ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Երբ մեծերի ներկայությամբ երկու երեխա կռվում են, մեծերը նախ թույլ են տալիս իրար հրմշտել, բայց երբ բանը հասնում է ծեծկռտուքին` իրարից բաժանում են:
Հետաքրքրականը թերեւս հաջորդիվն է. ծեծ կերած երեխան սկսում է մեծերի թիկունքից սպառնալիքներ տեղալ, մինչդեռ հաղթողը արժանապատիվ կեցվածքով լռում է: Լռում է առժամանակ ու հետո պահից օգտվելով` հավելյալ մի քացիով սաստում է պարտվածին: Դրանից հետո միայն երկուսին մեծավարի հաշտեցնում են:
Մանկական այս խաղ-կռիվը որոշ առումներով հիշեցնում է ադրբեջանական ոտնձգությունները շփման գոտում, հատկապես վերջին ժամանակներս, եւ գուցե արդեն եկել է «սաստող ոտնահարվածի» ժամանակը:
Ի՜նչ արժեն ադրբեջանական սպառնալիքները հենց Ադրբեջանի ժողովրդի համար: Բռնապետական այդ երկրում արգելում են սեփական իշխանությունների անձեռնհասության մասին հրապարակավ արտահայտվել, եւ այն, ինչ մատուցում է ադրբեջանական մամուլը, ընդամենը պալատական մամլիչի տակից դուրս եկած քարոզչական պրոդուկտ է: Մինչդեռ Ադրբեջանում էլ երեւի կա գիտակից մի զանգված, որն ավելի պրագմատիկ վերաբերմունք ունի իրականության հանդեպ: Եվ դա առավելապես այն զանգվածն է, որն ուղղակի առնչություն է ունեցել անցյալ պատերազմին ու շոշափելիորեն զգացել ղարաբաղցու բազկի ուժը: Այդպիսիք հազիվ թե ցանկանում են նոր հարվածներ ընդունել սեփական մարմնին, քանզի եթե կրկին պատերազմ ծագի, հենց իրենք են լինելու դրա դառը պտուղները քաղողը: Բայց դա, իհարկե, ադրբեջանցիների խնդիրն է:
Ադրբեջանի մշտական սպառնալիքներից ձանձրացած Ղարաբաղը եւս կարող է անցնել սպառնալիքների լեզվին: Ունենք հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքներ` ի դեմս Շահումյանի, Գետաշենի ու բռնազավթված մյուս բնակավայրերի, որոնց վերադարձման խնդիրը Ղարաբաղի համար նույնպես գերակա շահ է:
Ղարաբաղա-ադրբեջանական առճակատման ներկա վիճակը, երբ ամեն օր փոխհրաձգություններ են լինում սահմանի ամբողջ երկայնքով, այլ կերպ չես բնորոշի, քան` պատերազմական: Եվ եթե պատերազմը շարունակվում է` բանակցային ի՜նչ արդյունավետության մասին կարող է խոսք լինել: Նախ հարկավոր է հաստատել իրական հրադադար: Ռազմագործողությունները դադարեցնելու վերաբերյալ գրավոր պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռեւս 1994-ին, սակայն անցած ավելի քան 16 տարում դիմակայության գոտում երկու կողմից բազմաթիվ զինվորներ են զոհվել, անթիվ փամփուշտ է առթիրախ կրակվել: Փաստն այն է, որ Ադրբեջանն ինքն էր զինադադար խնդրել, որը ղարաբաղյան կողմը ստորագրել էր, բայց այդ համաձայնագիրը, պարզվում է, հարեւան երկրի ընկալմամբ վերաբերում է սոսկ լայնածավալ գործողությունների դադարեցմանը:
Ռազմական տերմինաբանության մեջ դժվար է համարժեք բառ գտնել, երբ կարծես թե հրադադար է, բայց պատերազմական գործողությունները փաստացի շարունակվում են: Այս պայմաններում տարվող բանակցությունները, բնականաբար, ցանկալի արդյունք չեն տա:
Նկատենք, անցած պատերազմում Ադրբեջանին հաղթել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այսօր հաղթանակած ԼՂՀ-ն նույնիսկ ներառված չէ կարգավորման բանակցություններում, մինչդեռ ադրբեջանական սպառնալիքներն ուղղված են հենց նրան: Արդյո՞ք Ղարաբաղը բարոյական իրավունք ունի նույն լեզվով հակադարձելու Ադրբեջանին: Անկասկա՛ծ, քանզի դա բխում է Արցախի անվտանգության տրամաբանությունից: Հարեւան երկրի մարտավարությունը միտված է այն տպավորությունը ստեղծելուն, թե իբր ԼՂՀ-ն համակերպվել է Շահումյանի ու մյուս բնակավայրերի կորստին, եւ չկա այլ տարածքների վերադարձման խնդիր: Բայց դա այդպես չէ, Արցախի Հանրապետությունը պետք է հետեւողականորեն պնդի իր օկուպացված տարածքները ցանկացած գնով հետ բերելու պահանջը:
Ղարաբաղյան կարգավորման միջնորդները մատնանշում են գործընթացի տեւական լինելը: Այսինքն` ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ լսել ադրբեջանական հոխորտանքները: Նույն միջնորդները շեշտում են` խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Դա իսկապես ողջախոհության կոչ է, բայց որպեսզի բանակցային գործընթացն առավել ուշագրավ դառնա, գուցե Ղարաբաղն էլ անցնի ռազմատենչ հռետորաբանությանը: Դա էլ յուրօրինակ ոճ ու մարտավարություն է, թեկուզ ադրբեջանական ծագմամբ: