Ղարաբաղյան հարցը կարեւորագույն նշանակություն է ունեցել արդի հայկական զույգ պետականությունների ստեղծման պատմության գործում: Այն նպաստեց մեր ազգային ինքնագիտակցության արթնացմանը եւ պետականության ստեղծման գործընթացին, եւ երկարատեւ ընդմիջումից հետո առաջին լայնամասշտաբ պատերազմն էր, որն ավարտվեց հայերիս հաղթանակով: Թվում էր, թե դա լավ նախադեպ է հայ քաղաքական վերնախավի համար հասկանալու, որ մեր ժողովրդի մեջ կա քաղաքական եւ հայրենասիրական բարձր գիտակցություն, ինչը մեզ թույլ է տալիս մեր հարցերը ինքնուրույն լուծել: Սակայն ազգային զարթոնքը «փշրվեց»ՙ բախվելով իրենց նույն այդ ազգի վերնախավ անվանողների եւ «իրատեսական» քաղաքականություն վարողների անձնական վախկոտությանը եւ մտավոր ողորմելիությանը, ինչի հետեւանքով հաղթական պատերազմի արդյունքները հանձնեցինք ուրիշի ողորմածությանը եւ արդեն 16 տարի հլու-հնազանդ սպասում ենք, թե երբ վերջիններս կտան «Ղարաբաղյան հակամարտության լուծումը»: Ի դեպ, «հակամարտություն» բառակապակցությունը չի կարող ընդունելի լինել մեզ համար, որովհետեւ իրականում Ղարաբաղում ոչ թե էթնիկ լոկալ բախումներ էին տեղի ունենում, այլ լայնամասշտաբ պատերազմՙ ռազմական բոլոր միջոցների կիրառմամբ եւ հսկայական զինուժի մասնակցությամբ: Լայնամասշտաբ այդ պատերազմը, որի սկիզբը կարելի է համարել 1991-ի ապրիլի տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, տեւեց 4 տարի եւ ավարտվեց 1994-ի մայիսի այսպես կոչված, Բիշքեկյան զինադադարի կնքմամբ: Այսինքն, այն չավարտվեց, ինչպես համանման այլ կոնֆլիկտները, երրորդ կողմի ռազմական միջամտության հետեւանքով, այլ հայկական ուժերի հաղթանակներով: Այսպիսով, ղարաբաղյան պատերազմի մասին հակամարտություն (կոնֆլիկտ), բառակապակցության օգտագործումը ոչ միայն նվազեցնում եւ սխալ լույսի ներքո է ցույց տալիս տեղի ունեցածը, այլեւ վիրավորում է այդ պատերազմին մասնակցած եւ զոհված տղաների հիշատակը: Մյուս կողմից, ղարաբաղյան հարցն այն լակմուսի թուղթն է, որ ցույց է տալիս մեր պետական այրերի հասունությունը եւ ինքնուրույնությունը եւ սեփական ուժերին ապավինելով հարցերը լուծելու կարողությունը: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ղարաբաղյան հարցը մեկ անհայտով հավասարում է, որը ինչ-որ լուծում ունի, եւ այն անպայման պետք է գտնելՙ հավասարումը լուծելու եւ երջանիկ ապրելու համար: Հարցի նմանատիպ ձեւակերպումը պաշտպանում եւ հավանում են միայն նրանք, ովքեր սովոր չեն իրենց խնդիրները ինքնուրույն լուծել եւ, սեփական անկարողությունը տարածելով ողջ ժողովրդի վրա, համոզված են, որ այն չի կարող լուծել եւ ոչ ոք:
Այսինքնՙ հարկավոր է ոչ թե զբաղվել ղարաբաղյան հարցի «լուծմամբ», ինչը նպաստավոր է միայն միջնորդ երկրների համար, այլ փոխել վերաբերմունքը այդ հարցի ընկալման նկատմամբ: Հասնենք այն գիտակցությանը, որ ղարաբաղյան խնդիրը ինքնին լուծված է, մնում է համոզել միջազգային հանրությանըՙ ճանաչել եւ այդպիսով պաշտպանել այդ լեռնային երկրում ապրող հայության իրավուքները: Հետեւաբար, Ղարաբաղը մեր կայնքում շարունակում է արմատական նշանակություն ունենալ եւ այդ մոտեցումով է պայմանավորված, թե որքանով ենք հասու հայկական պետականությունը ամրապնդելու գործում:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ