Երեկ «Ազգը» , հիմնվելով ռուսական «Վեդոմոստի» թերթի տեղեկության վրա, գրեց, որ Ռուսաստանը Իրանին խոստացած C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնը վաճառում է Ադրբեջանին: Ռուսական թերթը նշել էր, որ ռուս-ադրբեջանական համապատասխան պայմանագիրն արդեն իրականացվում է, եւ «նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում»: Լրատվության աղբյուրն ընդգծել էր, որ «կողմերը պաշտոնապես չեն հաստատել գործարքի կայացումը», Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Քասիմովը նույնիսկ նշել էր, որ ինքը տեղյակ չէ` կա՞ արդյոք նման պայմանագիր: Ինչպես պարզ է դառնում «Ռոսօբորոնէքսպորտ»-ի խոսնակի երեկ արած հայտարարությունիցՙ «նման պայմանագիր» հաստատապես գոյություն չունի: Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը . «Համաձայն մեր պարտավորությունների` մենք տեղեկություններ ենք տրամադրում ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններինՙ զենքի վաճառքի վերաբերյալ, եւ եթե նման իրադարձություն եղած լիներ, մենք նրանց կտեղեկացնեինք», ANS հեռուստաընկերության եթերից հայտարարել է Դորոխինը: Մինչդեռ Ադրբեջանում որոշ փորձագետ-վերլուծաբաններ շարունակում են հիշյալ տեղեկության քննարկումները` դիտելով որպես արդեն իսկ տեղի ունեցած փաստ: Այսպես. «Արդի Իրանի ուսումնասիրության» ադրբեջանական կենտրոնի տնօրեն Ռաջափ Սաֆարովը նշել է. «Այս գործարքը Ադրբեջանի ներքին գործն է, եւ ես չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացրել են հայկական լրատվամիջոցները փաստի առնչությամբ»: Ադրբեջանի «թիվ մեկ» իրանագետի եւ նրա համախոհների համար նշենք. Բաքվի ռազմական միջազգային պայմանագրերը, իրոք «Ադրբեջանի ներքին գործն են», սակայն, երբ նույն Բաքուն իր ռազմական դոկտրինում Հայաստանն անվանում է թշնամի, երբ Բաքվի «շքեղ առանձնասենյակների բոլոր տերերը» անդադար խոսում են Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին, ապա նմանատիպ լուրերը ոչ միայն վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգությանը, այլեւ վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը:
Վերջում հավելենք, որ եթե Ռուսաստանից Ադրբեջանի զինամթերք գնելու լուրերը չեն հաստատվում, ապա ՄԱԿ-ի` սովորական սպառազինությունների ռեգիստրում պաշտոնական տեղեկություն կա, որ նախորդ տարի Բաքվին զենք է վաճառել Բելառուսը` «Սու-25» գրոհային ինքնաթիռ, 3 ինքնագնաց «Պիոն», իսկ 2006-ին Մինսկից Բաքու են «ուղեւորվել» Տ-72 տեսակի 41 տանկ, 2005-ին` Տ-7 տեսակի 19 տանկ: Հիշեցնենք` Բելառուսը, ինչպես նաեւ Ռուսաստանըՙ Հայաստանի գործընկերներն են ՀԱՊԿ շրջանակներում, մինչդեռ Ադրբեջանը վերջինիս անդամ չէ:
Հ. ԱՖՅԱՆ