«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2010-07-28 | #141, 2010-07-29 | #142, 2010-07-30


ԻՆՉ Է ՊԵՏՔ ՀԱՅԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մսոսկրային ալյուրն էլ Հայաստան հասավ: Տեսնես տարածաշրջանում դարձյա՞լ առաջինն ենք

Գլխանց ասեմ` հիասթափվելու տրամադրություն դեռ չեմ ցուցադրել, թեեւ ծանոթ-բարեկամներիս 10-ից առնվազն 7-8-ը հիասթափվածներ են: Հիասթափություն կոչվածը երբեմն-երբեմն իրեն զգալ տալիս է, սակայն ինչպես գալիս, այնպես էլ գնում է, հետք չի թողնում: Թեեւ առիթ ու պատճառ` հիմնավորվելու համար, ինչքան ուզես:

Հենց թեկուզ մեր ղեկավարների գործունեությունը: Հանրապետությունում հեռարձակվող բոլոր հեռուստաալիքները, որոնց ընդդիմադիր չես որակի, հրատարակվող բոլոր թերթերը Աստծո յուրաքանչյուր օր նշում են Հայաստան երկրի մոտ 1000 գյուղական համայնքների անմխիթար վիճակի, դրանցում գտնվող 340 հզ. գյուղացիական տնտեսությունների ու մոտ 1,3 մլն բնակչությանՙ հողին հանձնված լինելու տխուր իրողության մասին, իսկ ղեկավար այրերը օվսաննաներ են հնչեցնում հայկական օղիների ու գինիների, կաթնա-մսամթերքների արտահանման մասին: Թե ո՞ր գյուղացիական համայնքն է իր մասնակցությունը բերել այս գործընթացին, խաղող ու կաթ վաճառելով մասամբ իսկ նպաստել իր տնտեսության աճին, մնում է անհայտ: Փոխարենը բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ այսինչ-այսինչ մարզերում ավելացել է հողի հարկի գանձման ցուցանիշը, այնինչ ու այնինչ մարզերում` ջրի վարձի գանձումը: Ոչ մի խոսք վերջինիս հերթական բարձրացման կամ հարկահավաքությունը պետբյուջեից տրվող սուբսիդավորման գումարներից բռնագրավելու մասին: Չէ, այստեղ հիասթափվելու տեղ չկա, ի վերջո մարդիկ պետական գանձարան գումարներ են բերել:

Կամ. օրերս պարզվեց, որ ղեկավար այրերի ինչ-ինչ աշխատանքների արդյունքում հանրապետությունից պանիր է արտահանվելու: Պետք է որ «հիանալի է» գնահատական հնչեցնել, քանզի, ըստ մասնագիտական հաշվարկների, կաթից ստացվող այս սննդատեսակի տարեկան արտադրությունը մեզանում հասնում է 50000 տոննայի: Պանրի ամբողջ այս քանակը, հարկ է ենթադրել, արտադրվել է ալպիական դասակարգվող մեր արոտավայրերում պահվող կովերի կաթից, որի 8 լիտրից 1 կգ միջին յուղայնության պանիր է ստացվում: Խնդրեմ` 400 հզ. տոննա կաթի օգտագործում պանրարտադրությունում: Մի 200 հզ. տոննա էլ սեփական կարիքների նպատակով օգտագործում ու քաղաքներ վաճառքի են հանում անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները: Ստացվեց մոտ 600 հզ. տոննա կաթ, որպիսի թիվ ՀՀ սոցիալ-տնտեսական տարեկան հաշվետվություններում հրապարակում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այս պարագայում ամենայն բարյացակամությամբ հարցնենք. պարոնայք, իսկ ինչի՞ց է արտադրվում ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող կաթնամթերքը, ինչո՞ւ այն արտադրելու հնարավորություն չի տրվում հայ գյուղացուն, ով իր պարզ ու մատչելի անելիքը թողածՙ հեռավոր երկրներ է մեկնում ռուբլի ու դոլար աշխատելու: Այս ընթացքում այդ համայնքներ երբեւէ չայցելած սփյուռքահայ բարերարներն ու գաղթօջախները գումարներ են հավաքում ու ՀՀ գյուղերում բուժկետեր ու դպրոցներ, ճանապարհներ ու ակումբներ վերանորոգում ու կառուցում, որպիսի առիթներով միջոցառումներին մեր ղեկավար այրերը իրենց շնորհակալանքի խոսքերով են մասնակցում: Ինչպե՞ս հիասթափվես, երբ կարմիր ժապավենը կտրվում է աղուհացի մատուցմամբ, կարմիր գինու հյուրասիրմամբ:

Ի դեպ, գինու մասին: Ժամանակակից հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս համաշխարհային մասնագետ գինեգործների օգնությամբ ծանոթանալու այս խմիչքատեսակի արտադրության նրբություններին: Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում, Օվկիանիայում ու ԱՄՆ-ում գինեգործությամբ զբաղվում են հիմնականում սեփական խաղողի այգիներ ունեցող տոհմիկ ընտանիքները, ովքեր կարողանում են կոնկրետ նշել գինեգործ ապուպապերի, նրանց գործը շարունակած ժառանգների ու ներկա սերնդի մասին: Նման հաղորդումներում զգալի տեղ է հատկացվում խաղողի աճեցմանն ու հավաքմանը, տեղափոխելուն ու մշակելուն, տակառների բլուրներից բաղկացած մառանների սանիտարիայի ու ջերմային ռեժիմի պահպանման խնդիրներին, որոնցից է թերեւս ստեղծվում որակյալ գինին: Մերոնք ողջ այս գործընթացը վերածել են փչան որսորդի` «լոր խփելն ինչ է որ, տուրՙ գցի տոպրակը» գնահատականի: Չգիտես որտեղից հայտնվում է համապատասխան քանակի գինու հումքը, տակառագործության իսպառ բացակայության պարագայում հայկական գինին դարերի պատմություն ունեցող գինիների լուրջ մրցակից է հռչակվում, ազգային արժեք, չմոռանալով ամոթանքի խոսքեր ուղղել մեզանից նրանց, ովքեր չեն միանա այս ինքնագովքին: Մեր հայրենակիցներն այս գործընթացում չեն հիասթափվում անգամ իտալացի ու ֆրանսիացի ինչ-որ մասնագետի խոսքի ունկնդրումից հետո էլ, քանզի համոզված են, որ մեր նորօրյա գինեգործների համար անհնարին ոչինչ չկա. հարկ լինի, իրենց արտադրանքի գովազդը Վատիկանի կարդինալներին էլ անել կտան:

Իսկ հիմա ողջ հայությանը իրականում հիասթափեցնելու մի իրողության մասին: Խնդիրը վերաբերում է Հայաստանին անհրաժեշտ հացարտադրության նպատակով ցորենի մշակմանը: Գյուղատնտեսության պատասխանատուներն այն տեսակետն են հրամցնում, որ 3 մլն բնակչությանն անհրաժեշտ է 700 հզ. տոննայից մինչեւ 1 մլն տոննա հացահատիկ, երբ երկիրն առավելագույնը հավաքում է 400 հզ. տոննա: Որեւէ հացթուխ կփաստի, որ 1 կգ հաց ստանում է 700 գրամ ալյուրից: Ինչքան էլ հայաստանցիներս մեզ հացակեր համարենք, երկար տարիների հացարտադրության ցուցանիշը փաստում է, որ 1 բնակչի հաշվով այս սննդատեսակի տարեկան սպառումը չի անցնում 120 կգ-ը: Ստացվում է 360 հզ. տոննա հաց, թեեւ ՀՀ ԱՎԾ-ն վերջին տարիների հաշվետվություններում նշում է 300 հզ. տոննա, որի արտադրության համար ծախսվում է մոտ 220 հզ. տոննա ալյուր: Ուր մնաց 700 հազարից 1 մլն տոննան, մեր երկրի անկարողություն-անլիարժեքությամբ հայությանը հիասթափեցնող պարոնայք գյուղպատասխանատուներ: Հարցի պատասխանը այլ հարթությունում փնտրեք. ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային թվեր. 2010 թ» տեղեկատուի, երկրներ կան, ասենքՙ Պորտուգալիան կամ Բրազիլիան, ուր 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը 20-25 կգ է, սակայն նրանց չենք հանդիպում ոչ խոշոր ներմուծողների, ոչ էլ պարենային ապահովության առումով լուրջ անհանգստացողների ցանկում: 150 կգ ցորենի արտադրություն ունի գերհզոր ԱՄՆ-ը, որպիսի մոտավոր ցուցանիշ ՀՀ-ում արձանագրվում է բարենպաստ գյուղտարիներին: Պարզապես այսօրինակ երկրների բնակչության սննդի սպառման մեջ զգալի են կենդանական ծագման սննդատեսակների արտադրությունն ու օգտագործումը, որը ՀՀ-ում գրեթե ձախողված է: Երկիրը հասցվել է այն վիճակին, որ չգիտես որտեղից ու ինչ նպատակով մսոսկրային ալյուր է ներկրվում: Ուրիշ ինչ կերպ գնահատել իրողությունը, երբ ընդամենը 3-4 տարի առաջ հացահատիկային մշակաբույսերի տակ օգտագործվող մինչեւ 220 հզ. հա վարելահողերը այս տարի իջեցվել են 90 հզ. հա-ի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. - Մարդու մի տեսակ կա, որ անուղղելի լավատես է համարվում: Գրելով այս ամենըՙ տողերիս հեղինակին դժվար է հիմնավորապես նրանց շարքին դասել: Տեսնես ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի գրվածը տպագրելու պատասխանատվություն ունեցող խմբագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4