«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


«ՄԻԿԱՅԻ» ԳՈԼԱՅԻՆ ԵՐԱՇՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ կայացած «Միկա»-«Ուլիս» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Երկու թիմերն էլ անհաջող էին հանդես եկել եվրոգավաթների մրցաշարում` արժանանալով միեւնույն ճակատագրին: Սեփական հարկի տակ մեր թիմերին չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը` խաղն ավարտելով ոչ-ոքի, իսկ հյուրընկալվելիս պարտվել էին 0-1 հաշվով:

Հաշվետու հանդիպումը երկու թիմերի համար էլ չափազանց կարեւոր նշանակություն ուներ մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Եթե «Ուլիսն» առաջատարների խմբում էր, ապա «Միկան» զգալիորեն հետ էր մնացել առաջատար եռյակից ու անհաջողության դեպքում խիստ կդժվարացներ մրցանակակիր դառնալու իր խնդիրը: Կարեւոր էր նաեւ, թե եվրոպական մրցասպարեզում կրած անհաջողությունից հետո ֆուտբոլիստներն ինչպիսի հոգեբանական պատրաստվածությամբ խաղադաշտ դուրս կգային:

Հանդիպումը ցույց տվեց, որ «Միկայի» ֆուտբոլիստների համար մրցակցի դարպասը գրավելը չափազանց բարդ խնդիր է դարձել: Ինչպես «Ռաբոտնիչկիի» հետ խաղում, այս անգամ էլ «Միկան» հատկապես 2-րդ խաղակեսում ստեղծելով գոլային հիանալի հնարավորություններ, այդպես էլ չկարողացավ դրանցից գոնե մեկն իրացնել:

«Ուլիսը» խաղը կառուցել էր հակագրոհների վրա եւ այդ մարտավարությունը հերթական անգամ թիմին հաջողություն բերեց: Ուլիսցիները բավական ակտիվ էին առաջին խաղակեսում եւ արդեն 9-րդ րոպեին բացեցին հաշիվը: Արտյոմ Ադամյանի տուգանային հարվածից հետո Կրասովսկին փորձեց գրավել դարպասը, սակայն դարպասապահը գնդակը հանեց անկյունային, որի խաղարկումից հետո «Ուլիսը» հասավ հաջողության: Ստանալով գնդակը, Արմեն Տիգրանյանը հարվածեց դարպասին: «Միկայի» դարպասապահ Կլեւինսկասն անհաջող հետ մղեց գնդակը եւ վրա հասած Նորայր Գրիգորյանը մոտ տարածությունից գրավեց դարպասը: Առաջին խաղակեսում դա գոլային միակ պահն էր, որն էլ ավարտվեց դարպասի գրավումով:

Ընդմիջումից հետո «Միկան» տիրեց նախաձեռնությանը ու սկսեց մեծ ուժերով գրոհել: Դրան նպաստեցին նաեւ «Ուլիսի» ֆուտբոլիստները, որոնք ամբողջ թիմով նահանջեցին սեփական կիսադաշտ: 2-րդ խաղակեսը կարծես «Ռաբոտնիչկիի» հետ հանդիպման շարունակությունը լիներ: «Միկան» գոլային մի քանի հիանալի պահեր ստեղծեց, բայց այդպես էլ գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում: Խաղային մի քանի դրվագներում իրեն հիանալի դրսեւորեց «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովը` հետ մղելով Էդնեյի եւ Բոտի Դեմելի վտանգավոր հարվածները: Մեկ անգամ էլ դատարկ դարպասից գնդակը հեռացրեց Նորայր Գրիգորյանը: Նպաստավոր պահերը չկարողացան օգտագործել Արամ Ոսկանյանը, Բոտի Դեմելն ու Հրայր Մկոյանը: Դաշտի տերերին ոչ մի կերպ չէր հաջողվում ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ ու գոլային վերջակետ դնել բազում գրոհներից գոնե մեկը: Իսկ «Ուլիսը» հմտորեն պաշտպանվելով, կարողացավ խաղը հաղթական ավարտի հասցնել:

Այս հաղթանակի շնորհիվ«Ուլիսը» վաստակեց 32 միավոր ու ամրապնդվեց 2-րդ տեղում` 3 միավորով հետ մնալով միանձնյա առաջատար «Բանանցից»: Միեւնույն ժամանակ ուլիսցիները 3 միավորով առաջ անցան 3-րդ տեղում հանգրվանած փյունիկցիներից: Իսկ ահա «Միկան» բավական հետ մնաց առաջատարներից` իր ակտիվում ունենալով 22 միավոր:

Եվրոգավաթների խաղարկության հանդիպումների պատճառով Հայաստանի առաջնությունում գրեթե մեկամսյա դադար էր հայտարարված: Հուլիսի 31-ին կայանալիք «Կիլիկիա»-«Գանձասար», «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումներով կմեկնարկի առաջնության 3-րդ շրջանը: Մեծ հետաքրքրություն է հատկապես ներկայացնում օգոստոսի 1-ին կայանալիք «Միկա»-«Բանանց» հանդիպումը: «Ուլիսը» Դիլիջանում կմրցի «Իմպուլսի» հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4