Նախարարությունը հերքում է, գյուղացիներըՙ ապացուցում
Ավելուկ, հովտաշուշան, սխտոր, մանուշակ, բադի տեսակներ, իշխան, կողակ ու էլի մի քանի տասնյակ բույսեր ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ կվերանան, եթե Գայլաձորի վտակի հունը փոխվի: Շրջակայքի հրաշալի կանաչապատ տարածքն էլ 1-2 տարի հետո կվերածվի անապատի: Արդեն մի քանի ամիս Գայլաձոր վտակի վրա ընթանում են շինարարական աշխատանքներ: Նպատակն է գետի հունը տեղափոխել Վայոց ձոր, որտեղ պետք է կառուցվի հէկ: Այժմ Գեղարքունքի մարզում շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ Վայոց ձորի մարզում շարունակվում են: Եթե հէկ-ը կառուցվի, Մարտունու շրջանի 5 համայնքի 30.000 բնակիչներ կմնան առանց ջուր:
Այժմ նրանք վախով սպասում են բնապահպանության նախարարության պատասխանին, որը ուշանում է, իսկ մինչ այդ հնչած հայտարարություններն էլ եղել են «ցրողական» մակարդակի վրա ու ոչինչ չասող: Բնակիչները չեն հավատում, որ Գայլաձորի հունը փոխում են, որպեսզի Վայոց ձորի մարզերի բնակիչներին ապահովեն ջրով: Նախարարությունից ասում են, որ դեռեւս խորհրդային տարիներին Գայլաձոր վտակից ջուր են տարել Վայոց ձոր. հիմա շինարարական աշխատանքներ են ընթանում, որպեսզի փտած խողովակները փոխեն: Գյուղացիներն էլ պատմում են, որ նման բան երբեւէ չի եղել: Իրենք չեն տեսել, չեն հիշում, որ երբեւէ վտակից ջուր տանեն Վայոց ձոր: Ավելին, իրենց միշտ զգուշացրել են, որ ջրային ռեսուրսները քիչ են, ջուր խնայողաբար օգտագործեք:
Օրինակ, 2004-ին Մադինա շրջանի բնակիչները ցանկանում էին ջրագիծ կառուցել` գյուղի շուրջ 220 հեկտար տնամերձ հողամասերը ոռոգելու համար, սակայն նախարարությունից մերժում են ստացել. Պատճառաբանությունը` ջրային ռեսուրսները բավարար չեն, եթե ջրագիծ կառուցեն, ապա Սեւան թափվող ջուրը քիչ կլինի: «Այդ ինչպես պատահեց, որ 2004-ին ջրային ռեսուրսները բավարար չէին, հիմա դարձան բավարար, ավելին կարելի է այդ ջրի հունը փոխել», ասում է Մադինայի բնակչուհի Պայծառ Աղաբաբյանը :
«Նախարարությունից հերքում են, որ հէկ է կառուցվում, սակայն գործընթացների տրամաբանությունն այդ ուղղությամբ է շարժվում: 530 մմ խողովակ են կառուցել, որով պետք է ջուրը տեղափոխեն: Դրանք ցինկե նորագույն տեխնոլոգիաներով զինված խողովակներ են: Այդ մասշտաբային շինարարության հիմքում ոչ թե ջրագծի կառուցումն է, այլ գետի հունի փոխումը», ասում է «Sos Արգիճ» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը :
Շուրջ երկու շաբաթ առաջ Մարտունու 5 շրջանի բնակիչներ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին` պահանջելով դադարեցնել գետի վրա հէկ-ի կառուցման աշխատանքները: Մոտ 4 ժամ տեւած բողոքի ակցիային արձագանքել էր միայն մարզպետը` պահանջելով 10 օր` խնդրին ծանոթանալու համար: 11-րդ օրն է լրանում, սակայն գյուղացիները փաստում են, որ մարզպետից նորություն չկա:
Միակ նորությունն այն է, որ բնապահպանության նախարար Արմեն Հարությունյանի հրամանով ստեղծվել է պետական հանձնաժողով, որն էլ պետք է քննարկի հարցը: Սակայն այստեղ էլ գյուղացիներին արհամարհել են: 5 համայնքի բնակիչներից որեւէ մեկը հանձնաժողովի կազմում ընդգրկված չէ: Ցուցակում չեն ներառել նաեւ հասարակական բնապահպանական կազմակերպություններին:
Համայնքի բնակիչները համոզված են, որ Գայլաձորի հունի փոխումը Վայոց ձորի ոռոգման խնդիրները չի լուծելու: Դա ընդամենը պատրվակ է: Այդ կապակցությամբ բազմաթիվ լուրեր են շրջանառավում, սակայն առավել հաճախ հնչում է, որ բացի հէկ-ի կառուցումից, գետի ջուրը ցանկանում են շշալցնել եւ վաճառել:
Այժմ 5 համայնքի ավելի քան 1764 հեկտար չի ոռոգվում: «Բայց այդ հողը ջուր է ուզում, մշակվել է ուզում: Ինչու պետք է ես իմ հողը չկարողանամ մշակել, իմ ջուրը ինձ չտան ու տանեն Վայոց ձոր, այնտեղ շշալցնեն կամ հէկ կառուցեն», ասում է Պայծառ Աղաբաբյանը:
ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն էլ անդրադառնում է Սեւանի խնդրին` հավելելով, որ Գայլաձորի հունի փոխումը բազմաթիվ խնդիրների սկիզբն է: «Գայլաձորի վտակի ջուրը շատ մաքուր է եւ քաղցրահամ: Բացի այդ այն ամենառատ գետն է, որ թափվում է Սեւան, եւ նրա շնորհիվ է լճի մակարդակը 16 սմ-ով բարձրացել: Մաքուր ջուրը Սեւանին անհրաժեշտ է «ջրի պես», որովհետեւ լիճը կանգնած է ճահճացման վտանգի առաջ»:
Թեպետ բնակիչները փաստում են, որ մինչեւ վերջ պայքարելու են իրենց հող ու ջրի համար, սակայն իշխանություններից ակնկալիքներ չունեն:
«Մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի կապակցությամբ ոչինչ չասաց: Փաստորեն հարցը լուրջ է, որ 30-40.000 բնակիչներին հուզող հարցերը բանի տեղ չեն դնում: Բանավոր ասում են, որ կառույցն անօրինական է, բայց դա փաստաթղթով չեն ամրագրվում: Քանի ամբարտակը կա, Արգիճի վրա մութ եւ սեւ ամպեր միշտ էլ կուտակված կլինեն», ասաց Վարդան Գալստյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ