«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան) որոշումըՙ ճանաչել Կոսովայի ժողովուրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին: Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին եւ հետեւաբար այն չի կարող համարվել անօրինական եւ միջազգային նորմերին հակասող: Հաագայի դատարանի որոշումը, մեր կարծիքով, վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ նմանատիպ այլ հակամարտություններին եւ իրենց անկախությունը հռչակած բոլոր, այսպես կոչված, չճանաչված պետություններին: Քանի որ, ի դեպ, դատարանի որոշման մեջ չի ասվում, որ այս որոշումը վերաբերում է միմիայն Կոսովոյին, ինչը նշանակում է, որ այն վերաբերում է բոլորին, հետեւաբար, հակառակ ոմանց, նախադեպային է: Դատարանի այս բացառիկ որոշումը հնարավորություն է տալիս ասել, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման խնդրի շուրջ հայկական կողմը պետք է առաջին հերթին ուշադրությունը դարձնի երրորդ երկրների կողմից ճանաչմանը: Այսինքն, Ադրբեջանի համառության, անհանդուրժողականության եւ ագրեսիվ պահվածքի պայմաններում, հայկական կողմը, նաեւ օգտագործելով սփյուռքի լոբբիստական հնարավորությունները, պետք է անի հնարավորը այլ պետությունների կողմից Լեռնային Ղարբաղի հանրապետությունը ճանաչելու համար: Պարզ է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ անհեռանկարային են եւ հետեւաբար պաշտոնական Երեւանը պետք է գնա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու ճանապարհով, կոչ անելով այլ պետություններին հետեւելու այդ քայլին, քանի որ այդպիսով ապահովվում է ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4