Մեր օրերում, ցավոք, Հայաստանում մշակույթի օջախները հազվադեպ են հետաքրքրություն ու առավել եւս շահագրգռություն առաջացնում գործարար մարդկանց շրջանում: Համենայն դեպս երբ երկար տարիներ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ամերիկայում աշխատող գործարար Վիկտոր Հայրապետյանը որոշեց հիմնանորոգել ու արդիականացնել իր հայրենի Տավուշի մարզի Բերդ քաղաքի կատարյալ մոռացության մատնված «Արեւաբերդ» կինոթատրոնի շենքը, տեղացիները ապշել էին` ինչ կարող է նրան տալ խորհրդային տարիներից սոսկ հուշ մնացած այդ կիսավեր կառույցը:
Սակայն զգացվում էր, որ որեւէ եկամուտ ստանալու պարագան Վիկտոր Հայրապետյանի համար տասներորդական գործ էր: Գլխավոր նպատակն էր աշխարհից կտրված, Ադրբեջանի հետ մոտ 200 կիլոմետր սահման ունեցող այդ լեռնաշխարհում վերստեղծել մշակույթի մի անկյուն, որը դառնար կենսապայմաններից դադրած տեղացիների յուրօրինակ հավաքատեղի, հանդիպավայր, կինոյի, արվեստի, համաշխարհային անցուդարձի հետ հաղորդակցման մի հաստատություն: Ընդ որում, ծրագրվում էր, առանց չափազանցության, աշխարհի հետ բնակչության կապն ապահովել արբանյակային համակարգերից սնվող երկու կինոդահլիճների եւ ինտերնետ-ակումբի միջոցով:
Մասնագիտությամբ լինելով կինոինժեներ, իսկ բիզնեսի առումով ունենալով շինարարական արվեստի զգալի փորձ, գործարարը օբյեկտի ե՛ւ վերակառուցման ե՛ւ տեխնիկական վերազինման գործը վերցրեց իր անմիջական վերահսկողության ներքո:
Եվ «Արեւաբերդի»` օրերս կայացած փորձնական գործարկման ժամանակ բերդցիներին ներկայացվեց ժամանակակից ձեւավորումով ու կահավորումով 100 եւ 400 տեղանոց երկու սքանչելի դահլիճ` 10 եւ 20 մետր լայնությամբ էկրաններով: Երկու սրահներն էլ հագեցած են էկրանների HD պատկերով եւ DOLBY DIGITAL 5+1 ձայնային համակարգերով: Այս տեխնիկական հապավումները ընթերցողին մատչելի դարձնելու նպատակով պարզաբանենք, որ կինոսրահներում ցուցադրվում են բարձր հստակության պատկերներ եւ դահլիճներում 6 անկախ բարձրախոսներն ապահովում են բարձր որակի ձայն: Կինեմատոգրաֆիստների լեզվով ասած` դրանով ապահովվում է առավելագույն ներկայության էֆեկտ:
«Արեւաբերդը» ավանդական կինոցուցադրումների հաստատության հետ միաժամանակ հիրավի վերածվել է, ինչպես ասվեց, արբանյակային հեռուստակինոթատրոնի: Ի՞նչ է սա նշանակում. կինոթատրոնի վրա տեղակայված երկու հեռուստաափսեները ուղղված են Eutelsat եւ HOTBIRD արբանյակներին եւ ապահովում են ավելի քան 120 դիտարժան ալիքներ` HD պատկերով եւ DOLBY DIGITAL 5+1 ձայնային համակարգերով: ԸՆդ որում, դրանց մի մասը հեռարձակվում է ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով, ինչը մատչելի է առհասարակ հայաստանցիներին: Բայց ամենանշանակալին այն է, որ այդ բոլոր ծրագրերը «on line» ռեժիմով կարելի է դիտել կինոէկրանին: Շատ բազմազան են, ասենք, գեղարվեստական ֆիլմերի (+, +, +, MGM int, Hallmark +...), վավերագրական ֆիլմերի (Discovery 4, National Geografic 2, 24 , Entertayment ...), նորությունների (CNN, FOX news, BBC...), երաժշտական (VH 1, A-ONE, me zzo...), մուլտիպլիկացիոն (nickelodeon, Jim Jam, Jetix...) եւ մյուս ալիքները:
Ինչո՞ւ ենք այսքան մասնավորեցնում հարցը: Հայրապետյանի կարծիքով, եթե Հայաստանի մշակույթի նախարարությունը կարողանա պայմանագիր կնքել «HTB +» մեդիա հոլդինգի հետ, ապա դա էապես կհեշտացնի հանրապետությունում կինոթատրոնների ցանցի վերականգնման ու զարգացման գործը եւ խթան կծառայի մեր միատարր ու ինքնամփոփ ժողովրդի մտավոր ու հոգեւոր մակարդակի բարձրացմանը: Տպավորիչ չէ՞, երբ էկրանին նույն պահին դիտում ես այն, ինչ հեռարձակվում է Տոկիոյից, Պեկինից, Փարիզից, Բեռլինից եւ համաշխարհային այլ քաղաքներից:
Սակայն դառնանք մեր հիմնական թեմային: Կինոթատրոնի սպասասրահը վերածված է 60 տեղանոց գեղատես սրճարանի, որի այցելուները այստեղ կարող են ժամանցի հետ մեկտեղ անցկացնել մշակութային, կոլեկտիվ թե անձնական բնույթի միջոցառումներ: Նրանց տրամադրության տակ է մեծադիր հեռուստացույցը, որի էկրանին կարելի է դիտել վերոհիշյալ կինոհեռուստատեսային ծրագրերը` Blu ray որակով:
Շուտով «Արեւաբերդում» կբացվի ինտերնետ-ակումբ, որը «Օրանժի» մուտքով կապահովվի գերարագ կապով:
Դպրոցականների, քոլեջի ուսանողների, ինչպես նաեւ հայոց բանակի տեղի զորամասի զինվորների ու սահմանապահների համար նախատեսված են կրթական, գիտահանրամատչելի, լրատվական եւ այլ կինոհեռուստատեսային ծրագրերի ու համապատասխան թեմատիկայով հաղորդաշարերի անվճար ցուցադրումներ:
Ֆիլմի փորձնական ցուցադրությունից հետո բերդցիները մոտենում էին Վիկտոր Հայրապետյանին եւ անկեղծ շնորհակալություն հայտնում արածի համար: Տեղացիները նրան լավ են ճանաչում, քանզի գործարար համաքաղաքացին արդեն քանի տարի իր ամերիկահայ գործընկերների հետ բարեգործական ազնիվ ծառայություններ է մատուցում տեղի դպրոցներին, քոլեջին եւ մանկապարտեզին:
Բերդցիներին կինոթատրոնում դուր է գալիս ամեն ինչ, նրանք հպարտանում են, որ եթե ամբողջ Հայաստանում այսօր կա ընդամենը 4 գործող կինոթատրոն, ապա «Արեւաբերդը» դրանցից մեկն է: Նման կինոթատրոններ անհրաժեշտ է կառուցել ամբողջ հանրապետությունում` ապահովելով լավ ֆիլմերի քանակով:
ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՊՐԵՍՅԱՆ, Բերդ քաղաքի բնակչուհի, Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի