Օգոստոսին կայանալիք մարզական խոշոր իրադարձություններից մեկը Սինգապուրում անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերն են: Օգոստոսի 14-26-ն անցկացվելիք պատանեկան սպորտի այդ խոշորագույն ստուգատեսին լրջորեն են նախապատրաստվում նաեւ Հայաստանի պատանի մարզիկները:
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության պատասխանատու Նաթելա Հովասափյանից , արդեն վերջնականապես հայտնի է Սինգապուր մեկնող հայ մարզիկների կազմը: Մրցումներին կմասնակցեն 14 մարզիկներ, որոնք հանդես կգան 11 մարզաձեւում: Նրանց մի մասը մասնակցության իրավունք է ստացել վարկանիշային մրցումներում համապատասխան միավորներ վաստակելու եւ ուղեգիր նվաճելու շնորհիվ, մյուսներին ուղեգրեր է շնորհել ՄՕԿ-ը:
Հայաստանի մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Բացի մարզիկներից, պատվիրակության կազմում կլինեն նաեւ մարզիչներ ու ՀԱՕԿ-ի այլ պաշտոնյաներ: Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի օգոստոսի 10-ի լուսադեմին եւ Երեւան կվերադառնա օգոստոսի 29-ին: Խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 14-ին:
Սինգապուրում Հայաստանը ներկայացնող մարզիկներից սպասելիքները հատկապես մեծ են ծանրորդներից, բռնցքամարտիկներից եւ ըմբիշներից: Իհարկե, բացառված չէ, որ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն էլ հայ մարզասերներին հաճելի անակնկալ մատուցեն:
Եվ այսպես, ծանրամարտի մրցումներում Հայաստանն ունի առավելագույնը թույլատրվող 2 ծանրորդ: Մինչեւ 56 կգ քաշային կարգում բոլորս սպասում ենք մեր շնորհալի ծանրորդ Սմբատ Մարգարյանի հերթական հաղթական ելույթին: Սմբատն ապրիլին Մինսկում մասնակցելով ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, շատ մոտ էր չեմպիոնի տիտղոսին: Նա երկամարտում ցույց տվեց 255 կգ (109+146) արդյունք եւ դարձավ 2-րդ մրցանակակիր: Հայ պատանին ընդամենը 1 կգ զիջեց բելառուսցի Վիտալի Դերբենյովին: Իսկ մայիսին Վալենսիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սմբատը մրցակցությունից դուրս էր եւ չեմպիոն հռչակվեց երկամարտի 240 կգ (105+135) արդյունքով:
Վալենսիայում հաջող ելույթ ունեցավ նաեւ Սինգապուրի օլիմպիադայի Հայաստանի 2-րդ պատվիրակըՙ գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Նա երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով արժանացավ արծաթե մեդալիՙ 5 կգ-ով զիջելով չեմպիոն հռչակված վրացի ծանրորդ Լաշա Թալախաձեին:
Սինգապուրում հանդես կգան նաեւ հետեւյալ մարզիկները. հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10 մետր, օդամղիչ ատրճանակ), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը, մարմնամարզիկ Վահան Վարդանյանը, ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ), բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85 կգ), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ), թեթեւատլետ Դիանա Խուբեսերյանը (100 մետր վազք), ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը (3 մետր ոստնակացատկ), թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ, սլալոմ), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող 50 եւ 100 մետր) եւ Սերգեյ Պեւնեւը (ազատ լողաոճ 50 եւ 100 մետր):