Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Կատարողական արվեստի օրեր» փառատոնի փակման հանդիսությունն ու համերգ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր բարեմաղթանքները հղեց 20 երկրներից ժամանած պատվիրակներին ու նշեց, որ նրանց մայր հայրենիքում պատրաստ են ընդունել որեւէ ժամանակ: Այնուհետեւ իրար հաջորդելով ելույթներ ունեցան սփյուռքից ժամանած խմբերն ու անհատ կատարողները:
Չնայած որ փառատոնի հանդիսավոր փակումը կայացավ, սակայն նույն փառատոնի շրջանակներում օգոստոսի 2-ին Երեւանում կկայանա հայ պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանի հիմնադրած Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Արաքս-Սասուն» պարային համույթի համերգը, իսկ օգոստոսի 4-ինՙ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 5-ը Երեւանում կանցկացվի արտերկրից ժամանած պարուսույցների համար վարպետության դասընթացներ: Սեպտեմբերի 6-7-ը կկայանա «Կերպարվեստի օրեր» ծրագիրը, եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կփակվի հոկտեմբերին, Արցախում գումարվելիք լրագրողների համահայկական համաժողովով:
Մ. Մ.