«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վերջերս «Ազգին» ասել էր, որ ՀԱԿ-ը չէ, բայց եթե ՀՀՇ-ն ցուցակ կազմի, իր կարծիքով, հնարավորություն ունի խորհրդարան անցնելու: Այս թեման «Ազատություն» ռադիոկայանը զարգացրել էր, եւ ՀՀՇ մամուլի խոսնակ Կարեն Կարապետյանն այդ տեսակետը մեկնաբանել էր որպես ՀԱԿ-ը պառակտելու փորձ: Դրանից հետո տեղի ունեցավ ՀՀՇ համագումարը: Երեկ Գ. Սահակյանը մեր խնդրանքով կրկին անդրադարձավ թեմային` ասելով, թե հիմա իր այս ասածն էլ ժամանակավրեպ է, որովհետեւ ՀՀՇ-ի վերջին համագումարը ցույց տվեց` ՀՀՇ-ն ըստ էության կամ չկա, կամ ուզում է ձեւափոխվել, իսկ ձեւափոխվելու համար ժամանակ է անհրաժեշտ, որ ավելի մեծ ուժ դառնա եւ հնարավորություններ ունենա. «Այսօր ոչ նա, ոչ էլ ՀԱԿ-ն ունի հնարավորություն` պիտի փորձեն լավ աշխատել», ասաց:

Ընդհանրապես` երեկ «Ազդակ» ակումբում Գ. Սահակյանը մի քանի արժանահիշատակ տեսակետներ հայտնեց: Մամուլում շրջանառվող նոր իշխանամետ քաղաքական ուժի (որը մինչեւ ընտրությունները պետք է գրավի ԲՀԿ-ի դաշտը) ստեղծման մասին լուրը Գ. Սահակյանը երազանքային համարեց` ընտրաթիմ կարող է ստեղծվել, կուսակցություն` ոչ, 1-2 տարում կուսակցություն չի ստեղծվում, եւ ոչ էլ արդարադատության նախարարությունում կուսակցություն գրանցելով է նոր ուժը ստեղծվում. «Ընտրությունների նախօրեին շատ քաղաքական ուժեր են ստեղծվում, բայց դրանք կուսակցություններ չեն, այլ ընդամենն ընտրական շտաբներ», ասաց նա: Լրագրողներն ավելի ճշգրտեցին` ըստ լուրերի իշխանական թեւն է այդպիսի ուժ ուզում ստեղծել, Վիկտոր Դալլաքյանի ձեռամբ. ըստ Սահակյանի` թեեւ Դալլաքյանը լրագրողների սիրած ընդդիմությունն է, բայց ինքը չի նկատել, որ նա ուզենա քաղաքական ուժ ստեղծել, կամ որ` իշխանական թեւն այդպիսի ցանկություն ունենա:

Մինչդեռ հիմա այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին միայնակ կարող է մասնակցել (սա ասել էր նաեւ նրա կուսակից Սամվել Նիկոյանը), չնայած քաղաքական իրավիճակից կախված կլինի ի վերջո` առանձի՞ն մասնակցել ընտրությունների, թե՞ դաշինքով («չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, նայած պետության շահը ինչ կթելադրի»):

Գ. Սահակյանը Գ. Սահակյան չէր լինի, եթե չաներ իր կանխատեսումները, որոնք սովորաբար իրականանում են ոչ թե նրա համար, որ նա Նոստրադամուսն է, այլ որովհետեւ վերեւներին շատ մոտ կանգնած մարդ է եւ իրազեկված առաջին ձեռքից: Մի խոսքով, ըստ նրա, խորհրդարանում կլինեն նրանք, ովքեր այսօր էլ կան («Ազգին» այդ մասին նա ավելի վաղ ասել էր), ԲՀԿ-ն էլի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը կլինի: Բա «Ժառանգությո՞ւնը»` ուղղորդեցին լրագրողները:

«Ժառանգության» հարցում նա դժվարացավ, թե ինչպիսի՞ փոխհամաձայնություններ կունենա մյուս կուսակցությունների հետ. «Բոլորի հետ կռվում է առայժմ, դրա համար դժվարանում եմ կողմնորոշվել», ասաց: Սակայն նա դույզն-ինչ չէր կասկածում, որ ՀՀԿ-ն կրկին առաջատար է լինելու: Ընդդիմություն որպես ո՞վ է ընդունելի Գ. Սահակյանի համար. «Հակվածությունս դեպի Դաշնակցությունն է, ոչ թե նրա համար, որ ընդդիմություն է կամ ընդդիմություն չէ, այլ` որ կուսակցություն է, սա հեշտացնում է եւ որոշումներ ընդունելը, եւ բաց ձեւով քննարկումներ կազմակերպելը: Դաշնակցությունը խոր կուսակցություն է, մնացածները ստեղծածին, ինչ-որ ժամանակավրեպ բաներ են»:

ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության հնարավորությունն ու Սարգսյան-Տեր-Պետրոսյան հաշտեցման մասի լուրն էլ այսպես մեկնաբանեց. «Ես համոզված եմ, որ այսօր միտք էլ չունի, որ իշխանությունները բանակցեն ՀԱԿ-ի հետ. մենք ասում ենք` Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ (ՀՀՇ-ի-Մ.Խ.) համագումարում ասում են` դե լավ, ոչինչ, թող լինի մի քիչ լավ ձեւով, որպեսզի Հայաստանի զարգացումն ապահովենք», իրար հակառակ գաղափարների վեկտոր գտավ Սահակյանը: Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հաշտեցման գործընթացի մասին նա ոչինչ չգիտեր` նման գործունեությունը թաքուն հնարավոր չէ, ըստ նրա: Նա համաձայնեց նաեւ իր կուսակից Սամվել Նիկոյանի այն մտքին, որ Տեր-Պետրոսյանն ուզում է գնալ թոշակի` ժամանակին հենց ինքն է ասել, որ առաջին նախագահը 12 տարի առաջ է գնացել թոշակի. «Հայաստանի ցանկացած թոշակառու կարող է իր դիրքորոշումներն արտահայտի: Էնպես չի խանգարում, որ եւ գնա թոշակի, եւ իր դիրքորոշումներն արտահայտի»: Քոչարյանն է՞լ է թոշակառու. «Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն արարող նախագահ է եղել, երբեք չի հրաժարվել իր պոստից, եւ խնդիրները, որ իր առաջ դրել է` միշտ կարողացել է լուծել»:

Ըստ նրա` Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից այդքան ոգեւորվել պետք չէ, այն չի ազդելու ԼՂ կարգավորման վրա, մանավանդ ամերիկյան կողմից հնչող դիրքորոշումներից զգացվում է, որ նման խնդիրները լուծելիս աշխարհը երկակի չափանիշներով է առաջնորդվում: Բայց նաեւ այդ որոշումը հնարավոր է դարձրել փոփոխել մեր արտաքին քաղաքականությունը, նոր ռելսերի դնել, եւ անգամ համաձայն էր այն տեսակետին, որ պետք է բարեկամ երկրների հետ խորհրդակցություններ սկսել ԼՂ-ի հնարավոր ճանաչման եւ միջազգային իրավունքի սույեկտ դարձնելու ուղղությամբ: Հաագայի վճռից հետո ոչ թե զիջումների մասին պետք է խոսենք հայերս, ըստ նրա, այլ` «կռվենք նրա համար, ինչ այժմ ունենք», իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը հզոր դաշտ է Հայաստանի համար արտահայտվելու եւ տեսակետներ տեղ հասցնելու համար: Ընդհանրապես` աշխարհն այսօր հակամարտությունների լուծման առումով փնտրտուքի մեջ է, բայց եթե ազգերի ինքնորոշման իրավունքն առաջնային չլիներ (սա աստվածային սկզբունք անվանեց` ի տարբերություն տարածքային ամբողջականության, որը որոշման արդյունք կարող է լինել), այսօր աշխարհում 20 երկիր կլիներ: Կոսովոյի դեպքում նորից միջազգային հանրությունը հասկացավ, որ կարեւորը ազգերի ինքնորոշման իրաունքն է, եզրափակեց Գ. Սահակյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4