Հայաստանում միջուկային ու ճառագայթային անվտանգության վիճակին երեկ անդրադարձավ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը : Նա տեղեկացրեց, որ ուրանի հանքավայրերի շահագործման հետ կապված առայժմ կատարվում են հետազոտական աշխատանքներ: «Շրջակա միջավայրին ու բնակչությանն ուսումնասիրությունների ժամանակ վտանգ չի սպառնում», երեկ «Արմատ» ակումբում տեղեկացրեց Ա. Մարտիրոսյանը: Եթե ուսումնասիրություններից հետո պարզ դառնա, որ կան արդյունաբերական նշանակությամբ բավականաչափ պաշարներ, ապա դրանից հետո պետք է կազմվի ծրագիր, որը կանցնի միջազգային փորձաքննություն: «Երբ ծրագիրն արժանանա միջազգային փորձագետների հավանությանը, դրանից հետո որպես կարգավորող մարմին նոր-նոր կտանք մեր համաձայնությունը, բայց միաժամանակ դնելով պայմաններ ու պահանջներ` կապված աշխատանքների կատարման ու տեխնոլոգիաների կիրառման հետ», ասաց բանախոսը: Նա վստահեցրեց, որ կատարվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ուրանի հանքավայրերի արդյունահանումը լինի անվտանգ:
Ատոմակայանի գործող էներգաբլոկի ճառագայթային անվտանգությունը, ըստ Աշոտ Մարտիրոսյանի, աշխատում է հուսալի եւ անվտանգ: «Մենք աշխատում ենք բազաթիվ երկրների փորձագետների հետ, այսինքն` ատոմակայանի անվտանգությունը նաեւ միջազգային փորձագետների ու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է», տեղեկացրեց բանախոսը:
Հայաստանում, բացի ատոմակայանից եւ ուրանի հանքի պլանավորվող արդյունահանումից, կան ճառագայթման նաեւ այլ աղբյուրներ` ռենտգեն տեղակայանները, որոնց թիվը հասնում է շուրջ 200-ի: Եթե ռենտգեն տեղակայաններն արդեն հին են ու մաշված, ապա դառնում են վտանգավոր ե՛ւ ռադիոլոգների, ե՛ւ ռենտգենոլոգների, ե՛ւ հիվանդների համար: Դժբախտաբար, ռենտգեն տեղակայանների մեջ կան այնպիսիները, որոնք արդեն մաշված են:
Ի. Պ.