«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՕՐԵՐԸ» ԱՐՑԱԽՈՒՄ

21-ամյա Երվանդ Գալստյանը 13 տարի է ապրում է Ռուսաստանում: Ռուսական դպրոց է ավարտել, բայց կարողանում է գրել ու կարդալ հայերեն. ինքնուրույն է սովորել: Ասում է` վաղ թե ուշ հետ է գալու Հայաստան, բայց ուզում է աշխատել Ռուսաստանում, փող հետ գցել, նոր վերադառնալ: Չնայած Երվանդը Ռուսաստանում դեռ պլաններ ունի, բայց ասում է. «Եթե Ղարաբաղում պատերազմ լինի, հենց նույն օրը հետ կգամ ու կմասնակցեմ պատերազմին»: Այս մասին նա պատմում էր դեպի Արցախ գնացող ավտոբուսի մեջ: Երվանդը պարում է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Նաիրի» պարային համույթում, որը եկել է Հայաստան` մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնին:

Հայաստանում եւ Արցախում հուլիսի 22-ից օգոստոսի 23-ը փառատոնի շրջանակներում անցկացվում են «Կատարողական արվեստի օրեր»: Փառատոնը հնարավորություն է ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին հայրենիքում ներկայացնելու հայկական մշակույթը, նաեւ հաղորդակցվելու Հայաստանի ու Արցախի մշակույթի հետ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո, կազմակերպիչներն են սփյուռքի նախարարությունն ու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը:

Հուլիսի 25-ին փառատոնին մասնակցող Նիժնի Նովգորոդի «Նաիրի» պարի անսամբլը եւ Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համույթն ուղեւորվեցին Լեռնային Ղարաբաղ: Երեւանում մասնակիցներին բարի երթ մաղթելու էր եկել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը : Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին գնում Ղարաբաղ:

16-ամյա Առաքելյան Յանան պարում է Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլում, նրա հայրը ծագումով Ղարաբաղից է: Յանան առաջին անգամ էր գնում Ղարաբաղ, չէր եղել նաեւ Հայաստանում: Յանան հայերեն ո՛չ գրել-կարդալ գիտի, ո՛չ էլ խոսել, միայն կարողանում է աղոթել... գրաբարով:

Մասնակիցների հետ Արցախ էին ուղեւորվում նաեւ բալետմայստերներ Կարեն Գեւորգյանն ու Սուրեն Գյանջումյանը:

«Արցախում ելույթ ունենալու համար «Մեկ ազգ, մեկ մշակույթի» գեղարվեստական խորհուրդն ամեն տարի փորձում է ընտրել այնպիսի խմբեր, որոնք ոչ մի անգամ չեն եղել Արցախում, եւ բացի այդ` կարողանում են հայկական պարարվեստը ներկայացնել պատշաճ մակարդակով: Այս տարի Սփյուռքից եկել է շուրջ 30 պարային համույթ», ասաց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը: Վերջինս տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում` հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվելու են պարուսույց-մանկավարժների վարպետության դասեր: «Փառատոնն ունի նաեւ ուսուցողական նշանակություն», նշեց Կարեն Գեւորգյանը:

Ոլորապտույտ ճանապարհներով ավտոբուսը մոտենում է Ստեփանակերտին: Մասնակիցների ուշադրությունն առաջինը գրավեց Շուշին` քաղաք բարձունքի վրա` ամպերն ուսերին:

17-ամյա Արամ Ավետիսյանն առաջին անգամ էր Արցախում, իր տպավորությունների մասին խոսելիս ասաց, որ Արցախում իրեն ամենից շատ դուր է եկել այն մեծ տանկը, որը կանգնած է Շուշիից Ստեփանակերտ ընկած բարձունքի վրա: Դա առաջին տանկն է, որը մասնակցել է Շուշիի ազատագրմանը: «Վախենում էի Ղարաբաղ գալուց առաջ. ինձ թվում էր այստեղ կրակոցներ եմ լսելու ու միայն ավերակներ եմ տեսնելու», ասաց Արամը:

Շուշիում երտասարդները եղան Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետեւ ավտոբուսը շարժվեց դեպի Ստեփանակերտ, որտեղ էլ մասնակիցները ելույթ ունեցան հուլիսի 26-ին: Համերգը բացի մայրաքաղաքի բնակիչներից դիտելու էին եկել նաեւ Ղարաբաղում ծառայող զինվորները: Զինվորներից Նարեկը ցանկություն հայտնեց, որ նման համերգներ հաճախակի կազմակերպվեն. «Այդպես մեր ծառայությունն էլ հեշտ կանցնի»:

Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլը ստեղծվել է 2007 թվին, այն ներկայացնում է հայկական ազգագրական պարերը աբստրակտ-մոնումենտալ ոճով: Անսամբլում ընդգրկված են 80 հոգի` 3-25 տարեկան: Ղարաբաղ եկել էին միայն 21-ը: Շատերի ծնողները, մտածելով` Ղարաբաղում վտանգավոր է, երեխաներին թույլ չէին տվել միանալ անսամբլին: Անահիտ Սարիբեկյանը ` անսամբլի պարուսույցը, պատմեց, որ Ռուսաստանում շատ դժվար է պարի խումբ պահելը: «Հայ ծնողները երեխաներին սկզբում պարտադրելով են բերում պարի, որովհետեւ վերջիններս չեն ուզում պարել: Բայց երբ երեխաները մեծանում են, կապվում պարի հետ, արդեն չեն ուզում հեռանալ մեզնից, բայց այդ ժամանակ էլ ծնողներն են ստիպում թողնել պարը: Ասում են պարը եկամտաբեր չէ, պարի մեջ ապագա չկա», ասաց պարուսույցը:

Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համույթը ստեղծել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը : Սա եղել է առաջին խումբը, որը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է հայկական պարը: Համույթում ընդգրկված են 45 հոգի, նրանցից 23-ը հանդես եկան Ղարաբաղի համերգի ժամանակ: Պարուսույց Ալիսա Հովակիմյանն ասաց, որ իրենք պարում են աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային պարերը, բայց փառատոնին միայն հայկական ժողովրդական պարեր են ներկայացնելու: Գեղ. ղեկավար Մանուկ Օհանյանն էլ տեղեկացրեց, որ Ս. Պետերբուրգի համույթում բացի հայերից կան ռուս պարողներ էլ եւ մի ուզբեկ, որը նույնիսկ հայերեն է խոսում: «Շատ ուրախ եմ, որ փառատոնի միջոցով կարող եմ Հայաստանում եւ Արցախում ներկայացնել այն աշխատանքը, որը կատարել ենք հեռավոր Պետերբուրգում», ասաց Մ. Օհանյանը եւ ավելացրեց, որ Արցախում ամենից շատ հավանել է տեղի հանդիսատեսին:

Այս տարի «Հայ կատարողական արվեստի օրերին» մասնակցելու համար Հայաստան են եկել մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Լիբանանից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլն: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին չէր կարող մասնակցություն չունենալ Արցախը: «Ինձ դուր չի գալիս, որ տարբերություն են դնում հայերի միջեւ` ասելով հայ ու ղարաբաղցի: Մենք մի ազգ ենք», ասաց Երվանդը:

Համերգը տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Արցախի հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց իր հայրենակիցների կատարումները:

«Սփյուռք-Հայաստան-Արցախ կապը պետք է մշտական լինի, որպեսզի Սփյուռքում պարեն, ապրեն ու խոսեն հայավարի», ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Վերջինս բարձր գնահատեց Սփյուռքի պարային խմբերի աշխատանքը, սակայն նշեց. «Սփյուռքում չկան այնպիսի մասնագետներ, որոնք լիարժեք տիրապետեն հայազգի պարերին, բայց կան երիտասարդներ, որոնք գալիս են Հայաստան` սովորելու, ապա Ափյուռքում հայկական պարը ճիշտ ուսուցանելու համար»:

Մինչեւ համերգը Կարեն Գեւորգյանը եւ Սուրեն Գյանջումյանը հանդիպեցին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Նախարարի խոսքով` «Մեկ ազգ, մեկ մշակույթը» կարեւոր է հատկապես ազգապահպանման տեսանկյունից: Արվեստի զարգացումը հիմա Արցախում ոչ նախանձելի վիճակում է: «Խնդիրներ ունենք պարարվեստի հետ կապված, հիմնականում, պրոֆեսիոնալիզմի ու կադրերի առումով: Միայն մեր ուժերով հնարավոր չէ որակ ապահովել: Մենք Հայաստանի մասնագետների օգնության կարիքն ունենք», ասաց Ն. Աղաբալյանը:

Մշակութային կյանքը Ղարաբաղում կենտրոնացված է Ստեփանակերտում, «Մինչդեռ մեր գյուղերն ամրացնելու եւ արտահոսքը կասեցնելու ռազմավարական խնդիր ունենք: Որոշել ենք ուշադրության կենտրոնում պահել շրջանները», հավելեց նախարարը:

Սեպտեմբերին ԼՂՀ-ի Ճարտար եւ Աստղաշեն գյուղերում բացվելու են արվեստի դպրոցներ, որոնք ունենանալու են պարի առանձին բաժիններ:

Փառատոնի մասնակիցները չէին ուզում հեռանալ Արցախից: Հրաշալի բնությունը, մարդկանց ջերմ ընդունելությունը մեծ տպավորություն էին թողել երիտասարդների վրա:

Լինել Արցախում ու չտեսնել «Տատիկ-պապիկ» հուշարձանը, նշանակում է չտեսնել Արցախ աշխարհի խորհրդանիշը: Համերգից հետո երիտասարդները լուսանկարվեցին «Տատիկ-պապիկի» մոտ, որից հետո ավտոբուսը բռնեց դեպի Երեւան ճանապարհը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ստեփանակերտ-Շուշի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4