Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայացած ՖԻԴԵ-իւ նախագահական խորհրդի նիստում որոշվել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը 8 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ անցկացվելու է Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: Մրցաշարի անցկացման ժամկետներն առայժմ որոշված չեն:
Այսպիսով, ՖԻԴԵ-ն ընդառաջեց Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկին, որը 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ էր սահմանել, եւ Բաքվից մրցաշարը տեղափոխեց Կազան: Այս որոշումն առաջին հերթին ուրախալի է հայ շախմատասերների եւ Լեւոն Արոնյանի համար: Բոլորին է հայտնի, որ Լեւոն Արոնյանը հրաժարվել էր Բաքվում խաղալուց եւ այդ մասին հատուկ նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին: Այսպիսով, հայ շախմատիստների առաջատարը հնարավորություն ստացավ պայքարելու շախմատային թագի համար:
Իհարկե, Լեւոն Արոնյանին չափազանց բարդ ու դժվարին պայքար է սպասվում հավակնորդների մրցաշարում: Եթե ուժի մեջ է նախկինում տեղի ունեցած վիճակահանությունը, ապա Լեւոն Արոնյանն առաջին փուլում մրցելու է Իսրայելում բնակվող Բորիս Գելֆանդի հետ: Մրցակիցները դասական շախմատի կանոններով 4 պարտիա կանցկացնեն: Եթե հաղթողը չորոշվի, կանցկացվի լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով, հարկ եղած դեպքում նաեւ կայծակնային մրցաշար:
Արոնյանի մասնակցության հարցը դրականորեն լուծվեց, իսկ ահա բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի մասնակցությունը դեռեւս հարցականի տակ է: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ նա բաց նամակով դիմել էր ՖԻԴԵ-ինՙ հրաժարվելով Կազանում խաղալուց: Սակայն երեկ հատուկ հայտարարություն է տարածել Թոփալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը, որով պարզաբանել է բուլղարացի գրոսմայստերի դիրքորոշումը. «Մեզ սխալ են հասկացել: Թոփալովը չի հրաժարվում Ռուսաստանում խաղալուց: Նա կժամանի Խանտի Մանսիյսկ, որտեղ կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում կգլխավորի Բուլղարիայի հավաքականըՙ խաղալով առաջին խաղատախտակի վրա: Թոփալովը Ռուսաստանում հրաժարվում է ռուս շախմատիստների հետ խաղալ միայն աշխարհի առաջնության շրջանակներում: Իսկ Կազանում Վլադիմիր Կրամնիկի հետ հանդիպման հավանականությունը փոքր է: Դրա համար երկուսն էլ պետք է մտնեն եզրափակիչ»:
Ամեն դեպքում ՖԻԴԵ-ն արդեն Թոփալովին փոխարինող է գտել: Եթե Թոփալովն, այնուամենայնիվ, հրաժարվի մրցաշարից, ապա նրա փոխարեն կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ