Եթե հրավեր լինի
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային կենտրոն Սակրամենտո քաղաքում ապրում է Ռաֆայել Դավթյան անունով մի հայ երիտասարդ, որը 22 տարեկանում դարձել է քաղաքագիտության դոկտոր: Նա նաեւ Նյու Յորքի «Բուֆալո» նահանգային համալսարանի պրոֆեսոր է: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում, որին ներկա էին Ռաֆայելի հարազատներից, այս տեղեկությունը եւ երիտասարդ դոկտորի մասին տվյալներ ներկայացրեց Գյումրու «Կայունություն եւ առաջընթաց» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը :
Ռաֆայել Արսենի Դավթյանը ծնվել է 1988 թվականին Լենինական (այժմ Գյումրի) քաղաքում: Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, իսկ 5 տարի հետո` ԱՄՆ: Դպրոցում սովորելիս բացառիկ ընդունակությունների շնորհիվ դասարանները թռիչքային փոխադրվելովՙ 13 տարեկանում ավարտել է ավագ դպրոցը, որից հետո 40 քոլեջներ նրան հրավիրել են սովորելու: 13 տարեկանում արժանացել է Սոլթ Լեյք Սիթիի քոլեջի գիտական ընկերության կրտսեր անդամի աստիճանի:
2003 թ. մայիսին 15 տարեկանում ավարտել է Յուտա պետական համալսարանի քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության բակալավրիատը` ճանաչվելով լավագույն ուսանող, իսկ նույն համալսարանի քաղաքական գիտությունների մագիստրատուրան ավարտել եւ մագիստրոսի կոչում է ստացել 2004-ին` նախատեսված երեք տարվա փոխարեն 1 տարում: 2006-ին ստացել է գիտությունների մագիստրոսի իր երկրորդ կոչումը, այս անգամ` համեմատական քաղաքականության գծով:
Ռաֆայելը 16 տարեկանում ընդունվել է Բուֆալո համալսարանի դոկտորանտուրան, իսկ այս տարի գիտական թեզի պաշտպանությունից հետո նրան շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում:
Ի դեպ, Ռաֆայելի անունը կարող էր նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում լինել` որպես աշխարհի ամենաերիտասարդ քաղաքագիտության դոկտորի, եթե ակադեմիան ինչ-ինչ տեխնիկական պատճառներով անտեղի չհետաձգեր գիտաթեզի պաշտպանությունը, որին երիտասարդ դոկտորանտը պատրաստ է եղել դեռ 2008 թվականին:
Մեր տաղանդավոր հայրենակցի մասին տարբեր տարիներ հիացական հրապարակումներ են եղել ամերիկյան մամուլում: Նա ուսումնառության տարիներին շահել է գերազանցության եւ ակադեմիական նվաճումների 25 տարբեր մրցանակներ, կատարել կարեւոր հետազոտական աշխատանքներ, մասնակցել քաղաքագետների միջազգային գիտաժողովների: Հրավիրվել ու դասավանդել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կանադայի համալսարաններում:
Քաղաքագիտության երիտասարդ դոկտորը իր պաշտպանած գիտական թեզի հիման վրա պատրաստել եւ արդեն տպագրության է հանձնել առաջին գիրքը` նվիրված ազգային եւ էթնիկական հակամարտությունների խնդիրներին...Նա ցանկանում է եւ պատրաստ է դասավանդել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել ՀՀ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության բնագավառների գործերին: Եթե հրավեր ստանա...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի