզբից էլ սկսել եմ մարզվել այստեղ: Ընդգրկված եմ հավաքականի կազմում, մրցում եմ 75 կգ քաշային կարգում` 8 մենամարտից 7 հաղթանակ եւ 1 պարտություն:
- Հնարավո՞ր է, որ նորից փոխես մարզաձեւը:
- Ոչ, որովհետեւ սա մարտարվեստների մեջ ամենահզորն է, ու նորից փոխելը կնշանակի հետ գնալ ու ամեն ինչ նորից սկսել:
- Խոսենք վերջին մենամարտից: Ինչպե՞ս կատարվեց այդ մարտում Հայաստանը ներկայացնող մարզիկի ընտրությունը:
- Նախ անցկացվում են վարկանիշային մրցումներ, ամենաշատ միավորներ վաստակած մարզիկն էլ մասնակցում է: Ես հավաքել էի առավելագույն միավորները: Այդ ժամանակ 75 կգ քաշայինների մեջ առաջին տեղում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Մուհամետռասուլ Խասբուլաեւը, ես 11-րդ տեղում էի, ու մենք որոշեցինք մենամարտել հենց Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Առաջին ռաունդում նա միավորների առավելություն ուներ, իսկ երկրորդում` ոտքի հարվածով գցեցի նրան եւ իրականացնելով խեղդող հնարք, հաղթեցի մրցակցիս: Այժմ միավորներով առաջատարը ես եմ:
- Այժմ ի՞նչ մարտերի ես պատրաստվում:
- Օգոստոսի 4-ին մեկնելու ենք Դոնի Ռոստով, որտեղ մեր հավաքականը պետք է մենամարտի Ռուսաստանի հավաքականի հետ: Ապա սեպտեմբերի 16-ին պետք է մենամարտեի բելառուս Վիտալի Ավստրովսկու հետ, որին հաղթելու դեպքում կընդգրկվեի Եվրոպայի լավագույն մարզիկների եռյակում, սակայն բելառուս մարզիկի առողջական խնդիրների պատճառով մարտը հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: Դա կլինի իմ վերջին մենամարտը 75 կգ քաշային կարգում, քանի որ քաշս փոխելու եմ եւ կմրցեմ 70 կգ քաշային կարգում:
ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ