«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ

Այնուհետեւ հստակեցնել իրավական պահանջի բնույթն ու բովանդակությունը

Վերջին ժամանակներում շատ են խոսակցությունները Ցեղասպանության հարցով միջազգային որեւէ դատարան դիմելու հնարավորության մասին: Հնչում են տարբեր կարծիքներ, հնչում են նաեւ միջազգային տարբեր դատարանների անուններ, այդ թվումՙ Հաագայի միջազգային քրեական դատարանի: Ի վերջո կարո՞ղ ենք դիմել միջազգային դատարան: Եթե կարող ենք, ապա ո՞րը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայցի համար: Այս կապակցությամբ «Ազգը» զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանի հետ: Մեր թերթը օրեր առաջ տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ միջազգային խորհրդաժողով, որտեղ հենց քննարկվեցին հարցեր միջազգային դատարան դիմելու ուղղությամբ: Մեր զրուցակիցը նույնպես ելույթ ունեցավ այդ օրը:


- Պարոն Վարդանյան, ներկայացրեք, թե կոնկրետ ո՞ր միջազգային դատարանը կարող ենք դիմել, ո՞րն է ավելի նպատակահարմար` քննելու Ցեղասպանության գործը:

- Այստեղ ոչ թե նպատակահարմարության, այլ դատարանի իրավազորության հարցն է, թե ո՞ր դատարանն ունի իրավազորություն եւ իրավասություն: Այս հարցում իմ մոտեցումը հետեւյալն է. եթե պահանջ ներկայացնելու իրավական հիմքը Ցեղասպանության մասին կոնվենցիան է, ապա դա բացառապես ՄԱԿ-ի միջազգային դատարանն է, եթե հիմքը այլ է, օրինակ, Հայոց ցեղասպանությանն առնչվող հարակից պահանջները` գույքային, կամ ֆինանսական, կամ ցեղասպանության ժխտման դեմ ուղղված պահանջներ, ապա դատական ատյանները եւս կարող են տարբեր լինել: Իհարկե, եթե մենք դիտարկենք Ցեղասպանությունը որպես Ցեղասպանության մասին կոնվենցիայի շրջանակներից դուրս գոյություն ունեցող հանցագործություն, այսինքնՙ հանցագործություն, որը պարտադիր է բոլոր պետությունների համար միջազգային իրավունքի տեսանկյունից որպես սովորութային միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերում արտացոլվող արգելք, ապա կարող ենք եւ դատական իրավազորության ավելի լայն շրջանակ դիտարկել: Բայց այստեղ կան մի շարք նրբություններ` իրավական, տեխնիկական եւ այլ բնույթի: Նրբություններ, որոնցից շատերն այն աստիճան յուրահատուկ են իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից, որ լայն ընթերցողին պարզապես կխճճեն: Ի տարբերություն ամերիկյան ֆիլմերի, որտեղ դատավարությունը, որպես կանոն, ներկայացվում է իբրեւ շոու, միջազգային դատարանում հայցի քննության նախապատրաստելը նախ եւ առաջ հսկայածավալ քանակությամբ փաստաթղթերի պատրաստումն է եւ մեծ քանակությամբ դիրքորոշումների մշակումը` այդ հարցի վերաբերյալ: Այլ կերպ ասած, եթե ցեղասպանության մասին կոնվենցիան պետք է հիմք լինի իրավական պահանջին, ապա այդ հարցը միանշանակ պետք է վերաբերի ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավազորությանը, Ցեղասպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է կոնվենցիայի հետ կապված վեճերի լուծման դատական ընթացակարգ:

- Իսկ ո՞վ է իրավասու դիմելու միջազգային դատարան, հանրապետությո՞ւնը, թե՞ դա կարող է անել նաեւ անհատների որեւէ խումբ:

- Միջազգային վեճերի առկայության պարագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող են դիմել բացառապես ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրությանը մասնակից պետությունները: Պետությունըՙ դառնալով ՄԱԿ-ի անդամ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն դառնում է նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության մասնակից, բայց դատարանն ունի իրավազորութային առանձնահատկություններ: Այսպես` դատարանի իրավազորությունը բոլոր դեպքերում պարտադիր չէ. պետությունը պետք է հանդես գա հայտարարությամբ` ճանաչելով դատարանի իրավազորությունը ընդհանրապես որպես այդպիսին կամ որոշակի իրավիճակների կապակցությամբ: Ինչպիսի՞ն է մասնավոր քննարկվող դեպքը. Ցեղասպանության կոնվենցիայի պարագայում, վերջինս արդեն 9-րդ հոդվածում դրույթ է նախատեսում, ըստ որիՙ այդ կոնվենցիայի կիրառման, կատարման, մեկնաբանման հետ կապված վեճերը կոնվենցիայի մասնակիցները կարող են ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Եվ եթե պետությունն այդ դրույթի վերաբերյալ վերապահում չի կատարում, ապա համարվում է, որ տվյալ հարցով այն ընդունում է դատարանի պարտադիր իրավազորությունը:

- Եվ Թուրքիան որեւէ վերապահում չի՞ կատարել:

- Ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը վերապահումներ չեն կատարել, ժամանակին դա կատարել էր ԽՍՀՄ-ը, որը, սակայն, 80-ականների վերջին հանվեց:

- Իսկ որքանո՞վ կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանը իր վճռով պատասխանատվության կանչել Թուրքիային:

- Գտնում եմ, որ դեռ վաղ է նման հարցադրում անելը` հետեւյալ պատճառաբանությամբ. նախ` դատարան դիմելու ընթացակարգը բավական մեծ ռեսուրսներ` ինչպես մարդկային եւ մասնագիտական, այնպես էլ ֆինանսական, պահանջող գործընթաց է: Փաստաթղթերի պատրաստման գործընթացն իր հերթին բավական բարդ է: Եվ քանի դեռ մենք չենք անցել այդ գործընթացը, ապա վաղ է խոսելը, թե ինչի կհանգեցնի այն, եթե անցնենք: Ի վերջո, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մենք ինչպիսի՞ պահանջ կներկայացնենք դատարան:

- Պարոն Վարդանյան, իսկ կոնկրետ ՄԱԿ-ի միջազգային դատարանն ունի՞ նման գործերի քննության եւ վճռի հրապարակման նախադեպեր:

- Այո, այսօր առկա է միջազգային դատարանի միայն մեկ վերջնական վճիռ` դա Բոսնիա եւ Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումն է, որով Սերբիան պատասխանատվության է կանչվել ոչ թե բուն Ցեղասպանության կազմակերպման մեղադրանքի հիման վրա, այլ Ցեղասպանությունը չկանխարգելելու պարտավորությունը չկատարելու, հետեւաբարՙ Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ:

- Իսկ որեւէ նոր գործ քննելիս դատարանը հաշվի առնո՞ւմ է գործի նախադեպը:

- Դատարանը, որպես կանոն, առաջնորդվում է իր ձեւակերպած իրավական դիրքորոշումներով:

Իհարկե, հաշվի չառնել չի կարող, որովհետեւ առկա են դիրքորոշումներ, որոնք անտեսել դատարանը պարզապես չի կարող, օրինակՙ ո՞րն է ցեղասպանության հանցագործության տարրերի բովանդակությունը, ի՞նչ է մասնակի ցեղասպանությունը, ինչպե՞ս կարելի է վերհանել ցեղասպանություն կատարելու հատուկ մտադրությունները: Այդ տեսանկյունից, իհարկե, դատարանը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ հետեւում է իր իսկ մշակած իրավական պրակտիկային, դիրքորոշումներին: Բայց ինչ վերաբերում է կոնկրետ դեպքի քննությանը եւ եզրակացությունների մշակմանը, ապա, իկարկե, դատարանն այստեղ նախաձեռնելու է նախ համապատասխան վերաբերելի փաստերի, իսկ այնուհետեւՙ կիրառելի իրավունքի` այսինքն, տվյալ իրավիճակի նկատմամբ տարածվող իրավական նորմերի վերհանում:

- Վերջերս հայկական մամուլը, երբեմն շփոթմունքով, խոսում է ընդդեմ Թուրքիայի հայցով միջազգային քրեական դատարան դիմելու հավանականության մասին. սա հնարավո՞ր է:

- Ձեր հարցի մեջ արդեն իսկ հայեցակարգային սխալ կա. միջազգային քրեական դատարանը կոչված է պատասխանատվության կանչելու ֆիզիկական անձանց: Հետեւաբար Հայոց ցեղասպանության հարցով Հայաստանի կողմից ընդդեմ Թուրքիայի չի կարող որեւէ դիմում ներկայացվել որեւէ միջազգային քրեական դատարան: Ես չգիտեմ, թե որն է պատճառը, որ Լուիս Մորենո-Օկամպոյի այցից հետո Հայաստանում շատ ակտիվորեն սկսեցին քննարկել միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությունը: Այսօր Հաագայում գործում են մի շարք դատական ատյաններ, եթե ասում եսՙ Հաագայի դատարան, պետք է հստակեցվի, թե կոնկրետ ո՞րը` Հաագայում կան միջազգային քրեական դատարանը, ՄԱԿ-ի միջազգային դատարանը, նախկին Հարավսլավիայի համար ստեղծված միջազգային քրեական տրիբունալը եւ միջնորդ արդարադատության մշտական պալատը. սրանք այն ատյաններն են, որոնք ես այս պահին մտաբերեցի: Իհարկե, եթե մենք կարողանանք հայնաբերել անձանց, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպման, իրագործման մեջ, եւ եթե Թուրքիան հրաժարվի դրանց պատասխանատվության կանչելուց կամ ի վիճակի չլինի դա անել, իհարկե, եթե ՀՀ-ն դառնա միջազգային քրեական դատարանի մասնակից` Հռոմի կանոնադրության հիման վրա, ապա կարող է այդ հարցը բարձրացվել միջազգային քրեական դատարանում: Բայց նշվածն այսօր առնվազն անիրատեսական է, քանի որ դժվար թե Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց ողջ մնացած լինեն անձինք, որոնք թեկուզեւ ոչ անմիջական մասնակցություն են ունեցել Ցեղասպանությանը, եւ հնարավոր լինի նրանց պատասխանատվության կանչել այդ դատարանի միջոցով: Բացի այդ, միջազգային քրեական դատարանը հստակ սահմանված իրավազորություն ունի քննելու բացառապես այն միջազգային հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, այսինքնՙ 2002-ից հետո տեղի ունեցած հանցանքները:

- Խոսենք Թուրքիայի հայցի հավանականությունից, որքանո՞վ եք հիմնավորված համարում, որ Թուրքիան ինքը կարող է հայց ներկայացնել միջազգային դատարան, եւ եթե այդպես լինի, չի՞ կարող շատ ավելի հարմար իրավիճակ ստեղծվել ՀՀ-ի համար:

- Թուրքիայի հայցը իրատեսակա՞ն եմ համարում, թե՞ ոչՙ մի քիչ դժվար է ասել, որովհետեւ ես այդ երկրում ծավալվող իրադարձություններին տեղեկանում եմ հիմնականում մամուլից... Ես դա համարում են հնարավոր: Պատճառները մի շարք են` իրոք, 2007-ից հետո, երբ հրապարակվեց միջազգային դատարանի առաջին «ըստ էության» վճիռը, որով պատասխանատվության կանչեցին պետությանը` ցեղասպանության գործով (Բոսնիայի եւ Սերբիայի գործը - Հ. Ա.), Թուրքիայում որոշակի տեղաշարժ տեղի ունեցավ: Առաջացավ ալիք, որն ուղղված է նախահարձակ լինելուն, Թուրքիայի համար ձեռնտու դատական որոշում ձեռքբերելուն եւ նշված հարցում իրավական վերջակետ դնելուն: Կարող եմ ենթադրել, որ նշված հիմնահարցը դեռ առկա է Թուրքիայի իրավաքաղաքական օրակարգում: Թուրքիայում պարբերաբար նման հարցեր բարձրացվում են: Միջազգային դատարան Թուրքիայի դիմելու պարագայում Հայաստանի ավելի հարմարավետ դիրքում հայտնվելու կապակցությամբ ասեմ, որ կրկին շատ դժվար է պատասխանելը, քանի որ տվյալ պարագայում էականորեն փոխվում է իրավիճակը. մի դեպքում դու ես ներկայացնում պահանջ` այն ձեւակերպմամբ, որն անհրաժեշտ է քեզ խնդիրներդ լուծելու համար, մյուս դեպքում` դու, իհարկե, կարող ես հակընդդեմ պահանջներ ներկայացնել, սակայն, ի վերջո, դու հայտնվում ես պատասխանողի կարգավիճակում: Կրկին ասեմ` սա իրավաբանական ռազմավարության խնդիր է եւ միանշանակ պատասխաններ, համենայն դեպս այստեղ եւ այժմ ես չեմ կարող տալ: Այն շատ ծավալուն կստացվի, օրինակՙ Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով դատարանի կայացրած վճիռը ավելին քան 170 էջից էր բաղկացած, եթե դրան գումարում ենք միջազգային դատարանի դատավորների հատուկ կարծիքները, ապա ծավալը գերազանցում է 1000 էջը, այսինքն սա բավական մանրազնին կատարվող աշխատանք է, եւ շատ դժվար է ընթերցողներին ներկայացնել այն ամենը, ինչը պետք է արտացոլվի իրավական փաստաթղթերում:

- Իսկ ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստենք մենք` ի՞նչ ուղղվածության:

- Փաստաթղթեր, որոնք կոչված են հաստատելու` 1. Ցեղասպանության եղելությունը, 2. Ցեղասպանության կատարված լինելը Օսմանյան կայսրության պետական մարմինների կողմից կամ դրանց թողտվությամբ, 3. փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Ցեղասպանության հանցագործության եւ Ցեղասպանության կոնվենցիայի նորմերի հետադարձ կիրառելիության հնարավորությունը, 4. Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդ լինելը Օսմանյան կայսրության, 5. այդ հանցագործության հետեւանքով` ՀՀ տուժող պետություն լինելու հանգամանքը եւ այլն:

- Իսկ որքանո՞վ կարող է դատարանի վրա ազդեցություն ուենալ այն փաստը, որ արդեն շուրջ 20 երկրներ ընդունել են Ցեղասպանությունը, եւ եթե հանկարծ դատարանի վճիռը հօգուտ մեզ չլինի, ապա այդ պարագայում ի՞նչ պետք է լինի այդ երկրների որոշումների հետ:

- Իհարկե, որ մի շարք երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, կարող է ունենալ որոշակի բարոյաքաղաքական ազդեցություն: Իրավական տեսանկյունից դատարանի վրա այս հանգամանքը ազդեցություն ունենալ չի կարող: Դատարանը, անկախ նրանից, թե 20-30-40 պետություններ ճանաչել են Ցեղասպանությունը, ինքը պետք է իրավական որակում տա այդ արարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ տեղի կունենա Ցեղասպանությունը ճանաչած երկրների որոշումների հետ, ասեմ, որ դատարանը «սեւ-սպիտակ» որոշումներ չի ընդունում: Դատարանն արդեն ունի իր մշակած բավական հարուստ իրավական պրակտիկան եւ իրավաբանական պրակտիկան, որը վկայում է, որ դատարանին շատ դժվար է լինելու ասել, որ տեղի ունեցածը չի առաջացնում որեւիցե պատասխանատվություն: Դատարանը կփորձի առաջնորդվել իր իրավական դիրքորոշումներով, որոնք, իմ կարծիքով, միանշանակ «ոչ» չեն պարունակի: Իհարկե դժվար է կանխատեսել, որ այն միանշանակ «այո» է պարունակելու: Կարծում եմ, այդուհանդերձ, որ տվյալ որոշումը «բազմերանգ» է լինելու:

Վերջում ցանկանում եմ եւս մեկ անգամ կրկնել, դիմելով ինչպես ՀՀ-ի իշխանություններին, այնպես էլ սփյուռքահայությանն ու սփյուռքահայ բոլոր կազմակերպություններին. Ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության կանչելուն ուղղված հիմնական հայցի հետ մեկտեղ հնարավոր է եւ անհրաժեշտ ներկայացնել նաեւ հարակից մի շարք հայցեր այլ դատական ատյաններում: Իսկ անդրադառնալով ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու հիմնահարցին` կցանկանայի նշել հետեւյալը. ես չգիտեմՙ պե՞տք է արդյոք ՀՀ-ն դիմի դատարան, թե՞ ոչ, բայց ինձ համար հստակ է հետեւյալը. մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր պահին որեւէ միջազգային իրավական ատյանում այս խնդիրը ներկայացնելուն, իսկ դրա համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի փաթեթը մշտապես պետք է պատրաստ լինի, ու մշտապես պիտի տարվեն աշխատանքներ այդ փաթեթը հստակեցնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Սա մեկ-երկու-երեք հոգու անելիքը չէ, սա պետական լուրջ ներգրավվածություն պահանջող աշխատանք է, որը պետք է իրականացվի պետության աջակցությամբ, համապատասխան մասնագետների, այդ թվում եւ արտասահմանյան ակնառու փորձագետների ներգրավման միջոցով:

Հարցազրույցը վարեց ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4