ՀՀՇ վերջին համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաշարադրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն...» հոդվածի սեղմագիրը: Նույնն էր նաեւ ոճը` մի քիչ հռետորական, մի քիչ հեգնական, բայց ընդհանրապես` «պատգամախոսական»:
Տեր-Պետրոսյանը մասնագիտությամբ բանասեր-պատմաբան է: Այս հանգամանքը, թվում է, որոշակիորեն կաշկանդել եւ ներկայումս նույնպես կաշկանդում է նրան` որպես քաղաքական գործչի: Պատմության գիտական ուսումնասիրությունը, պատմական իրադարձությունների յուրովի վերլուծությունն ու մեկնաբանությունը այլ բան են, իրականությունը` այլ:
Հարյուրամյակների հեռվից նա կարող է դրվատել կամ քննադատել Կիլիկիայի այս կամ այն հայ իշխանին, թագավորին, բայց անհամեմատ դժվար է պատասխանել, թե ի՞նչ կարելի էր անել, որպեսզի այդպես չլիներ:
Նրա վերջին երկհատոր մենագրությունը կարծես թե գրվել է մի նպատակով` ապացուցել, որ Կիլիկիայում հայ թագավորությունն օբյեկտիվորեն պիտի կործանվեր:
Ժամանակին, լինելով անկախ Հայաստանի նախագահ, Տեր-Պետրոսյանը խորհուրդ էր տալիս Խորենացի կարդալ: Բայց ժողովուրդը բանասեր չէ: Բայց բոլոր բանասերները, չէ՞ որ, միայն Խորենացի չեն կարդում: Կա Եղիշե: Կան Աբովյան, Րաֆֆի, Պատկանյան: Ուրիշներ, որ, այսպես ասած, բոլորովին էլ «խորենացիական» չեն եղել ու չեն:
Բայց չէ՞ որ Չարենցը միայն «Երկիր Նաիրի»-ի հեղինակը չէ: Մի խոսքով, ի՞նչ կապ ունի իրական քաղաքականությունը պատմաբանասիրական կամ գրականագիտական կամ այլ գիտական հայեցակարգի հետ: Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, կարծես սեփական պատմագիտական հայացքների վրա էր փորձում «ձեւել» նորանկախ Հայաստանի ե՛ւ պետական համակարգը, ե՛ւ ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Կիլիկիայում գահաժառանգության եւ կիլիկյան կառավարիչների ու թագավորների «լեգիտիմության» շուրջը նրա մտորումներն ու մեկնաբանություն- եզրահանգումներն այլ ենթադրության տեղ չեն թողնում:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մնար Մատենադարանի գիտաշխատող, ապա հասարակության գիտությամբ հետաքրքրվող հատվածը պարզապես կարձանագրեր, որ Հայաստանում կա Լեւոն Տեր-Պետրոսյան գիտնական, որը յուրովի է մեկնաբանում հայ ժողովրդի քաղաքական պատմությունը: Բայց նա շուրջ մեկ տասնամյակ գլխավորել է Հայաստանը, այսօր ընդդիմության առաջնորդներից թիվ մեկի համարում ունի ոչ միայն երկում, այլեւ միջազգային ընկալումներում, ուստի նրա ամեն մի խոսք միայն եւ միայն քաղաքական է հնչում:
Այնպես է պատկերվում, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության գլխավոր շարժառիթը սեփական հայացքներն ու ընկալումներն ունիվերսալացնելու, համահայկական դարձնելու մղումն է եղել: Թերեւս այդ է պատճառը, որ նրա հիմնադրած քաղաքական ուժն էլ ունի Հայոց համազգային շարժում հավակնոտ անվանումը: Այսինքն` «մենք ենք, որ ներկայացնում ենք ամբողջ հայ ժողովրդին», որ նույնն է, թե` «ժողովուրդը պիտի մտածի այնպես, ինչպես` մենք»:
Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը թույլ է տալիս ենթադրել, որ անցած տարիներին նա չի փոխել ո՛չ քաղաքական հայացքները, ո՛չ ակադեմիական- վերամբարձ-«մարգարեական» ոճը, ինչի շուրջն էլ, ըստ ամենայնի, նրա մերձավոր շրջապատում հյուսվել է «առաջին նախագահի անսխալականության կանխավարկածը»:
Իհարկե, քանի դեռ ոչինչ ավարտված-արձանագրված չէ, կարելի է ասել, ինչն էլ անում են առաջին նախագահի համախոհները, որ «միեւնույնն է, լինելու է այնպես, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանխագուշակում»: Բայց նույն տրամաբանությամբ էլ ճիշտ են ընդդիմախոսները, երբ պնդում են, որ ինչպես 1997թ., այնպես էլ այսօր, նա սխալվում է:
Կատարյալ անհամեստություն է, երբ առաջին նախագահի շրջապատից ակնարկում են, թե «հայությունն այնքան չի հասունացել, որ հասկանա Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Եթե նույնիսկ նա հայության «չհասկացված հանճարն է», միեւնույնն է, քաղաքականության մեջ միշտ ճիշտ է մեծամասնությունը:
Այդ դեպքում թող նա մնա իր «մարգարեական առանձնության» մեջ եւ հեղինակի նոր պատմաքաղաքագիտական ուսումնասիրություններ, որովհետեւ հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը մերժում է Հայաստանի ապագայի տերպետրոսյանական հայեցակարգը: Եվ դա անառարկելի իրողություն է:
Իսկ գործնական քաղաքականությամբ թող զբաղվեն մարդիկ, ովքեր կարողանում են առաջնորդվել «երբե՛ք մի՛ ասա երբեք» սկզբունքով: Դա, անկասկած, ավելի պրագմատիկ է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ