«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ՎՈՒԳԱՐ ՍԵԻԴՈՎԻ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Պատմական գիտությունների թեկնածու Վուգար Սեիդովը բավական ժամանակ «կախարդական փայտիկի» դեր է կատարում ադրբեջանական քարոզչության համար: Մեկ գրում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը չունի իրավական հիմք, քանի որ պետական անկախության վերականգնման մասին Ադրբեջանի ԳԽ ընդունած որոշումը հակասում է ԽՍՀՄ օրենսդրությանը», մեկ կարծիք հայտնում, թե «Ադրբեջանը կարող է համաձայնել, որ ԼՂ-ում անկախության հարցով հանրաքվե անցկացվի, բայց ներկա փաստացի սահմաններում, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների` այնտեղ վերադառնալուց հետո»:

Հետաքրքրական է, չէ՞:

Ինչ ասես, որ չի «հայտնագործում» Վուգար Սեիդովը:

Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին էլ Սեիդովը մի ծավալուն «վերլուծություն» է հրապարակել, որտեղ փորձում է «ապացուցել», որ «դատարանը չի պատասխանել ամենաէական հարցին` Կոսովոն անկախ պետությո՞ւն է, թե՞ ոչ»:

Ստացվում է, որ երբ դատարանը վճռում է, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, ապա դա դեռ չի նշանակում, թե Կոսովոն անկախ է: Կամ` երբ դատարանի վճռով ինքնորոշումը ճանաչվում է միջազգային իրավունքին չհակասող, ապա դրանից չի հետեւում, թե բոլորը կարող են ինքնորոշվել:

Մի խոսքով, Սեիդովը, տարերքի մեջ մտնելով, ամեն ինչ խառնում է իրար: Հասկանալի է, մարդը ճգնում է սեփական հանրությանը ուղղորդել այն տեսլականին, որ «ոչինչ սարսափելի չկա»: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում իրոք խիստ են անհանգստացած: Եվ որպեսզի «կասկածները լիովին փարատվեն», Սեիդովը հնչեցնում է վերջին ակորդը.

- Եթե նույնիսկ Կոսովոյի անկախությունը չի հակասում միջազգային իրավունքին, ապա, միեւնույնն է, ԼՂ պարագայում դա նախադեպային չէ:

Ինչո՞ւ:

«Պարզվում է»` ԼՂ անկախությունը հռչակվել է «ուժի կիրառմամբ, որը հանգեցրել է էթնիկ զտումների, ադրբեջանցիների ցեղասպանության` Խոջալուում եւ Ղարադաղլուում», ինչն էլ «թույլ չի տալիս, որ երկու խնդիրների միջեւ զուգահեռ անցկացվի», քանի որ «ի տարբերություն ԼՂ-ի, Կոսովոյում ալբանացիներն են Միլոշեւիչի ռեժիմի կողմից ենթարկվել բռնությունների, տեղահանության եւ ցեղասպանության»:

Սեիդովը «խոհեմաբար» մոռանում է, որ ԼՂ-ն անկախ պետություն է հռչակվել 1991 թ. դեկտեմբերի 10-ին` հանրաքվեով: Այդ պահի դրությամբ ԼՂ-ում, ըստ պաշտոնական տվյալների, 34 000 ադրբեջանցի էր ապրում: Ընդ որում` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ապահովել էր ադրբեջաներեն քվեաթերթիկների տպագրությունը: Եվ բոլորովին էլ կազմակերպիչների մեղքով չէ, որ ԼՂ-ի ազգությամբ ադրբեջանցի քվեատուները չեն մասնակցել հանրաքվեին: Այնպես որ` «ուժի կիրառման մասին» Սեիդովի ասածը զուտ նրա հիվանդ երեւակայության պտուղն է:

Ինչ վերաբերում է «էթնիկ զտումներին եւ ցեղասպանությանը», ապա Սեիդովը լավ կաներ, եթե պահանջեր, որ Ադրբեջանի իշխանությունները հրապարակեին ԳԽ 1991 թ. նոյեմբերի 26-ի գաղտնի որոշումը, որով պաշտպանության եւ ՆԳ նախարարություններին հանձնարարվել է «ապահովել ԼՂ ադրբեջանցի բնակիչների անվտանգությունը»: Միայն ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու մասին բարձրագույն իշխանության հանձնարարականը չի՞ նշանակում, որ ԼՂ մեծամասնություն կազմող հայերը հայտարավել են օրենքից եւ պետական հոգածությունից դուրս: Այսինքն` ենթակա տարհանման կամ ֆիզիկական բնաջնջման:

Վերջում նա Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տալիս ՄԱԿ-ի ԱԽ միջոցով դիմել Արդարադատության միջազգային դատարանին` ԼՂ անկախությանը իրավական գնահատական տալու հարցով:

Գովելի նախաձեռնություն է: Մնում է սպասել, թե դրան ինչպես կարձագանքի պաշտոնական Բաքուն:

Միայն այն, որ այդ երկրի նախագահն առ այսօր ԼՂ արմատական բնակչությանը հայտարարում է «եկվոր», այսինքն` «իրավազուրկ», բավական է, որ միջազգային դատարանի համար պարզ լինի, թե ինչ պայմաններում է անկախություն հռչակել Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4