«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԲՐԱՅԶԱՆՙ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻՆ. «ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՎԱԽՃԱՆՎԱԾ Է»

Նախագահական ընտրարշավի ամբողջ ընթացքում «փոփոխություններ» խոստացող Բարաք Օբաման, ընտրություններից հետո, այնուամենայնիվ, հուսախաբ արեց իրեն աջակցողներին եւ իր օգտին քվեարկողներինՙ պարզապես իր նախորդների քաղաքականության բազմաթիվ գծեր շարունակելով: Այս միտքն է արտահայտում «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը ստորեւ իր հոդվածից թարգամանաբար քաղված հատվածներում, որոնցում անցյալի հետ անքակտելի կապի որպես օրինակ նա բերում է Մեթյու Բրայզայի դեսպան նշանակելը Ադրբեջանում:


Բրայզան Բուշի վարչակազմից մնացած վերապրուկ է, խիստ կասկածի անցյալով: Նա ավելի շատ խոչընդոտ է, քան արժանիք Օբամայի վարչակազմի եւ ընդհանրապես Մ. Նահանգների համար: Ամիսներ շարունակ նա շրջում էր Վաշինգտոնով մեկՙ այս ու այն կողմ նրբանկատ ակնարկներ անելով, որ դառնալու է ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը Ադրբեջանում: Փաստը, որ մոտ մեկ տարի տեւեց նրա պաշտոնական նշանակումը այդ պաշտոնում, խոսում է այն մասին, որ իրոք լուրջ բարդություններ ու տարաձայնություններ կային դրանում, ներառյալ ռուս-վրացական պատերազմում նրա հավանական դերակատարման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները, հայ-թուրքական արձանագրություններին կողմնակից լինելու վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները, կնոջ աշխատանքի եւ վերջապես ամուսնության ծախսերի վերաբերյալ հակասական մեկնաբանությունները:

Այս բոլորի առկայության պայմաններում նա երբեք էլ դեսպան չէր նշանակվի, եթե բարձր ատյաններում հովանավորներ չունենար: Ըստ որոշ լրատվական տվյալների, պետքարտուղարի նախկին օգնական Դեն Ֆրիդն է անձամբ միջնորդել եւ երաշխավորել նրա թեկնածությունը:

Թուրքիայի քաղաքացի Զեյնո Բարանի հետ Բրայզայի ամուսնությունը մեծ աղմուկ բարձրացրեց իր ժամանակին ոչ թե կնոջ էթնիկական պատկանելության, այլ նրա աշխատանքի պատճառով: Զեյնոն Հուդզոն ինստիտուտում եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: Այդ կենտրոնը ֆինանսավորվում է «Էքսոն Մոբայլի» եւ այլ էներգետիկ ընկերությունների կողմից:

Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզային սուր եւ մանրամասն հարցեր են տվել նրա ընտանիքի ֆինանսական կարողություններում «շահերի բախման» հնարավորությունների մասին, որոնց Բրայզան պատասխանել է, որ «կառավարությունը շահերի բախման դեպքեր չի արձանագրել»: Նա նաեւ սենատորներին վստահեցրել է, որ կինըՙ Զեյնոն, «պարտավորվել է Հուդզոն ինստիտուտին առնչվող որեւէ հարց չներկայացնել ոչ պետքարտուղարություն, ոչ էլ Բաքվի Մ. Նահանգների դեսպանատուն»: Բայց, անշուշտ, այդ «պարտավորվածությունը» ոչ մի ձեւով «պարտադիր կիրառման» ենթակա չէ:

Մեկ այլ հարց շոշափել է այն ենթադրությունները, որ տնտեսական զարգացման ազերի նախկին նախարար Հեյդար Բաբաեւն է առատորեն ֆինանսավորել 2007-ին Ստամբուլում կայացած նրա ճոխ հարսանիքը: Մեղադրանքներից խիստ զայրացած, Բաբաեւը դատի էր տվել այդ մասին հաղորդած ազերի թերթին: Լրագրողը ձերբակալվել էր եւ ծեծի ենթարկվելՙ նախքան կարողացել էր երկրից փախչել: Նա հիմա եվրոպական մարդու իրավունքների դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:

Բրայզան սենատորներին վստահեցրել է, որ «բացարձակապես ճիշտ չեն» այն պնդումները, որ նախարար Բաբաեւը ֆինանսավորել է իր հարսանիքը: Այդուհանդերձ, եթե եվրոպական դատարանը նման փաստ հայտնաբերի, Բրայզան հաստատ լուրջ խնդիրներ կունենա:

Շարունակելով պատասխանել սենատորների հարցերին, նա հպարտորեն հայտարարել է, որ այդ հարսանիքին ներկա են գտնվել շատ հայտնի կառավարական անդամներ, դիվանագետներ, ընդդիմադիր առաջնորդներ եւ տարբեր կրոնական դավանանքների ղեկավարներ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Կիպրոսից եւ Հունաստանից: Նա նաեւ նշել է, որ հրավիրվածների մեջ է եղել նաեւ «այժմ վախճանված (Թուրքիայի) հայոց Մեսրոպ պատրիարքը»:

Ինչպես հայտնի է, Մեսրոպ պատրիարքը դեռ ողջ է, չնայած տառապում է հիշողության կորստից: Պարզապես զարմանալի է, որ Բրայզան չգիտի նրա ողջության մասին, քանի որ եթե հրավիրել է հարսանիքի, ուրեմն նրան մոտիկ անձնավորություն է համարել: Հուսանք, որ այս սխալը ընդհանրապես չի բնութագրում կարեւոր անձնավորությունների վերաբերյալ նրա ապատեղեկացված լինելը հատկապես այն տարածաշրջանում, որտեղ նա թեկնածու է առաջադրվել ներկայացնելու Մ. Նահանգները:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4