«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


ՄԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ

Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի 22-ին պատասխանելով «Ազգ»-ի` Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանի հարցին` Ղարաբաղի հիմնահարցի կապակցությամբ, ասաց. «Մենք լուծել ենք այն»: Եվ, իրոք, արդյոք այսօր լուծված չէ՞ Ղարաբաղի հարցը, մի՞թե որեւէ փաստաթուղթ` որքան էլ «տարածքներ շռայլող լինի ու պարտադրված», կարող է ազդել Ղարաբաղի ժողովրդի կամքի վրա:

Առհասարակ, ժամանակակից աշխարհում կան հարցի լուծման մի քանի ուղիներ` ռազմական, դիվանագիտական, հասարակական, մշակույթային, նույնիսկ գաղափարախոսական եւ այլն: Փորձենք քննարկել` սրանցից որո՞վ մենք չենք լուծել Ղարաբաղի հարցը:

Ռազմական

Հարցերի լուծման այս ճանապարհը շատ ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում: Չի գտնվի որեւէ նորմալ պետություն, որը կխրախուսի ռազմական լուծումները: Ընդ որումՙ այստեղ մի կարեւոր հանգամանք կա. եթե որոշ պետություններ դիմում են պատերազմի, որովհետեւ դա է պահանջում իրենց պետական շահը, ապա «որոշ տարածքներ» ստիպված ընդունում են մարտահրավերը, որովհետեւ դա է պահանջում իրենց ժողովրդի անվտանգությունը: Թե ո՞ր արժեքն է ավելի կարեւոր, կարծում ենք, տեսանելի է: 1991-ին, Ադրբեջանը, չհաշտվելով Ղարաբաղի ժողովրդի օրինական ցանկության` անկախանալու հետ, պատերազմ սկսեց վերջինիս դեմ: 1994-ին արդեն նույն Ադրբեջանը ստիպված էր արդեն դե ֆակտո ԼՂՀ-ի հետ ստորագրել հրադադարի պայմանագիր: Այսինքն, ինչպես օրեր առաջ «Ազգ»-ի էջերում դիպուկ նկատեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` «Եթե պատերազմը հարցի լուծում է, ապա մենք լուծել ենք»:

Իրավական

Ղարաբաղը իրավաբանորեն չի պատկանել «ոչ մի տեսակի» Ադրբեջանի` ո՛չ դեմոկրատական, ո՛չ սովետական, ո՛չ էլ, առավել եւս, ժամանակակից: Ինչպես արդեն մեր թերթը գրել է, միակ փաստաթուղթը, որը «ապացուցում» է Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելը` 1921-ի հուլիսի 5-ի Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրոյի որոշումն է: Հաշվի առնելով, որ, ըստ միջազգային իրավունքի, «որեւէ կուսակցության որոշում չի կարող ունենալ իրավաբանական ուժ», ապա Ղարաբաղի «ադրբեջանական» լինելու այս միակ ապացույցը ապօրինի է, մտացածին...

Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը երկու կարեւոր պարզաբանում կատարեց...Ղարաբաղի հարցով: ՄԱԿ-ի միջազգային դատարանը, քննելով Կոսովոյի հարցը` նախապատվությունը տվեց ազգերի ինքնորոշման իրավունքին` սահմանելով. «Անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին», ապա նաեւ հստակ սահմանեց, թե ինչ է տարածքային ամբողջականությունը. «Երկրների տարածքային ամբողջականությունը գործածելի է բացառապես այն դեպքերում, երբ տվյալ երկրին վտանգ է սպառնում այլ պետությունից...: Եթե խնդրո առարկա պետությունն ունի ինքնավարություն եւ խախտում է այդ ինքնավարության ժողովրդի իրավուքները, եւ եթե ինքնավարության ժողովուրդը, ելնելով այս վերջին հանգամանքից, հռչակում է իր անկախության մասին, ապա «մայր պետության» տարածքային ամբողջականությունը չի կարող դիտվել որպես անկախությանը հակընդդեմ միջոց»: Որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի այս երկու «խորհրդատվական որոշումները» վերաբերում են նաեւ Ղարաբաղին` ակնհայտ է. Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակ խախտել է ԼՂԻՄ ժողովրդի իրավունքները, այս տարածքում իրագործել ապօրինի բնակեցման քաղաքականություն, բուն Ադրբեջանում իրականացրել է հայերի ցեղասպանություն, որոնք էլ եւ հիմք են դարձել Արցախի անկախությանը:

Այս պարզաբանումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Եվրոմիության մի շարք բանաձեւեր վկայում են, որ «մենք այն լուծել ենք» իրավական տեսանկյունից:

Մշակութային

Եթե որեւէ քրիստոնյա երկրի ինչ-որ տարածքում գերակշռում են մուսուլմանական մզկիթներն ու հուշարձանները, ապա սա նշանակում է, որ տվյալ տարածքում գերակշռում են մուսուլմանները: Եթե այդ հուշարձաններն ավելի հին են, քան տվյալ քրիստոնյա պետությունը, ապա սա էլ իր հերթին ապացուցում է, որ այդ տարածքի բնիկ ժողովուրդն են մուսուլմանները: Արցախի Գանձասար եկեղեցին վերակառուցվել է 1240-ին, իսկ Ադրբեջան պետությունը Կովկասում հայտնվել է միայն անցյալ դարի սկզբներին: Առհասարակՙ միջազգային հնագետների մի խմբի այցելությունը Ղարաբաղ բավական է ապացուցելու Արցախի հայկական լինելը: «Մենք լուծել ենք» նաեւ մշակութային տեսանկյունից` դեռ վաղուց:

Հասարակական

Երբ 1921-ին Ղարաբաղը նվիրվեց Ադրբեջանին, հայերը այնտեղ կազմում էին բնակչության ավելի քան 90 տոկոսը: Երբ 1977-ին ԽՍՀՄ վերջին մարդահամարն անցկացվեց այս տարածքում, հայերը դարձել էին ընդհանուրի շուրջ 80 տոկոսը: Եթե հայերը վերոհիշյալ ժամանակահատվածում լքել են Ղարաբաղը, որովհետեւ «կենսապայմանները լավ չէին», ապա նույն պատճառով անտրամաբանական է ադրբեջանցիների թվի աճը: Հետեւաբար մենք այստեղ գործ ունենք ծրագրված պետական քաղաքականության հետ` հայերի թիվը նվազեցնելու:

Ստեփանակերտի փողոցներում յուրաքանչյուրը հարցին, թե պատկերացնո՞ւմ է իրեն Ադրբեջանի քաղաքացի, եթե պատասխանի, ապա միայն այսպես` «երբեք»: Իսկ, եթե հաշվի առնենք, որ անգամ Բաքվի խոստովանությամբ Ղարաբաղում միշտ էլ մեծամասնություն են եղել հայերը, ապա այդ «երբեքը» վերաբերում է նաեւ «Ղարաբաղը` Ադրբեջանի կազմում» պնդմանը: Սա էլ իր հերթին ապացուցում է, որ Ղարաբաղի գոյության առաջին իսկ օրից «մենք լուծել ենք» հասարակական առումով:

«Օտարերկյա ճանաչումներ»

Այսօր ոչ մի երկիր չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Սակայն Ֆրանսիայում ֆիլմ են նկարում Ղարաբաղի մասին, ռուսական թերթերում ռուս հնագետները ապացուցում են Ղարաբաղի հայկական լինելը, Իրանում վերհիշում են Կովկասի իրական պատմությունը` բնիկ հայկական Ղարաբաղով ու եկվոր Ադրբեջանով: Մի շարք միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ` Ավստրիայում, Կանադայում եւ այլուր, «սխալմամբ» իրենց քարտեզներում տարբեր գույներով են ներկում Ղարաբաղն ու Ադրբեջանը: Նույնիսկ Բաքվի գրախանութներից մեկում օրեր առաջ հայտնաբերվեց նմանատիպ «Աշխարհի ատլաս»: Հենց այս պատճառով էլ Ադրբեջանում ստեղծված է «սեւ ցուցակ», որը պարբերաբար լրացվում էՙ թերեւս մինչեւ ներառի աշխարհի վերջին քաղաքացուն: Այո, ԼՂՀ-ն այսօր ճանաչված է աշխարհի քաղաքացիների կողմից, ոչ պետությունների...եւ կա՞ մեկը, որը կպնդի, թե ավելի կարեւոր չէ սա: Ուրեմն «մենք լուծել ենք» նաեւ օտարերկյա ճանաչումներով:

Գաղափարախոսական

«Եթե Ղարաբաղը չվերադարձվի Ադրբեջանին, ապա մենք պատերազմ կսկսենք ու հետ կբերենք մեր հողերը. չի կարող լինել Ղարաբաղ` Ադրբեջանի կազմից դուրս», ադրբեջանական այս գաղափարախոսությանը հակընդդեմ գործում է հայկականը` «Ադրբեջանը պետք է հաշտվի Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, նրա ինքնորոշման իրավունքի արտահայտմանը, իսկ եթե Բաքուն պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք դրան»: Այստեղ հարկ է նշել, որ «պատերազմ սկսելու» եւ «պատերազմին պատրաստ լինելու» մեջ սկզբունքային տարբերություն կա` նույնիսկ ազգային գաղափարախոսական:

«Որոշ հայտնի քաղաքական գործիչներ` ոչ պաշտոնական, առանց փողկապների հանդիպումներում նկատում են, որ գլոբալիզացիայի հիմնավորումը փոքր ժողովուրդներին կմղի նոր անկախությունների: Երբ շուրջբոլորդ դառնում է միանման, արդարացի ցանկություն է առաջանում պահպանելու քո աշխարհը, քո յուրահատուկ աշխարհը», մի առիթով այսպես էր գրել ռուսական թերթերից մեկը: Մենք էլ ավելացնենք` Ղարաբաղ աշխարհը կարելի է ճանաչել, կարելի է եւ չճանաչել, միեւնույնն է` ամեն դեպքում էլ ԼՂՀ-ն գոյություն ունի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ.- Մենք դիտմամբ բաց թողեցինք դիվանագիտական ոլորտը, քանի որ միայն այն ժամանակ, երբ վերոհիշյալ (եւ ոչ միայն) փաստերի հիման վրա հայկական դիվանագիտությունը հաղթանակ տոնի, ապա արդեն վստահաբար կարող ենք բացականչել` «մենք լուծել ենք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4