Բժիշկ, գիտնական, գիտության, բարձրագույն կրթության եւ առողջապահության կազմակերպիչ. սրանք են այն հիմնական որակները, որոնք բնորոշում են Էմիլ Գաբրիելյան մարդուն: Ասվածի վառ օրինակը նրա անցած ուղին է:
1959-ից 1975 թվականն աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում` ասիստենտից մինչեւեւ ինստիտուտի ռեկտոր: Այս ժամանակաշրջանում բժշկական ինստիտուտի գործունեությունը լի էր բուհի համար յուրահատուկ, խիստ կարեւոր իրադարձություններով:
1975 թվականին նա նշանակվել է առողջապահության նախարար: Շուրջ 15 տարի ճանաչված գիտնականը ծառայել է հայ ժողովրդի առողջության պահպանման եւ կազմակերպման դժվարին գործինՙ այն համատեղելով գիտամանկավարժական գործունեության հետ: Նրա պաշտոնավարման տարիներին բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ եւ հեռահաղորդակցական հնարավորություններով լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:
Նրա գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը լավագույնս դրսեւորվել են 1988 թվականի ահեղ երկրաշարժի օրերին: Ուժերի գերագույն լարումով առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանը համակարգել է տուժածներին բժշկական եւ բարոյական օգնության ցուցաբերման խնդիրները:
1992 թվականին Էմիլ Գաբրիելյանը ստեղծել է հանրապետության համար նոր ու խիստ կարեւոր կազմակերպությունՙ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի անփոխարինելի ղեկավարն էր մինչեւեւ իր կյանքի վերջին օրերը:
1994 թվականից Էմիլ Գաբրիելյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր: 1994-2005թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները:
Նա նաեւ դեղագիտության Ֆրանսիական ազգային ակադեմիայի թղթակից-անդամ էր, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՀՀ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի դեղաբանների գիտական ընկերության նախագահ:
Պրոֆ. Գաբրիելյանն ավելի քան 400 գիտական հրապարակման, դեղաբանության 5 դասագրքի, դեղաբուժության 1 ձեռնարկի, 7 մենագրության, տասնյակից ավելի գրքերի հեղինակ է:
Վերջին տարիներին գիտնականի գործունեության կարեւոր ուղղություններից էր Հայաստանում ստեղծված ՁԻԱՀ-ի նոր բուժամիջոցի մշակման «Արմենիկում» գիտական նախագծի ղեկավարությունը:
Նա նաեւ ՀՀ Նախագահին կից հանրային խորհրդի անդամ էր, Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոնի վարչական կառավարման եւ ՀՀ փորձագիտության Ազգային բյուրոյի նախագահը:
Էմիլ Գաբրիելյանը բացառիկ զարգացած ու կրթված մարդ էր, արտասովոր ու խարիզմատիկ անհատականությունՙ օժտված խիստ սկզբունքայնությամբ, ազնվությամբ, մտքի ճկունությամբ ու հստակությամբ:
Գիտնականի հետազոտությունները միջազգային ճանաչում են ստացել, գիտության մեջ ունեցած նվաճումների համար նրան շնորհվել են բազմաթիվ շքանշաններ ու մրցանակներ:
Մեծ քաղաքացու, բժշկի, գիտնականի, առողջապահության կազմակերպչի, ուսուցչի,եւ լուսավոր մարդու վախճանն անդառնալի կորուստ է մեր հանրության համար: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կման մեր սրտերում:
ՀՀ կառավարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
Գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ Նախագահին կից հանրային խորհուրդ